Նաիրա Զոհրաբյանը մտածում է ծովափնյա մի փոքր քաղաքում տուն գնել ու կտրվել այս իրականությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Հարցազրույց, Օրվա լուր | | August 8, 2012 10:55

Զրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

7 ածականով բնութագրեք ձեզ:

Պարտաճանաչ, աշխատասեր, լսելու կարողություն ունեցող, հիմար եւ շատախոս մարդկանց տանել չկարողացող, ավելորդ քաղաքավարությանը զոհ չգնացող եւ մի քիչ էլ անհամբեր, ինչը, բարեբախտաբար, տարիքի հետ կարծես թե հաղթահարել  եմ։

Ճակատագիր կա՞, թե մարդը ինքն է որոշում ինչպես ապրել: Ձեր դեպքում ինչպե՞ս էր:

Անկասկած կա, սակայն միմիայն ծույլերն են ամեն ինչ թողնում ճակատագրի հույսին, որպեսզի իրենք ոչինչ չանեն։ Ես  հավատում եմ ճակատագրին, բայց նաեւ գիտեմ, որ մարդը միշտ կարող է ինչ որ բան փոխել իր ճակատագրում, եթե շատ ցանկանա ու ջանա։

Կյանքից ստացած դասեր:

Զայրացած ժամանակ երբեք որոշում չկայացնել։

Ձեր կյանքի հեքիաթը:

Ես իրատես մարդ եմ եւ հեքիաթների ու հրաշքների ոչ թե սպասում եմ, այլ փորձում եմ ինքս հասնել ինչ-որ բանի, ինչը առաջին հայացքից երբեմն նաեւ կարող է հեքիաթ ու հրաշք թվալ։

Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս կանանցից, պատգամավորներից եւ լրագրողներից:

Ես ես եմ՝ իրենք իրենք են։ Մենք բոլորս էլ տարբեր ենք ու այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իսկ քաղաքականությամբ զբաղվող որոշ կանանցից երեւի թե տարբերվում եմ նրանով, որ վստահաբար ասում եմ՝ կինը միայն մեկ դեպքում կարող է իրապես երջանիկ լինել,  եթե ունի  լավ ընտանիք, երեխաներ։ Ստում են բոլոր այն կանայք, ովքեր ասում են, թե իրենք երջանիկ են, որովհետեւ իրենց մասնագիտության մեջ  հաջողել են։  Դա պարզունակ բլեֆ է։

Առավելություններ եւ թերություններ:

Երբ դեռ երիտասարդ էի, իմ ամենամեծ թերությունը համբերության պակասն էր։ Հետո արդեն տարիքի հետ ձեռք ես բերում նաեւ  կարեւոր այն իմաստնությունը, որ հաղթում է նա, ով չի շտապում եւ ով ունի համբերություն սպասելու։ Անգամ շատ երկար։ ես հաղթահարել եմ այդ թերությունն ու հիմա համբերությունը համարում եմ իմ ամենամեծ առավելությունը։

Ձեր խոցելի կողմերը:

Անխոցելի մարդ չի լինում։ Սակայն տարիքի հետ գալիս է նաեւ ինքնապաշտպանական մեծ ռեսուրս եւ դու արդեն շատ ավելի ճիշտ ես կարողանում  ՙպատնեշել՚   քո խոցելի կողմերը։

Ի՞նչը չեք ներում ձեզ:

Զայրացած պահերին որոշում կայացնելը։ Քո ցանկացած որոշումը պետք է լինի սթափ  գնահատված եւ կշռադատված։ Էմոցիան երբեք չպիտի դեր խաղա որոշում կայացնելիս։

Ի՞նչ սխալներ եք գործել:

Անսխալական մարդ չկա։ Մենք հաճախ ենք սխալվում եւ ես երբեք ավելորդ բարդույթ չեմ ունեցել իմ սխալն ընդունելու եւ դրա համար ներողություն խնդրելու։

Ինչի՞ համար եք զղջում:

Մեծ առումով՝ ոչ մի բանի։

Ի՞նչ երբեք չեք անի:

Հանուն ոչ մի բանի խղճիս եւ հոգուս հետ գործարքի չեմ գնա։

Երբեւէ ամաչե՞լ եք ինչ-որ ձեր արածի կամ ասածի համար:

Շատ անգամներ։

Ինքներդ ձեզնից գո՞հ եք:

Երբեմն այո, երբեմն՝ ոչ։

Ամենաշատը ինչ թեմաներով եք ստիպված լինում սուտ ասել կամ խաբել ինչ-որ մեկին:

Աշխատում ես սուտ չխոսել։ ես ավելորդ բարդույթներ չունեմ եւ սովոր եմ մարդկանց երեսին ասել ճշմարտությունը, անգամ եթե դա դիմացինի համար առանձնապես հաճելի չէ։

Անկեղծ ասած…

Անկեղծ ասած՝ երբեմն շատ եմ հոգնում ու մտածում եմ ծովափնյա մի փոքր քաղաքում տուն գնել ու կտրվել այս իրականությունից։ Կարծում եմ՝ մի քանի տարի հետո ես հենց այդպես էլ կանեմ։

Զայրանում եք…

Հիմար եւ սնամեջ մարդկանց ներկայությունից։

Հոգնում եք…

Հաճախ եմ ստիպված լինում լսել շատախոսների, որոնք ինձ անասելի հոգնեցնում են։

Հուսահատվում եւ հիասթափվում եմ…

Երբ տեսնում եմ թե ինչպես է ամեն օր փոխվում մեր արժեքային համակարգը,   երբ տեսնում եմ, թե ինչպես է հիմարությունն ու տգիտությունն իր համար ճանապարհ հարթում  մագիլներով ու քծնանքով։

