«Ձեր աշխարհը». Ցմահ կալանավորը փախուստով արդարություն է փնտրում

Շաբաթվա լուր | | February 2, 2010 23:50

Մհեր Ենոքյանը 18 տարեկանում և 16 տարի անց նրա լուսանկարը` հրապարակված փախուստից հետո

«Մհերը, ձեռքերը շղթայված, պառկած էր անկողնում, սիստեմայի խողովակը քթին միացված, լուռ արցունքներն անընդհատ հոսում էին աչքերից, շատ հուսահատ վիճակում էր,- պատմում է Մարդու իրավունքների պաշտպանության հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով այցելել էր նրան` ձերբակալությունից հետո:

Իշխանյանի խոսքով՝ նա բժիշկների անընդհատ հսկողության տակ է, որ ինքնասպանություն չանի: Մհերը Իշխանյանին միայն ասել է, որ ոչ մի բանի չի հավատում ու ուզում է մեռնել:

Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանը բանտից փախչում է 2-րդ անգամ: Առաջին անգամ Գորիսի բանտից` 2004թ դեկտեմբերի 9-ին, 2-րդ անգամ մոտ երկու ամիս առաջ` 2009-ի դեկտեմբերին: Երկու անգամ էլ բռնվում է քաղաքի կենտրոնում:

Երկու անգամ էլ փախել է նույն խցում նստած իր ընկերոջ՝ Սողոմոն Քոչարյանի հետ: Սողոմոնին էլ բռնել էին Մուղնի գյուղում:

Նա հիվանդանոցում վիրահատվել է, քանի որ ձերբակալվելուց հետո հարցաքննության ժամանակ հանել է մոտը պահված դանակն ու ինքնասպանության փորձ արել` այն խրելով վիզը:

Այդ մասին նա ասել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ու մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արման Դանիելյանին, որ հարցաքննության ժամանակ ինքն է իրեն հարվածել ու սուր գործիքն այնպես է պահել, որ չեն գտել:

Ինչն է ստիպել 34-ամյա Մհեր Ենոքյանին երկու անգամ ճեղքել պետական համակարգի բարձրացրած պատերը ու փախչել բանտից, իսկ վերջին անգամ բռնվելուց հետո` ինքնասպանության փորձ անել:

Մհերը 14 տարի բանտում է, երբ կալանավորվել էր`19 տարեկան էր, բժշկականի ստոմատոլոգիական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող:
Նա դատապարտվել է մահապատժի իր ընկերոջը սպանելու մեղադրանքով, իսկ 2003 թվականին մահապատիժը վերացնելուց հետո նրա պատիժը փոխվել է ցմահ ազատազրկման:

1996թ հուլիսի 12-ին ժամը 17-ին Մհեր Ենոքյանը ընկերոջ, հանգուցյալ Իոսիֆ Աղաջանովի հետ գնացել է մյուս ընկերոջ Արամ Հարությունյանի տուն, որտեղ Իոսիֆը սպանվել է Արամի դանակի հարվածից: Քրեական գործով էլ է երևում, որ Արամը դանակը խրել է Իոսիֆի վիզը(ըստ դատաբժշկական փորձաքննության, Իոսիֆի մարմնի վրա հայտնաբերվել է 18 վնասվածք, որոնցից 6-ը կյանքի համար անհամատեղելի են եղել):

