«Հայ ասպետը» ձևականորեն կա եթերում, բայց միաժամանակ չկա». Կարին Տոնոյանը՝ Հ1-ի անհասկանալի վերաբերմունքի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 8, 2012 7:50

Արդեն 4 տարի է`  Հանրային հեռուստաընկերության եթերում է «Հայ ասպետ» հեռուստախաղը, որը մեր հեռուստատեսային մռայլ իրականության ամենալուսավոր կետերից մեկն է: «Հայ ասպետի» նկատմամբ բավականին դրական է նաև իշխանությունների վերաբերմունքը, և պատահական չէ, որ հեռուստախաղը ֆինանսավորվում է կրթության և գիտության նախարարության կողմից:

«Ընդհանրապես «Հայ ասպետին» բոլորն են մեծ տեղ տալիս, բայց ինչ-որ մարդկանց չինովնիկական մտածողության պատճառով այն կամաց-կամաց եթերից դուրս է մղվում: Այսօր հեռուստախաղն ավելի շատ յութուբով են նայում, քան Հանրայինով»,- «Անկախին» իր մտահոգությունն է հայտնում  հեռուստախաղի հիմնադիր և վարող, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:

Հանրային հեռուստաընկերության տնօրինության որոշմամբ «Հայ ասպետ» հեռուստախաղը հուլիսի կեսերից մինչև օգոստոսի վերջը Հանրայինի եթերում չի լինի: Կարին Տոնոյանի խոսքով` դա հիմնավորվում է նրանով, որ օլիմպիադա է, և հեռուստաեթերը բազմազբաղ է: Նախորդ տարիներին «Հայ ասպետը» արձակուրդային ամիսներին եթեր է հեռարձակել տարվա լավագույն խաղերի իր ընտրանին: «Այս տարի մենք նպատակ ունեինք արձակուրդներին կրկնել մեր նոր՝ «Ասպարեզ» հեռուստախաղը, բայց ինչպես ասում են, տերն է որոշում, թե ինչ եթեր հեռարձակի»:

Ի դեպ, «Ասպարեզը», որը նույնպես մեծ հետաքրքրություն է առաջացրել հեռուստադիտողների շրջանում, «Հայ ասպետի» շարունակությունն է: Յուրաքանչյուր ամսվա վերջին «Ասպարեզում» անհատական մրցապայքարով մասնակցում են նախորդ երեք «Հայ ասպետ» հեռուստախաղերից  ընտրված լավագույն մասնակիցները:

Կարին Տոնոյանն անգամ կասկածում է, որ Հանրայինի ղեկավարությունը նկատել է իր հեռուստաեթերում նոր խաղի առկայությունը:

«Անկախը» փորձեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանից պարզել արձակուրդային ամիսներին հեռուստախաղի կրկնություններին եթեր չտրամադրելու պատճառը: «Չորս տարին մեկ աշխարհում տեղի է ունենում օլիմպիադա, և դա ենթադրում է եթերային ցանցի փոփոխություն: Շատ ծրագրեր կան, որոնք գնացել են արձակուրդ: Հիմա ի՞նչ, եթե ամառային արձակուրդի մեջ են, մենք էլ ունենք օլիմպիադայի խնդիր, ի՞նչ պիտի անեինք»,-պարզաբանում է նա՝ խորհուրդ տալով ամեն ինչ չծայրահեղացնել, քանի որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչքան թվում է:

Ամեն ինչ «ծայրահեղացնելու» հարկ գուցե չլիներ, եթե «Հայ ասպետ»-ի հեռուստաժամի փոխարեն Հ1-ի եթերում չլիներ «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը:

Կարին Տոնոյանը կարծում է, որ հեռուստաընկերության ղեկավարությունը հեռուստախաղը հնարավորինս սահմանափակելու ակնհայտ քաղաքականություն է վարում: «Հայ ասպետը» ձևականորեն կա եթերում, բայց միաժամանակ չկա,-ասում է նա,- ճիշտ է, խաղն ընդհանրապես չեն հանում եթերից, քանի որ դրա համար պատասխան պետք է տան գոնե պետական այն կառույցին, որը դրա համար վճարում է, սակայն ամեն ինչ անում, են, որ այն հետին պլան մղվի»:

Նման եզրակացության գալու պատճառներից մեկն էլ, ըստ Տոնոյանի, այն է, որ դեռևս տարվա սկզբից հեռուստախաղի կրկնությունը դադարեցվել է. «Չգիտես՝ ում որոշմամբ, ում հետ համաձայնեցված, մեզ անգամ այդ մասին տեղեկացնելու հարկը չհամարած, կրկնությունը հանեցին: Ստացվում է, որ պետական բավականին մեծ միջոցներով պատրաստվող հեռուստախաղը պետական հեռուստաալիքով ընդամենը մեկ անգամ է եթեր տրվում, մինչդեռ բազմաթիվ էժանագին սերիալներ և հաղորդումներ օրը մի քանի անգամ կրկնվում են: Երբեմն պատահում է, որ երկուշաբթի օրերին՝ առավոտյան ժամը 7-ին կամ 8-ին, կրկնությունը դնում էին, ինչը ծաղր է. այդ ժամին ոչ ոք չի նստի ու հեռուստախաղ դիտի»:

Հեռուստախաղի անոնսը նույնպես եթերից բացակայում է, սակայն դա արվել է Կարին Տոնոյանի որոշմամբ. ինչպես ասում են՝ դանակը ոսկորին է հասել. «Անոնսը հեռուստահաղորդման այցեքարտն է: Հանրայինի ղեկավարությունը որոշել է, որ մեր հեռուստախաղի անոնսը պետք է եթեր գնա միայն ուրբաթ և շաբաթ օրը, այն դեպքում, երբ էժանագին շոուների անոնսը օրական մի քանի անգամ է կրկնվում: Մենք պարզապես հանեցինք անոնսը, որովհետև վիրավորանքն արդեն հնարավոր չէր տանել: Այժմ անոնսի դերը մենք ենք հեռախոսազանգերի միջոցով կատարում»:

Տոնոյանը չի կարողանում մեկնաբանել Հանրայինի ղեկավարության նման վերաբերմունքը. «Ես միայն անձի հետ կարող եմ կապել,- նկատում է նա,- բազմիցս փորձել եմ հանդիպումներ ունենալ ղեկավարության հետ, բայց ապարդյուն»:

Խաղի վերաբերյալ պայմանագիր կնքված է ոչ թե հեռուստաընկերության և «Հայ ասպետ» հիմնադրամի, այլև հեռուստաընկերության և ԿԳ նախարարության միջև, և ցանկացած խնդիր հեռուստաընկերությանը պետք է ներկայացվի նախարարության միջոցով, ինչը երբեմն ավելորդ դժվարություններ է առաջացնում և անարդյունավետ դարձնում գործընթացը:

Նշենք, որ «Հայ ասպետ» հեռուստախաղի աշխատակազմը բաղկացած է 27 հոգուց: Կրթության և գիտության նախարարությունը տարեկան 67 մլն դրամ է հատկացնում հեռուստախաղին: Տարեկան մի քանի միլիոն դրամի ռեսուրս էլ՝ տեխնիկա, աշխատուժ և այլն, տրամադրում է Հ1-ը: «Սա նշանակում է՝ ոսկի արտադրել և դեն նետել,- համեմատում է Տոնոյանը,- Հանրայինի ղեկավարությունը մեզ երբեմն մեկնաբանում է, թե իբր հեռուստախաղը վարկանիշ չունի:  Բայց եթե դուք ներս եք մտնում, սեղանին դրված է էժանագին ինչ ուզեք, իսկ ոսկին թաքնված է գրքերի ետևում, ո՞րը կընտրեք, պարզ է՝ այն, ինչ տեսանելի է»:

Վերջերս Կարին Տոնոյանին են դիմել մարզային մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ՝ առաջարկելով իրենց եթերում ցուցադրել «Հայ ասպետի» նկարահանված և ցուցադրված խաղերը: Տոնոյանը սիրով է ընդունել առաջարկը: Ի դեպ, հարցազրույցի ընթացքում հնարավորություն ունեցանք զրուցելու նաև այդ նպատակով «Հայ ասպետ» հիմնադրամ եկած «Քյավառ» հեռուստաընկերության մշակութային հաղորդումների պրոդյուսեր Գրիգոր Դաշտոյանի հետ: Վերջինս փաստեց, որ  Հ1-ի մեկանգամյա հեռարձակումը՝ այն էլ ցերեկվա ժամերին, շատ հեռուստադիտողների հնարավորություն չի տալիս դիտելու հեռուստախաղը: «Մեր լավագույն հեռուստաժամերը ութից մինչև տասն են, և մեր լավագույն հաղորդումները՝ հատկապես ուսուցողական, այդ ժամերին ենք ցուցադրում,- ասաց նա,- «Հայ ասպետը» և՛ ուսուցողական է, և՛ կրթական և թե՛ դաստիարակչական, ուստի մեր հեռուստաընկերությունը պատրաստակամություն է հայտնել հեռուստահաղորդումն անվճար հեռարձակել լավագույն ժամերին, իսկ առավոտյան կլինի նաև կրկնություն»:

«Քյավառ» հեռուստաընկերությունը դիտում է գրեթե ողջ մարզը, այն ունի մոտ 230 հազար հեռուստադիտող:

Տոնոյանը խոստովանում է, որ այլևս անիմաստ է համարում Հանրային հեռուստաընկերության ղեկավարության նման վերաբերմունքի դեմ պայքարելը, իրենք պարզապես կշարունակեն անել իրենց գործը, որը նախ և առաջ բարձր է գնահատում սովորական քաղաքացին. «Պարզապես ինձ համար անհասկանալի է թիկունքիդ ունենալ պետության հարգանքն ու սերը և դիմացդ ունենալ խոչընդոտ, այն էլ՝ պետական հեռուստաալիքից»:

Ինչ վերաբերում է վերջերս հանրության շրջանում հեռուստաեթերի վերաբերյալ ակտիվ քննարկումներին, Տոնոյանը լիովին համամիտ է բարձրացված մտահոգություններին: Նրա կարծիքով` ամեն ինչ սկսվում է Հանրային հեռուստաընկերությունից. «Պետական հեռուստաալիքի աշխատանքային անձնակազմի ընտրությունը պետք է վերահսկվի, պատահական մարդիկ չպետք է այնտեղ աշխատեն: Նրանք պետք է ունենան պետականամետ մտածողություն, ոչ թե պատեհաամետ»:

Ինչ վերաբերում է մասնավոր հեռուստաընկերություններին, ապա նա ծիծաղելի է համարում այն տեսակետը, թե մասնավորների վրա հնարավոր չէ սահմանափակումներ կիրառել. «Եթե հեռուստաընկերությունը գտնվում է որոշակի պետության տարածքում, ապա պարտավոր է ենթարկվել պետականորեն սահմանված չափանիշներին և իր ազատությունները հարմարեցնել տվյալ ժողովրդի, հասարակության շահերին: Հակառակ դեպքում մենք պետություն չենք դառնա, այլ կդառնանք ինչ-որ հեղհեղուկ հասարակություն, որի վերջը Բաբելոնն է»:

Դիտվել է 9909 անգամ:
Print Friendly

Leave a Reply