Ինչպե՞ս եք լիցքաթափվում, օրինակ` ձեզ կարելի՞ է տեսնել որեւէ կարաոկեյում երգելիս:

Երբեք։ Նման բան անգամ ամենավատ երազում հնարավոր չէ պատկերացնել։ ես տանել չեմ կարողանում աղմկոտ վայրեր։ Ինձ համար լավագույն հանգիստը տանը գիրք կարդալը,  կամ գրախանութ գնալն է։ Իսկ եթե Եվրոպայում եմ, ապա սիրում եմ խանութներով շրջել, անգամ եթե որեւէ բան չեմ գնելու։

Հաջողության հասնելու երեք պայման:

Համբերություն, աշխատասիրություն եւ իհարկե՝ Աստծո կամք։

Ինչի՞ց եք տխրում եւ ուրախանում:

Հիմա իմ ամենամեծ ուրախությունն իմ թոռնիկն է։ Իսկ տխրում եմ, երբ տեսնում եմ, որ  քաղաքական դաշտում, որոշումներ կայացնողների շարքերում ինտելեկտի հետ, շատ մեղմ ասած, պրոբլեմներ ունեցողների տեսակարար կշիռն ավելանում է։

Որեւէ մեկը կա, ում դուք ձեզ նմանեցնում եք, օրինակ` հայտնի մարդկանցից;

Ես երբեք կուռքեր չեմ ունեցել։

Հայաստանի պատմության մեջ ամենալավ քաղաքական գործիչը ով՞ է:

Լավագույն հայ քաղաքական գործիչը  կդժվարանամ ասել, թե ով է, բայց ինձ համար ամենամեծ հայը Հրանտ Մաթեւոսյանն է։

Լավագույն խոսքը:

Տեր Աստված, տուր ինձ ոչ թե այն, ինչ ես եմ ուզում, այլ այն՝ ինչ ինձ իրապես հարկավոր է։

Լավագույն մարդը:

Հայրս։

Վերջին կարդացած գիրքը:

Քոհենի բանաստեղծությունների ժողովածուն։

Խոհանոցում ի՞նչ եք պատրաստում եւ ի՞նչ չեք կարողանում պատրաստել, կամ տնային գործերից որո՞նք եք տհաճությամբ անում:

Եթե ունեմ ցանկություն եւ տրամադրություն,  ապա ամեն ինչ էլ հաճույքով կարող եմ պատրաստել։

Մանկության չիրականացած կամ իրականացած երազանքը։

Չիրականացած երազանք կարծես թե չունեմ։ Ու դրա համար անչափ շնորհակալ եմ Աստծուն:

Ձեր հանդերձարանը: Հայելու առջեւ:

Մուգ գույներ։ Աշխատանքից դուրս՝ ջինս եւ զոլավոր բլուզներ։

Երբեւէ ձեր սուրճի բաժակը նայե՞լ են, գուշակների այցելե՞լ եք:

Ոչ։ Աշխատում եմ տխմարությամբ չզբաղվել։

Ինչքա՞ն փող կամ ի՞նչ հարստություն կցանկանայիք ունենալ, որ չունեք:

Այնքան,  որ իմ ընտանիքի ու իմ հարազատների բոլոր կարիքները հնարավոր լիներ հոգալ։ Սակայն շատ հարուստ երբեք չէի ցանկանա լինել։

Ամենառոմանտիկ օրը:

Չեմ հիշում։ երեւի մեծացել եմ։

Ասում են`իսկական տղամարդը չի խմում, չի ծխում , չի խաղում, երբեք չի վիճում  ու պարզապես գոյություն չունի։  Իսկ ո՞վ է իսկական տղամարդն ըստ ձեզ:

Ուժեղ,  խելացի եւ տաղանդավոր։

Ձեր ընտանիքը

Ես շատ լավ ընտանիք ունեմ , բայց իմ ընտանիքի անդամները չեն սիրում,  երբ ես քաղաքականությունից դուրս այլ թեմայով հարցազրույց եմ տալիս։

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորին խնդրել ենք մեկ հարց ուղղել շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին: Եւ Էդմոն Մարուքյանը ձեզ հարցնում է` ո՞րն է ձեր կյանքի ամենահամարձակ քայլը: (նա չգիտեր, որ հաջորդը դուք եք լինելու-NEWS.am):

Իմ բոլոր քայլերը համարձակ են։ ես վախվորած քայլեր չեմ անում։

Այժմ նշեք, թե դուք ինչ կցանկանայիք հարցնել շարքին մասնակցող մյուս պատգամավորին, որը չգիտեմ, թե ով կլինի:

Ինչո՞ւ է որոշել պատգամավոր դառնալ։ Միայն թե չասի՝ ժողովրդի հոգսը թեթեւացնելու համար։

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում հնաբնակներից է: Նա գերազանցությամբ ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը, միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ: Աշխատել է որպես լրագրող «Ար», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» պարբերականներում, «Հայկական ժամանակ» օրաթերթի քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Վերելք» քաղաքական հաղորդաշարի հեղինակ-վարող: Ունի մեկ դուստր:

Ինգա Մարտինյանի

 

NEWS.am

Դիտվել է 2608 անգամ:
Print Friendly

Leave a Reply