Արամը եղել է Մհերի կրտսեր եղբոր դասընկերը, իսկ Իոսիֆը` Մհերի համակուրսեցին: Արամն ու Իոսիֆն այդ օրը իրար առաջին անգամ են տեսել:
Ըստ Մհերի ցուցմունքի, ինքը Իոսիֆի հետ գնացել է Արամենց տուն, որ հետո երեքով գան իրենց տուն: Այստեղ Արամն ու Իոսիֆը վիճել են բուհերի ու դասագրքերի հետ կապված, հայհոյել ու սկսել են խփել իրար: Մհերը սկսել է բաժանել: Արդյունքում, Արամը կտրել է Իոսիֆի կոկորդը:
Դատավարության ժամանակ Արամ Հարությունյանը իրեն մեղավոր է ճանաչել և ստացել 15 տարվա ազատազրկում (մի տարի հետո կազատվի): Իսկ Մհեր Ենոքյանը մինչև վերջ իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատավճռով սպանությունը նախապես կազմակերպված է եղել և իբր Մհեր Ենոքյանը Իոսիֆի ոտքերը բռնել է և ասել Արամին, որ նրա վիզը կտրի: Մհերի մեղքը հիմնված է Արամի ու Արամի հոր ցուցմունքների վրա(հայրը ներկա չի եղել սպանությանը): Ըստ փաստաբանի ճառի, Արամ Հարությունյանը հինգ ցուցմունք է տվել` բոլորը իրար հակասող: Հինգերորդ ցուցմունքում դանակը հայտնվում է Մհերի ձեռքին:

Արամի տված ցուցմունքի հիման վրա, դատավճռով Մհերը հարվածել է Իոսիֆի ողնաշարի և գլխի հատման կետին, հետո փորձել է խեղդել նրան: Սակայն դատաբժշկական փորձագետը դատարանում ասել է, որ մեջքի այդ հատվածում հարվածի և Իոսիֆին խեղդելու հետքեր չկան:
Դատավճիռը 1996թ. նոյեմբերի 29-ին կայացրել է դատավոր Զինավար Ղուկասյանը, որտեղ, իր դատավճռով հիմնավորել է. «Մհերի մասնակցության աստիճանը, սպանության կազմակերպումը և բուն սպանության կատարման մեջ նրա ակտիվ դերը»:

Ըստ դատավճռի, նրանք սպանությունը կազմակերպել են, որ Իոսիֆի դիակի դիմաց նրա հորից 20 հազար դոլար պահանջեն:
Մհերի հայրը 65-ամյա Դավիթ Ենոքյանը ասում է, որ Մհերը շահադիտական նպատակով նման բան չէր կարող անել, քանի որ գումարի խնդիր չուներ, իրենք լավ էին ապրում, ստոմատոլոգիական կլինիկա ունեն, որը Մհերն էր ղեկավարելու` բժշկականը երկու տարի անց ավարտելուց հետո:
Նաև չկա պատասխանը, որ եթե նրանք շահադիտական նպատակ են ունեցել, ապա ինչու՞ են Իոսիֆի սպանվելուց անմիջապես հետո հանձնվել:
Մհերի մայրը` 35 տարվա մանկաբույժ Վարդուհի Օհանյանը մինչև հիմա էլ հիշում է`ինչպես այդ օրը Մհերը զանգել ու ասել է, որ քննությունը 5 է ստացել ու համակուրսեցուն հյուր է բերելու` հայրիկի ատամնաբուժարանն ու սպորտկոմպլեքսը ցույց տալու, ասել է` մայրը համեղ բան պատրաստի: Հետո էլ ասել է, թե բարձրանալու են յոթերորդ զանգված` Արամենց տուն, նոր գան (Ենոքյանները ապրում են հինգերորդ զանգվածում): Մհերի զանգի մասին այս փաստը դատարանն անտեսել է:

Մհերը պատանի հասակում պարապել է ըմբշամարտ, եղել է Երևանի չեմպիոն: Այդ փաստն օգտագործվել է նրա դեմ՝ որպես սպանության դրդապատճառ: Դատավճռում գրված է, թե նա Արամին կարատե (իրականում ըմբշամարտ) է սովորեցրել ու ասել, որ պետք է դաժան լինել ու համարձակ: Գրված է նաև, որ երիտասարդները մաֆիոզ խմբերի գործունեության մասին տեսաֆիլմեր են դիտել, վերլուծել: Իբր Մհերը մինչ սպանությունը մեկ տարի առաջ արդեն մտածել է առևանգելով փրկագին պահանջելու մասին, արդյունավետ չի համարել մաֆիոզների այն գործողությունները, որ մարդ են առևանգում ու փրկագին պահանջում, ասել է, որ նման դեպքերում ավելի խելացի ու մտածված կգործեր ու փորձել է Արամին մղել դեպի այդ գաղափարները:

Մհերի հայրն ասում է, որ այդ ժամանակ նրանք չէին կարող ֆիլմեր դիտել, քանի որ երկուսն էլ տեսամագնիտաֆոն անգամ չեն ունեցել:
Մհերի փաստաբան Մաթևոսյանը՝ մեղադրական եզրակացությունը համեմատել է գրական ստեղծագործության հետ, որտեղ չկան իրավաբանորեն հիմնավորված փաստարկներ:

Սպանության վկան կարող էր լինել Արամի քույրը, որ այդ ժամանակ տանն է եղել, սակայն նա չի ներկայացել դատարան՝ հիվանդ լինելու պատճառաբանությամբ:

Մհերի մայրը պատմում է, որ Արամի ծնողներն իրենց խնդրել են, որ դստերը չկանչեն դատարան:
«Խնդրեցին չխառնել այս գործին, ջահել է, ընտանիք կազմելու խնդիր կունենա,-պատմում է Վարդուհի Օհանյանը:-Մենք էլ որպես մարդ համաձայնվեցինք: Ինչ մտածեինք այդ պահին, որ միգուցե նրա ներկայությունն օգներ տղայիս»:

45 տարվա բժիշկ Դավիթ Ենոքյանը տղայի գործը վերանայելու համար բոլոր դատախազների հետ հանդիպել է, մերժում ստանալուց հետո աստիճանների վրա երկու անգամ ինֆարկտ է ստացել: Միայն հանգուցյալ դատախազ Հենրիկ Խաչատրյանն է խոստացել զբաղվել Մհերի գործով. «Խաչատրյանը հեռուստատեսությամբ ասաց, որ կան մահապատիժենր, որոնք պետք է վերանայել, ու որպես օրինակ բերեց տղաներիս գործը: Սակայն չհասցրեց բացել (Հենրիկ Խաչատրյանին սպանեցին 1998թ. oգոստոսին, իր աշխատասենյակում):
Ասում է, որ փորձել է մեկ ամիս նույնիսկ ինքնուրույն հետաքննություն վարել, որի ընթացքում սպառնացել են ընտանիքի անդամներին:
«Մի անգամ կլինիկա գալուց դռան վրա գրություն տեսա,- պատմում է նա,- գրել էին. շատ ես քիթդ կոխում ոչ քո գործերի մեջ, չես վախենու՞մ, որ կինդ լվացք փռելուց 8-րդ հարկից կընկնի»:

Ենոքյանը վախեցել է սպառնալիքներից ու դադարեցրել աշխատանքը: Տղայի համար փաստաբան վարձելու ու բանտում պերեդաչի տանելու համար վաճառել են նախկին տունը:

Գորիսից Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո Մհերը պահանջել էր, որ իր սենյակակիցը ծխող չլինի: Ինքը ոչ խմում է, ոչ ծխում, որ հազվագյուտ երևույթ է երկարաժամկետ պատիժ ստացած կալանավորների մեջ: Մայրը պատմում է, որ նրա վարքի վրա նույնիսկ զարմանում են բանտի աշխատակիցները. «նույնիսկ հացից հրաժարվելիս ասում էր` հանկարծ չթափեք, տարեք թող աղբամանների մոտ ման եկող մուրացկաններն ուտեն»: Բանտում Մհերը 700 էջանոց վեպ է գրել «Ձեր աշխարհը» վերնագրով: Գիրքը ռուսերեն լեզվով է: Փախուստից հետո ձերբակալելիս անվտանգության աշխատակիցները Մհերի եղբոր համակարգչից վերցրել են նաև այդ գիրքը:

Դիտվել է 3847 անգամ:
Print Friendly

Leave a Reply