Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայ-թուրքական հարաբերությունները սառեցված չեն»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 1, 2010 3:16

Ի տարբերություն տարածված կարծիքի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը այլևս կանգնեցված է, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ այն դեռևս շարունակություն կունենա: Միաժամանակ նա կարծում է, որ գործընթացի ճակատագիրն այս պահին որոշվում է ոչ թե Հայաստանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, այլ հենց Թուրքիայում` կոնկրետ Անկարայում:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այսօր Թուրքիայի համար դարձել է ներքին քաղաքականության հարց,- այսօր լրագրողներին ասաց Իսկանդարյանը,-Հայկական կողմն, անշուշտ ուզում է, որ թուրքական կողմը վերջապես կողմոնորոշվի իր անելիքների հարցում և հստակեցնի իր դիրքորոշումը. ուզու՞մ է վավերացնել արձանագրությունները, թե` ոչ»:

Իսկանդարյանն ասում է, որ հայ հասարակությունում Թուրքիան ընկալվում է որպես մոնոլիտ պետություն, որտեղ որևէ հարցում, մասնավորապես արձանագրությունների հարցում, կա որոշակի միակողմանի մոտեցում: «Սակայն դա այդպես չէ,- ասում է նա,- Թուրքիայում ԱԳ նախարարը կարող է ունենալ դիրքորոշում, որը չի համընկնում ասենք վարչապետի կարծիքի հետ: Կոնկրետ գործընթացի պահով, իմ կարծիքով, Դավութօղլուն կողմ է արձանագրությունների վավերացմանը, իսկ վարչապետ Էրդողանն ուզում է այդ ֆոնի վրա` ներքին քաղաքական դաշտում` իր օգտին որոշակի կոզրներ հավաքել»:

Ի՞նչ դեր ունի արտաքին ֆակտորի ազդեցությունը Թուրքիայում կայացվող որոշման վրա և գործու՞մ է արդյոք այդ ֆակտորը: Իսկանդարյանն ասում է, որ արտաքին ֆակտորը գոյություն ունի և Թուրքիայի վրա ճնշում են գործադրում բոլոր կողմերից: «ԱՄՆ ուղղակի դիվանագիտորեն է ազդում Թուրքիայի վրա,Ռուսաստանը ևս կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Եվրոպան մի փոքր ավելի փափուկ է ազդում,- ասում է Իսկանդարյանը,- և եթե հաշվի առնենք ԵՄ մուտք գործելու Թուրքիայի նկրտումները, ապա սա ևս ճնշում է: Սակայն հնարավոր է, որ թուրքական դիվանագիտությունը կայացնի մի որոշում, որը չի համընկնում միջազգային գերտերությունների կարծիքի հետ»:

Չցանկանալով մեկնաբանել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հայտարարությունը, որ արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեջլիս է ուղարկվել օրենքի նախագծի տեսքով, որտեղ արձանագրությունները մեկնաբանված են վերապահումով և առկա են հայկական կողմին ներկայացվող նախապայմաններ, Իսկանադարյանը «Անկախի» հարցին պատասխանեց. «եթե թուրքական կողմը վավերացնի արձանագրությունները, ապա դա կլինի արձանագրությունների այն տեքստը, որը վավերացված է Ցյուրիխում»:

Դիտվել է 1635 անգամ:
Print Friendly

Leave a Reply