ՈՒԿՐԱԻՆՈՒՀԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ՖՐԱՆՍԻԱՑԻՆ Յուլյա Բեբիաժի սրտի բանալին Գերմանիայում է

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | August 16, 2012 7:53

Յուլյա Բեբիաժը 25 տարեկան է, սովորում է Գերմանիայի Աախենի համալսարանում:

Ուկրաինացի աղջիկը մի օր որոշեց մեկնել արտասահման` սովորելու: Ծնողները խրախուսեցին աղջկա որոշումը, իսկ նա իր ընկերոջ (հիմա արդեն ամուսնու) խորհրդով դիմեց Աախենի համալսարան: Այս օրերին Յուլյան և նրա ամուսինը Երևանում են: Մենք զրուցեցինք թե՛ Գերմանիայի լավագույն կրթօջախներից մեկի՝ Աախենի համալսարանի, թե՛ Եվրոպայի մասին: Յուլյա Բեբիաժը խոսեց նաև Երևանից ու երևանցիներից...

 Յուլյա, ողջույն: Մեր երկար սպասված հանդիպումը կարծես թե կայացավ:

Այո, ես շատ ուրախ եմ: Մեր ընտանիքի լավ բարեկամն ու ընկերը, ինչպես նաև ձեր ընկերը առաջարկեց մեզ այս ամառն էլ անցկացնել Երևանում: Այնքան տպավորիչ բաներ ասաց, որ չկարողացանք մերժել ու եկանք:

Ասեմ, որ ժամանակը շատ կարճ է, ընդամենը 10 օրով ենք եկել Երևան: Տեսարժան մի քանի վայրեր գնացինք: Բայց քանի որ մի քիչ պասիվ հանգստի սիրահար ենք, ես և ամուսինս որոշեցինք հիմնականում մնալ Երևանում, շրջել փողոցներում, որոնք հետաքրքիր ու յուրօրինակ են: Տները փոքրիկ են՝ ուս ուսի տված, ինչպես բնակիչները, որոնք տասնամյակներ համերաշխ կողք կողքի ապրում են:

Հայերը, իմ կարծիքով, ժպտերես են ու բարի…

Ասում են` յուրաքանչյուր երկրի այցեքարտն իր օդանավակայանն է: Ի՞նչը Ձեզ զարմացրեց մեր «Զվարթնոց» օդանավակայանում:

– Մեզանից յուրաքանչյուրն, ըստ իս, ինքնաթիռից դուրս գալիս խորը շնչում է «նոր» օդը` հագեցած նորություններով, փոփոխություններով, հույսերով ու նպատակներով: Ես արդեն ինքնաթիռում պատկերացնում էի, թե ինչպիսին կլինի իմ 10 օրվա կյանքը` նոր բացվող առավոտն ու երեկոն, նոր ընկերներս, ծանոթներս… Միաժամանակ ուրախանում ու անհանգստանում էի: Տպավորիչ էր, օրինակ, Գերմանիայի օդանավակայանը: Այն ինձ համար յուրօրինակ մի վայր էր, որն անցյալս կապելու էր ներկայիս ու ապագայիս, կարծես թե կապելու էր իմ հին ու նոր կյանքերը: Երևանում ինքնաթիռը վայրէջք կատարեց կեսգիշերն անց, ու ես ավտոմեքենայի պատուհանից հասցրեցի տեսնել միայն երևանամերձ խաղատների շքեղ լույսերը, այնուհետև առաջին կանգառը եղավ Հանրապետության հրապարակը: Այն մեծ տպավորություն թողեց:

Բայց արի անցնենք Գերմանիա: Ինչո՞ւ ընտրեցիք հենց Աախենի համալսարանը:

– Գիտեք, Եվրոպական համալսարանները միշտ էլ աչքի են ընկել կրթության բարձր որակով: Յուրաքանչյուր ուսանող ցանկություն ունի սովորելու եվրոպական որևէ բուհում: Բացի այդ, արտասահմանում սովորելը օտար լեզու սովորելու մեծ հնարավորություն է տալիս, քանի որ ամբողջ օրն անցնում է, այսպես ասած, «լեզուն կրողների» շրջանում: Իսկ թե ինչու ընտրեցի Գերմանիան և ոչ թե, ասենք, Ֆրանսիան, հետաքրքիր պատմություն ունի: Գերմանիայում` հենց այս համալսարանում, սովորում է ընկերս, հետևաբար իմ տեղեկություններն այս համալասարանի մասին վերացական չէին:

 Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ծնողները, երբ ասացիք, որ ցանկանում եք սովորել Գերմանիայում:

