Հայաստանում միասին , դրսում իրար դեմ. «Ժառանգությունը» «Դաշնակցության» դեմ պայքարում է Ստրասբուրգում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 3, 2010 0:26

«Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ իրականացնեն 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունները»,- հայտարարել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն:

Փետրվարի 2-ին տարածած հայտարարությունում՝ Պրեսկոտն ու Կոլոմբիեն նաեւ կոչ են արել Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ բարեփոխումներ իրականացնել 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի պատճառները քննելու վերաբերյալ, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր համապարփակ բացահայտել մարտյան իրադարձությունները: Համազեկուցողները նշել են, որ բարեփոխումները՝ մասնավորապես ոստիկանական ոլորտին վերաբերող, պետք է կատարվեն անհապաղ: Արդեն գարնանը Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն մտադիր են գալ Երեւան ու տեղում ծանոթանալ իրավիճակին:

ԵԽԽՎ պաշտոնական կայքի հրապարակման մեջ նշված է, որ համազեկուցողները մտադիր են նամակ հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույցը մարտի 17-ին կայանալիք մոնիթորինգի հանձնաժողովին տրամադրելու խնդրանքով:

Համազեկուցողների այս հայտարարությունը հաջորդել էր նախորդ շաբաթվա ընթացքում կայացած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստի լսումներին, որտեղ Հայաստանի հարցի վերաբերյալ մեր պատվիրակության անդամներից բացի՝ ելույթ էր ունեցել Ջոն Պրեսկոտը: Ինչպես արդեն Երեւանում տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը, նիստի ընթացքում Պրեսկոտը ներկայացրել էր իր գնահատականը խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ՝ Հայաստանի համար առաջնահերթություն համարելով ու կարեւորելով այն, թե ինչպես են կատարվելու ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունները: Լրագրողների հետ երեւանյան հանդիպման ընթացքում Հարությունյանը նշել էր նաեւ, որ ընդհանուր առմամբ համաձայն է համազեկուցողների դիրքորոշմանը: «Կարծում եմ, որ թե՛ մեր եւ թե՛ իրենց առաջնահերթությունները համընկնում են»,-հայտարարել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Սակայն մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցի քննարկումն ուղեկցվել էր սկանդալով՝ կապված մեր պատվիրակության մանդատների հետ:

Հայաստանում համատեղ միտինգներ ու բողոքի ակցիաներ կազմակերպող, հայ-թուրքական հարաբերությունների հարցում մեկ՝ ընդդիմադիր ճակատով գործող երկու կուսակցությունների` Դաշնակցության և Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները Ստրասբուրգում առճակատման մեջ են մտնում «իրական» ու «կեղծ» արժեքներ կրելու համար:

Այսպես, համաձայն ընթացակարգի՝ այն երկրները, որոնք գտնվում են մոնիթորինգի եւ հետմոնիթորինգային գործընթացներում, մոնիթորինգի հանձնաժողովում կարող են ունենալ միայն 2 ներկայացուցիչ, որոնք պետք է որոշվեն պատվիրակություններում: Հայաստանի պատվիրակության կազմում, սակայն «իրական ընդդիմության» դիրքերից ելույթ ունեցող միանգամից 2 անդամ է «ներկայացել»՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանն ու «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը: Այս երկուսի լեզվակռիվ-բանավեճը ստրասբուրգյան կուլիսներից տեղափոխվել է նաեւ նիստերի դահլիճ՝ փոխադարձ մեղադրանքներով, «իրական»-«կեղծ» ընդդիմություն պիտակավորումներով: Ըստ Փոստանջյանի՝ այսօր «ընդդիմադիրի մորթի հագած» ՀՅԴ-ն չէր կարող ԵԽԽՎ-ում ներկայացնել ընդդիմության կարծիքը, քանի որ 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ, ինչպես նաեւ նախորդող 10 տարիներին՝ Դաշնակցությունը իշխանության կոալիցիայի մաս է կազմել: Արմեն Ռուստամյանն էլ, իր հերթին, պնդում էր, որ պատմություն ունեցող յուրքանչյուր կուսակցություն իր գործունեության ընթացքում լինում թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության շարքերում՝ հիշեցնելով իր ընդդիմախոսին, որ դաշնակցությունը չի ստորագրել 2008-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը, խորհրդարանական խմբակցությունն էլ հատուկ կարծիք է ունեցել «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ, թեեւ դրել է իր ստորագրությունը դրա տակ:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում երկու ընդդիմադիրներն էլ ի վերջո հնարավորություն ստացել են արտահայտվելու՝ մեկը լիարժեք մանդատի, իսկ մյուսը՝ ջանասիրաբար «պայքարելու» արդյունքում:

Դիտվել է 1834 անգամ:
Print Friendly

Leave a Reply