Վրացական ֆաշիզմ. «Ինչքան հայ կա, դիփ վրացի դառան»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | November 12, 2009 17:59
Ռաֆիկ Հակոբյան

Ջութակահար 76-ամյա Ռաֆիկ Հակոբյանն, որ նվագել է Լեոնարդ Կոհենի հետ, հիշում է, որ երիտասարդ տարիներին, երբ ջութակ էր նվագում «Ցախաթվելո» ռեստորանում, նախագահ Գամսախուրդիայի հայրը հաճախ էր գալիս էնտեղ ընկերների հետ ու ամեն առաջին բաժակը Ստալինի կենացը խմելուց հետո` երկրորդ բաժակից, հայհոյում էր հայ ազգին:

«Ադա հայ ե՞ս, բա դե միանգամից ասա է~, տո~», – ձեռքը թափ տալով` այսպես արձագանքեց թիֆլիսեցի տաքսիստը, հենց լսեց ընկերոջս հետ հայերեն հեռախոսազրույցը: Նա ինքն էր կարծել թե վրացի ենք ու առաջինը «գամառ ջոբա» (բարեւ):

Տաքսիստ Կարոն` Կարապետ Ղազարիշվիլին  նախկինում հայկական ազգանուն է ունեցել`Ղազարյան: Քանի չէի հարցրել, թե ինչու է ազգանունը փոխել, վրացիներին գովում էր. «էսքան ժամանակ մի վրացի, նույնիսկ, ինձ չի վիրավորել: Թե որ Հայաստանում էսքան տարբեր տիպի ազգի ժողովուրդ ապրեր, հայերը կհանդուրժեի՞ն: 94 տարբեր ազգի ներկայացուցիչ է ապրում էստեղ, մեկը մեկին չի նեղացնում հա, էլ ի՞նչ` շովինիստ»:

Բայց հենց հարցրի ազգնվան մասին, Կարոն ձեռքը թափ տվեց ու լռեց: Դեմքի արտահայտությունը մատնեց, որ ազգանվան փոփոխության հետ կապված հիշողությունն այնքան էլ դրական չէր:

Վրաստանում այն հայերից շատերը, որոնք իրենց ազգանունները փոխել են վրացական իշխանության ճնշման տակ, վրացական նացիոնալիզմը մոռացության են մատնել իրենց պապական ազգանվան հետ:

«Իսանի բազարում» աշխատողների մեծ մասը հայեր են: Վաճառասեղանների մոտով անցնելիս, գլխի չես ընկնի` ով է հայ, ով` վրացի: Ռուսերեն որեւէ բան հարցնելիս էլ` վրադ թարս են նայում, չափում ոտքից գլուխ ու չեն պատասխանում: Փոխարենը, կոտրատված անգլերենով կպատասխանեն` ինչ հարցնես:

28-ամյա Վլադիմիր Նոնեզովն «Իսանի բազարում» սեփական ուժերով բացել է համակարգչային տեխնիկայի խանութ ու տնտեսագետ քրոջ հետ համակարգիչներ է վաճառում: Ինքն էլ Վրաստանի պետական տեխնիկական համալսարանի «Համակարգչային կապեր եւ համակարգեր» ֆակուլտետի շրջանավարտ է:

Նա թիֆլիսաբնակ այն հայերից է, որ ծնվել մեծանալով այստեղ` չի փոխել ազգանունն ու դարձել վրացի: «Անկախ»-ին պատմեց, որ ինքն էլ շատ հայերի նման ժամանակին բազմաթիվ հոգեբանական ճնշումների է ենթարկվել` հայկական ազգանուն ունենալու պատճառով: Հիմա էլ չի կարողանում «ոտքն ուզած ու ունեցած գիտելիքի հնարավորության չափ լայն մեկնել»:

«Գամսախուրդիայի ժամանակ հայերին քշում էին էստեղից: Հետո եկավ Շեվարդնաձեն ու էդ ժամանակ գործ չէիր կարող ճարել, հիմա` Սահակաշվիլիի ժամանակ, ավելի հանգիստ է, բայց էլի լուրջ պաշտոններ չես կարող վերցնել», – ասում է Վլադիկը:

1-ին անգամ ազգանունը փոխել Վլադիկին «առաջարկել են» 1991թ, երբ 18 տարեկան էր ու խաղում էր Վրաստանի ֆուտբոլի հավաքականում: Եվրոպա մրցումների մեկնելու ու երկրի դրոշի տակ խաղալու համար պետք է փոխեր ազգանունը, դառնար Նոնեշվիլի, բայց հրաժարվեց:

«Նոնեզովը հորս բարեկամն է, իր ազգանունն էլ դրել են վրաս, երբ ծնվել եմ, – ասում է նա, – Բայց, դե, մեր ազգության մեջ 3 հոգի մնացինք Նոնեզով, մյուսները դարձան Նոնաձե. բոլորն էլ տուն առնելու ու աշխատելու խնդիր ունեին, չդիմացան»:
Վլադիկը միակ հայն է, որ ապրում է միայն վրացիներով բնակեցված թաղամասում: Ասում է, որ Հավլաբարում մնացող ոչ մի հայ իրենց թաղամասում երկար ապրել չի կարող. վրացիների հետ դժվար է շփվելը, թաղամասում ապրելն էլ` թանկ հաճույք: Ինքը ծնվել ու մեծացել է այդտեղ, դրա համար էլ սովոր է միջավայրին:

Քույրեր Աննա Աբասյանն ու Մարինե Աբաշիձեն (նախկինում` Աբասյանը) էլ են առեւտրով զբաղվում: Հարեւան գյուղից` «Լիլոյից», ապրանք են բերում ու վերավաճառում: Նրանց հայրը հայ է, մայրը` վրացի: Աննան ամուսնացած է վրացու հետ, բայց գրվում է հոր ազգանունով. չի ցանկացել վրացի դառնալ, իսկ Մարինեն ամուսնացած է հայի հետ: Աշխատանքի ընդունվելու համար հետեւել է ամուսնու` Գրիգորիձեի (նախկինում` Գրիգորյան) օրինակին ու դարձել Աբաշիձե:

«Ես հիմա էլ աշխատանքի խնդիր չունեմ, – ասում է Աննան, – Չեմ օգտվում առիթից, որ ամուսինս վրացի է, ցանկացած վայրկյան կարող եմ փոխել ազգանունս, բայց չեմ հարգում, ովքեր փոխել են իրենց ազգանունը, դարձել վրացի, բայց տան մեջ շարունակում են հայերեն խոսել»:

Մարինան էլ ասում է, որ իրենց ընտանիքում խոսում են ե՛ւ հայերեն, ե՛ւ վրացերեն, եւ լավ կլինի, որ երեխաներն էլ հավասարապես տրապետեն երկու լեզուներին:

«Միգուցե, մի օր երեխաներս Հայաստան գան ապրելու, – ասում է նա, – Լեզու է, էլի, թող իմանան, պետք եղած դեպքում էլ ազգանունները կփոխենք, կսարքենք իրենց հայկական Գրիգորյանը»:

Ջութակահար 76-ամյա Ռաֆիկ Հակոբյանն, ով ժամանակին նվագել է աշխարհահռչակ երաժիշտ Լեոնարդ Կոհենի հետ, ծնվել ու մեծացել է Թիֆլիսում: Ասում է, որ մանկուց ատել ու մինչ հիմա էլ ատում է վրացական կառավարությանը: Հիշում է, որ երիտասարդ տարիներին, երբ ջութակ էր նվագում «Ցախաթվելո» ռեստորանում, նախագահ Գամսախուրդիայի հայրը հաճախ էր գալիս էնտեղ ընկերների հետ ու ամեն առաջին բաժակը Ստալինի կենացը խմելուց հետո` երկրորդ բաժակից, հայհոյում էր հայ ազգին:

«Իր նման անպետք տղա էլ մեծացրեց , էլի, – պատմում է նա, – իսկ երբ նվագում էի վրացական «Օ Ռեռո» անսամբլում, ինձ համոզում էին, որ ազգանունս փոխեմ, որ արտասահման համերգների կարողանամ գնալ, ես էլ հրաժարվեցի, առանց այն էլ ամբողջ կյանքս աշխարհով մեկ ման եկա ու դրա համար հաստատ ազգանունս փոխել պետք չեղավ»:
Ջութակահարն ասում է, որ շովինիստ վրացիների մեջ լավերն էլ են եղել, օրինակ Սոֆիկո Ճիաուրելիի եղբայրը` Բորիս Ճեաուրելին, ով եղել է ջութակի իր առաջին ու միակ ուսուցիչը:

«Բայց, դե, հատուկենտ բացառություններ` ամեն ազգում էլ լինում են, էլի», – ծիծաղով ասում է նա ու հավաստում, որ տարիները փորձից խրատվել է. ընտրության դեպքում ավելի շուտ ադրբեջանցուն կհավատա, քան` վրացուն:
«Իսանի բազարում» աշխատող ծպտված կամ ազգանվանափոխ եղած բոլոր հայերը շատ լավ են հիշում իրենց մասին պատմող այս անեկդոտը ու միայն պատմում են հայերին, հենց խոսք է գնում «ազգությունը դավաճանելու մասին»:
Երբ հայը վրացուն հարցնում է. «Ո՞ր մեկիս ազգության մեջ է աղբը շատ», վրացին պատասխանում է. «Իմ ազգության, ինչքան հայ կա, դիփ վրացի դառան»:

Թիֆլիս-Երեւան

phl_0001-copy

Picture 1 of 15

Դիտվել է 9866 անգամ:
Print Friendly

Leave a Reply