– Ծնողներս ենթագիտակցորեն պատրաստ էին նման իրավիճակին, քանի որ արտասահմանում ուսումնառության թեման մեր տանը բազմիցս շոշափվել էր: Բոլոր ծնողներն էլ իրենց երեխաներին լավ ապագա են ցանկանում` հեռանկարային մասնագիտություն և բարձր դիրք հասարակության մեջ: Սա էր պատճառը, որ Գերմանիայում սովորելու իմ որոշումն առանց որևէ քննարկումների հավանության արժանացավ: Իհարկե, ինչպես բոլոր ծնողները, իմ հայրն ու մայրը նույնպես չէին թաքցնում իրենց տխրությունը, քանի որ շուրջ երկու տարի ինձ չէին տեսնելու:

Նրանք շատ են կարոտում ինձ, ու անհամբեր սպասում են վերադարձիս:

 Իսկ ինչպիսի՞ն են գերմանացի ընկերներդ, մերվե՞լ ես արդեն շրջապատին 

– Ես համոզված եմ, որ Գերմանիայի երիտասարդությունն առանձնապես չի տարբերվում Ուկրաինայի երիտասարդությունից: Նրանք նույնպես աշխույժ են, ուզում են կյանքից վերցնել ամեն ինչ, ունեն իրենց ընկերական շրջապատն ու հետաքրքրությունները և հաճույքով իրենց շրջապատ են թողնում նաև նոր մարդկանց, հիմնականում` արտասահմանցիների:

Իհարկե, կարելի է նրանց հասկանալ, մենք արտասահմանցի ենք, հետևաբար այլ երկրի մշակույթի, սովորությունների կրող, իսկ երիտասարդները ձգտում են նորությունների` միաժամանակ խուսափելով ու զգուշանալով:

Անկասկած, ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանաս ճանաչել մարդուն ու ընկերանաս նրա հետ: Թեև շատերն են հետաքրքրվում մեր հաջողություններով, օգնություն առաջարկում, բայց դեռևս ոչ ավելին:

Կարծում եմ` այդպես կվարվեր մեզանից յուրաքանչյուրը արտասահմանցիների նկատմամբ` գտնվելով իր իսկ երկրում: Հատկանշական է նաև այն, որ արտասահմանցի ուսանողները հիմնականում ընկերներ են գտնում այլ արտասահմանցի ուսանողների շրջապատում: Ես, օրինակ, ձեռք եմ բերել հիանալի ընկերներ Հայաստանից՝ Լիլիթը (ի դեպ, հենց Լիլիթի շնորհիվ տեղի ունեցավ մեր հանդիպումը,- հեղ.), Չինաստանից՝ Կանգը Ցյուն: Գերմանացի ընկերներ դեռևս չունեմ, բայց համոզված եմ` դա ժամանակի հարց է: Դեռ մեկ տարի սովորելու եմ…

Ի՞նչ դրական ու բացասական կողմեր կառանձնացնեք

– Ինձ համար Գերմանիայի կրթական համակարգն ամբողջովին նոր էր: Սա է պատճառը, որ շատ  հաճախ խնդիրներ են առաջանում սովորելու տեմպի, մատուցվող նյութի ծավալի պատճառով: Բայց հիմնականում գիտես, որ ունես քո առջև դրված նպատակ ու պիտի քայլես դեպի այն:

Սկսեմ նրանից, թե ինչն է  ինձ դուր գալիս  համալսարանում: Առաջին` այն  հսկայական է և երբեմն թվում է, թե քաղաքում միայն ուսանողներ են ապրում: Դա հիանալի  է, քանի որ միշտ շրջապատված ես երիտասարդ, աշխույժ, կենսուրախ մարդկանցով: Նրանք կարող են ուղղակի նստել միջանցքներում, հաց ուտել աստիճաններին նստած և չանհանգստանալ, որ կեղտոտ կոշիկներ ունեն: Երկրորդ` մեզ ավելի վստահ ենք զգում, քանի որ մեր կողքին կան շատ այլ երկրների ուսանողներ: Երրորդ` ուսանողական տոմսը. այն հնարավորություն է տալիս անվճար երթևեկելու ողջ երկրամասում, օգտվելու տարբեր զեղչերից, օրինակ` կինոյում կամ թանգարաններում:

Հիմնականում բողոքում եմ (ինչպես այստեղ սովորող յուրաքանչյուր ուսանող) նրանից, որ ստիպված ես օրական 15-16 ժամ սովորել: Միշտ մխիթարվում եմ այն մտքով, որ միայն ես չեմ այսպես ծանրաբեռնված, և այս ամենն անպայման ապագայում դրական արդյունք կտա: Բացի այդ, ինձ ընդհանրապես դուր չի գալիս ուսումնական ձեռնարկների, դասագրքերի բացակայությունը, որոնցում պարզ ձևակերպված կլիներ անհրաժեշտ տեղեկությունը: Պատճեններով լի թղթապանակներն ու գրադարանները մեր լավագույն ընկերներն են առաջիկա տարվա ընթացքում:

Ինչո՞վ են տարբերվում գերմանացի և ուկրաինացի ուսանողները:

– Մենք` արտասահմանցիներս, ավելի բաց ենք շրջապատի առջև, ավելի հեշտ ենք ընդունում նորությունները: Գերմանացիները հակառակը. ինչպես փորձն է ցույց տվել, ոչ մի դեպքում չեն հրաժարվի իրենց սովորություններից:

Ինչպիսի՞ն են ուսանողդասախոս հարաբերություններըՓորձեք համեմատել Ուկրաինայի հետ:

– Տարբերություն անկասկած կա: Օրինակ` ոչ մի դասախոս Ուկրաինայում իր դասախոսությունը երբեք չի սկսում ինքնակենսագրությունից, չկան նաև դասախոսներին գնահատելու հարցաթերթիկներ, որոնց այստեղ չափազանց մեծ ուշադրություն են դարձնում: Մեզ համար դա անսովոր է, նրանց համար՝ պարտադիր պայման:

Գերմանիայի հետ կապված հետագա պլաններ ունե՞ք:

– Իհարկե, շատ եմ ուզում հասնել իմ առջև դրված բոլոր նպատակներին` ավարտել համալսարանն ու լավ պրակտիկա անցնել Գերմանիայում: Բացի այդ, արդեն իմ ամուսինը մեծ հեռանկարներ է տեսնում Գերմանիայում, հետո արդեն կորոշենք, թե աշխարհի որ երկրում ավելի լավ պայմաններով կարող ենք ապրել, աշխատել ու դաստիարակել մեր ապագա երեխաներին: Դեռևս այսպիսին են Գերմանիայի հետ կապված իմ ծրագրերը, բայց կյանքը լի է անակնկալներով ու անսպասելի որոշումներով:

Օրինակ՝ ի՞նչ անսպասելի որոշում եք կայացրել Երևանում:

– Միայն Երևան գալն արդեն կարելի է ասել, որ անսպասելի որոշում էր: Ամուսինս որոշել էր, որ պետք է այս ամառն անցկացնեինք Եգիպտոսում: Բայց ես հաղթեցի, մենք եկանք Երևան: Հանդիպեցի ընկերուհուս, որին արդեն հասցրել էի կարոտել: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ երբ ծնողներիս ասացի` գնում ենք Հայաստան, նրանք զարմացան: Համակարգչի էկրանից տեսնելով նրանց դեմքի արտահայտությունը` հասկացա, որ պետք է այլ բան ասեի, գուցե խաբեի: Գիտե՞ք ինչու: Որովհետև ծնողներս անչափ երջանիկ կլինեն, որ մենք մի 10 օրով գնանք Ուկրաինա: Բայց ես նրանց հուսախաբ չարեցի: Մեր հաջորդ կանգառը հենց մեր տունն է:

Ի դեպ, Ձեր ամուսինն է՞լ է Ուկրաինայից:  

– Ոչ, իմ ամուսինը շատ ժամանակ ասում է, որ աշխարհաքաղաքացի է: Գիտեմ, որ նրա երակներում նաև հայի արյուն է հոսում: Նա ապրում էր Ֆրանսիայում: Այսինքն՝ ծնվել ու մեծացել է Մարսելում, մեծ պապիկի հայրն է հայ եղել. գաղթի տարիներին եկել և հաստատվել են Ֆրանսիայում:

Մեր հանդիպումն, ի դեպ, շատ առեղծվածային եղավ: Նա եկել էր Գերմանիա ու ցանկանում էր սովորել հենց մեր համալսարանում: Բոլոր աղջիկներին հերթով և հատուկ ուշադրությամբ «զննում» էր. ես ցանկանում էի առանձնապես աչքի չընկնել: Չնայած նա չընդունվեց համալսարան, բայդ գրավեց իմ սիրտը: Անցած տարի ամուսնացանք Փարիզում:

Յուլյա, վերջին հարցը. ի՞նչ տպավորություններով կհեռանաք մեր երկրիցՉէ՞ որ հաշված օրեր են մնացել:

– Ես իմ տպավորությունները ձեզ կհայտնեմ մեր հաջորդ հանդիպմանը, քանի որ Երևանն ինձ ու ամուսնուս այնքան դուր եկավ, որ վստահ եմ՝ առաջիկայում էլի կհյուրընկալվենք: Եթե, իհարկե, Լիլիթը դեմ չէ: Տպավորություններս շատ վառ են: Հավատացեք` ձեր երկիրը Եվրոպայից որևէ բանով հետ չէ: Հակառակը, շատ առաջադեմ է: Միայն երևանցիներն են մի քիչ ամաչկոտ, դա էլ Լիլիթն ասում է, որ հայի տեսակից է:

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Դիտվել է 2698 անգամ:
Print Friendly

Leave a Reply