Չանախչին հայ-վրացական բլոկադայի մեջ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 11, 2009 14:24

Chanaxchi16-ամյա Արեն Կոնյանն ընտրություն ունի` Վրաստանի անձնագիր հանի, թե՞ Հայաստանի եւ ընտրել է Հայաստանը: Սակայն այդ ընտրությունը չի կարողանում իրականացնել:

Ապրում է Վրաստանում գտնվող 100 ծուխ ունեցող հայկական Չանախչի գյուղում: 2 ամիս առաջ «սահմանի» շուրջ ծագած վեճի պատճառով չի կարողանում գյուղից դուրս ազատ տեղաշարժվել: Ծնողները հայկական անձնագիր ունեն, ինքն էլ հանելու համար պիտի հասնի Հայաստան` Վանաձոր:

Հայ-վրացական «սահմանի» շուրջ վեճը ծագեց, երբ Չանախչիից 30 կմ հեռու կրկին Վրաստանի մեջ գտնվող Խոժոռնի գյուղում սեպտեմբերի 1-ին վրացի սահմանապահները ձերբակալեցին խոժոռնեցի 4 անտառապահների ու անտառապահներից մեկի 22-ամյա տղային մեղադրելով` հայկական սահմանը հատելու մեջ (տես «Անկախի» 21-րդ համարը):

Չանախչին եւ հարակից վեց գյուղերը եղել են Հայաստանի կազմում, հետո Հայաստանին միանալու ճանապարհ չունենալու պատճառաբանությամբ` 1935 թվին, , տրվել են Վրաստանի խորհրդային միությանը: Փոխարենը` Հայաստանին դրա դիմաց ոչինչ չի տրվել:

«Բագրատաշենի մաքսակետը չեմ կարող անցնել, քանի որ անձնագիր չունեմ, մեր գյուղից հայ-վրացական սահմանն էլ չեմ կարող հատել, քանի որ երկու կողմերի սահմանապահները չեն թողնում»,- ասում է Արենը:

Գյուղի մոտ 30 բնակիչ Արենի պես անքաղաքացի է մնացել ու հայկական անձնագիր հանելու խնդիր ունի:

Վրաստանի Քվեմո -Քարթլիի շրջանի մեջ մտնող Չանախչի գյուղի միջով է անցնում հայ-վրացական սահմանապահների հենակետերից մեկը: Դեռեւս չճշտված հայ-վրացական «սահմանը» միմյանցից բաժանում է Ջիլիզա եւ Չանախչի գյուղերի միջով անցնող Ճալա գետը: Հայկական կողմն ուժեղացրել է իր հսկողությունը` կառուցելով մեծ ռազմական բազա, իսկ վրացական կողմում «սահմանը» պահում են փոքրիկ տնակում ապրող մի քանի սահմանապահներ: Գետի հակառակ կողմում` Չանախչիի ու Ջիլիզայի սահմանագծում է մնացել փոքրիկ, դեռեւս «կոմիսիոն» հիշեցնող խանութը, որից օգտվելու համար կրկին սիպված պետք է լինեն հատել «սահմանը»:

Քանի որ «սահմանը հատել» չեն կարողանում, գյուղացիները առեւտուր են անում ամիսը մեկ `գնալով 30 կմ հեռու գտնվող Մառնեուլիի կամ ադրբեջանաբնակ Սադախլոյի շուկաները:

Նոյեմբերյանի Այրում գյուղից Չանախչի տեղափոխված 25-ամյա Ալլան սահմանի ամրացման հետեւանքով մնացել է Վրաստանի մեջ: Մինչեւ սահմանի փակվելն է նա ընտանիքով տեղափոխվել այստեղ: Չանախչեցի ամուսինն իր ընտանիքի համար մի լքված տուն վերանորոգել է:

Մինչ սահմանային վեճը, նրանք հեշտությամբ անցնում էին սահմանը, չենթադրելով, որ մի երկրից մյուսն են գնում: Բայց հիմա քթի տակի հարազատներին տեսնելու համար պիտի երկար ճանապարհ անցնեն ու շրջանցեն սահմանը: Նա երեխաների համար վրացական անձնագրեր է հանել, որ Հայաստան գնալ-գալիս մաքսակետը կարողանան անցնել:

Ամուսինն Իջեւանում կահույքի փայտի առեւտրով է զբաղվում.«Ամիսը 2 անգամ է գալիս գյուղ, շատ է աշխատում, չի կարողանում շուտ-շուտ գա»: Եվ Ալլան ստիպված 5-ամյա աղջկա հսկողության տակ է թողնում 2 ամսական երեխային, որ խմելու ջուր բերի 10 կմ հեռու գտնվող աղբյուրից:

Աղբյուրը հենց սահմանին է` գետի կողքը: Ալլան ասում է, որ վրացի սահմանապահներին խնդրում է, որ թողնեն մոտենա աղբյուրին` ջուր բերելու համար, նրանք էլ ընդառաջում են:

Ալլան ասում է, որ երբ դեռ «սահմանի» հետ խնդիրը չկար, հարեւան գյուղից` Ջիլիզայից, հորաքույրը` Սվետան, գալիս, օգնում էր երեխաներին խնամել, իսկ հիմա երկու քայլի վրա գտնվող հարազատների ու իր մեջ սահմանապահները «պատ» են քաշել: Chanaxci gyux

Հորաքույրն էլ հիմա գիշերները թաքուն է հատում «սահմանը»: Ալլայի հոգսը կրկնապատկվում է, քանի որ երեխաների հետ հավասար խնամում է նաեւ կողքի տանը ապրող միայնակ, հարազատներից լքված տատիկին` Սիրուշ Ծատիրյանին. նրա համար էլ է ջուր բերում, հաց պատրաստում:

Գյուղացիները, հիմնականում, իրենց ապրուստը վաստակում են եգիպտացորեն աճեցնելով, որը վաճառում են Թիֆլիսում կամ էլ աղում են ու տալիս կենդանիներին: Զբաղվում են նաեւ անասնապահությամբ: «Սահմանի» պատճառով գյուղում մնացել է ընդամենը 6 երիտասարդ` 25-30 տարեկան, մնացածները գաղթել են Հայաստան:

Չանախչիի 9-ամյա դպրոցում, որ հիշեցնում է ավտոտնակ, սովորում է 38 աշակերտ: Դպրոցն ունի 6 ուսուցիչ, ֆիզկուլտուրայի 2 ուսուցիչ էլ գալիս են մարզկենտրոն Մառնեուլիից: Գյուղացիներից ոչ ոք վրացերեն չգիտի, փոխարենը լավ տիրապետում են (միայն խոսակցական) ադրբեջաներենին, որ սովորել են հարեւան գյուղի ադրբեջանցիներից:

Չանախչի հասնելու համար պետք է անցնել ադրբեջանական 3 գյուղերի միջով: Եթե մի օր ադրբեջանցի հարեւանները կռվեն կամ որոշեն, որ չեն ցանկանում շփվել հայերի հետ ու թույլ չտան նրանց իրենց գյուղերի միջով երթեւեկել, ապա Չանախչին կհայտնվի բլոկադայի մեջ` մի կողմից Հայաստանով շրջափակված, մյուս կողմից` վրացական «Ադրբեջանով»: Փոխարենը Վրաստանի կառավարությունն առատաձեռն է գտնվել իր հողատարածքում գտնվող հայկական եւ ադրբեջանական գյուղերի նկատմամբ. ասֆալտապատում է գյուղեր տանող քարքարոտ ճանապարհը:

Չանախչիում մարդիկ վախեցած են, եւ տագնապով երկյուղում են, թե հես է իրենց սահմանապահները կբռնեն: Գյուղ մտնելիս չանախչեցի Սիրանույշ Կոնյանը «Անկախի» թղթակիցներիս զգուշացրեց, որ վրացի սահմանապահները սեւ ու սպիտակ Ջիպերով պտտվում են գյուղում ու իրենց անծանոթ մարդկանց տեսնելիս` ձերբակալում, տանում են Մառնեուլի: Նա մեզ խորհուրդ տվեց թաքուն պտտվենք ու բնակիչների հետ գաղտնի շփվենք, որ չհանդիպենք սահմանապահներին, թե չէ, եթե նկատեն մեզ իրենց` գյուղացիների, համար հետագայում վատ կլինի:

Դիտվել է 2895 անգամ:
Print Friendly

Leave a Reply