«Գնալով արտերկիր` չես գտնում, այլ ավելի շատ կորցնում ես». սփյուռքահայերն իրենց կենսափորձից գիտեն դրսում ապրելու գինը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 31, 2012 7:00

Փիթեր Աբաջյանը ծնվել է Ամերիկայի Միացյալ նահանգներում: Նրա հայրը պոլսահայ է, մայրը` ամերիկահայ: Փիթերը մեծացել է ամերիկյան միջավայրում, հաճախել ամերիկյան դպրոց, ապա համալսարան: Նա հայերեն մի բառ անգամ չի իմացել, սակայն 5-6 տարի առաջ գալով Հայաստան` սովորել է և այժմ կարողանում է հանգիստ հաղորդակցվել: «Կինս սիրիահայ է, հայերեն շատ լավ գիտի, և քանի որ ես ուզում էի, որ մեր աղջիկները հայերեն սովորեն և Հայաստանի հետ կապ ունենան, 2006-ին եկանք Հայաստան,- պատմում է նա,- զույգ աղջիկներս այդ ժամանակ 13 տարեկան էին: Մենք մեկ տարի ապրեցինք Երևանում, ապա վերադարձանք Ամերիկա, բայց այդ կապը հաստատվեց: Ճիշտ է, հիմա նրանք Ամերիկայում են, համալսարան պետք է ընդունվեն, բայց ամեն տարի անհամբերությամբ են սպասում, թե երբ են գալու Հայաստան: Շատ են սիրում Հայաստանը, ընկերներ ունեն, արդեն հասկանում են խնդիրները, հասկանում են, որ Հայաստանի համար պիտի ինչ-որ բան անեն»:

Փիթեր Աբաջյանը Միացյալ Նահանգներում 15 տարի զբաղվել է հայանպաստ լոբբիստական գործունեությամբ` մեծապես նպաստելով նաև հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը: 1995-2006 թթ. նա աշխատել է Ամերիկայի հայկական համագումարում որպես արևմտյան գրասենյակի ղեկավար:

Այժմ նա ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում հիմնադրված «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրենն է: Հիմնադրամը ստեղծել է ամերիկացի Ռոջեր Ստրաուքը` 1999 թ., սակայն այն պաշտոնապես գրանցվել 2006-ին: Հիմնադրամի նպատակը Հայաստանի բարձր մշակույթի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկման բարձրացումն է և խթանումը միջազգային ասպարեզում: Նպատակներից մեկն էլ հայաստանյան հասարակական կազմակերպություններին աջակցելն ու զարգացնելն է` նրանց աշխատանքային միջավայրը արդիականացնելու և անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելու միջոցով:

Փիթեր Աբաջյանը պատմում է, որ հիմնադրամի նախագահ Ռոջեր Ստրաուքը ծագումով գերմանացի է, սակայն ծնվել ու ապրում է Միացյալ Նահանգներում: Նրա կինը` Ջուլի Քուլհանջյանը, հայ է: Սակայն անկախ կնոջ հայ լինելուց, նա ջերմ կապեր ունի Հայաստանի հետ դեռևս մանկության տարիներից: Նրա հայրը եղել է հայտնի ֆիզիկոս և խորհրդային տարիներին համագործակցել է անվանի հայ ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանի հետ: Նրանց ընտանիքները մտերմացել են: 14 տարեկանում նա իր հոր հետ առաջին անգամ եկել է Հայաստան և բավականին տպավորված հեռացել: Ստրաուքի հաջորդ այցը Հայաստան եղել է 30 տարի անց` 2000 թ., երբ սկսել է հիմնադրամի գործունեությունը: Վերջերս նա ընտանիքով Հայաստանում էր:

Ինչ վերաբերում է Փիթերին, ապա նա մշտապես Հայաստանում չի բնակվում, սակայն հաճախակի է գալիս, իսկ նրա բացակայության ժամանակ հիմնադրամի ծրագրերի իրականացմանը Հայաստանում հետևում է Սևան Ամիրյանցը: Վերջինս ծնվել է Իրանում, սովորել Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրական ֆակուլտետում, ապա գնացել Շվեդիա և այնտեղ ապրել մոտ 14 տարի: 1996 թ. վերադարձել է Հայաստան և այժմ ընտանիքով ապրում է Երևանում: «Ինձ համար էական չէ սփյուռքահայ կամ տեղի հայ լինելը, կարևորը, որ մարդ իրեն հայ զգա և կարողանա իր հայրենիքի համար անել այն, ինչ կարող է: Ես ինձ լավ եմ զգում այստեղ, բայց չի նշանակում, որ լավ եմ զգում՝ տեսնելով բոլոր նեգատիվ բաները: Ոչ, դրանք իրենց հերթին: Պարզապես, ես ինձ այստեղ ավելի հանգիստ եմ զգում և ոչ մի ուրիշ տեղ չեմ պատկերացնում»,- խոստովանում է նա:

Սևանն իր կենսափորձից գիտի, որ դրսում դրախտ չէ, ինչպես շատերն են պատկերացնում: «Գնալով արտերկիր` չես գտնում, այլ ավելի շատ կորցնում ես: Ամեն ինչ իր գինն ունի, այդ ապահովությունը, բարեկեցությունը քեզ հենց այնպես չի տրվում, ինչ-որ բան պիտի վճարես կյանքիցդ, ինքնությունիցդ, երեխաներիդ ապագայից կամ այլ բան»:

Լավ իմանալով Հայաստանի դպրոցների ոչ փառահեղ վիճակը` այնուամենայնիվ նա հատուկ վերադարձել է Հայաստան, որպեսզի իր դուստրն այստեղ դպրոց հաճախի:  «Աղջիկս արդեն 20 տարեկան է, դպրոցն ավարտելուց հետո զոռով ուղարկեցինք Շվեդիա՝ ուսումը շարունակելու,- ծիծաղում է,- նա Երևանով է ապրում, չի սիրում Շվեդիան: Պարզապես պետք է սովորի, որ հետ գա ու էստեղ մի լավ բան անի»:

«Փարոս» հիմնադրամը Հայաստանում համագործակցում է «Ղողանջ», «Մանանա» մանկապատանեկան կենտրոնների, «Ունիսոս» հասարակական կազմակերպության, հաշմանդամների «Փարոս» երգչախմբի, Վանաձոր կերպարվեստի թանգարանի և թիվ 3 երաժշտական դպրոցի հետ:

Բացի մշտական գործընկեր կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերից,  այլ ծրագրեր էլ են իրականացնում: Օրինակ, անցյալ տարի մեկնարկել է հիմնադրամի «Հայրուրը՝ հանուն հարյուրի» ծրագիրը: Փիթեր Աբաջյանի խոսքով` նպատակը Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ զարգացման, կրթական, մշակութային և մարդասիրական ոլորտներում 100 ծրագիր իրականացնելն է: Մոտ 15-16 ծրագիր արդեն ընթացքի մեջ է: Դրանցից են, օրինակ` Նորքի մանկատան տարածքը բարեկարգելը, Ակնաշեն գյուղում խոսակցական դժվարություններ ունեցող երեխաների կենտրոնում և Քանաքեռավանի արվեստի դպրոցում վերանորոգման ու ընդլայնման աշխատանքներ իրականացնելը և այլն: Ծրագրերից մեկն էլ կոչվում է Share a pair («Կիսիր մի զույգ»), որի շրջանակներում Միացյալ Նահանգներից նախ 600, ապա 24 000 զույգ կոշիկ է բերվել Հայաստան և բաժանվել կարիքավոր երեխաներին ու երիտասարդներին: «Մենք մեծ գումարներ ենք միշտ ծախսում ցեղասպանության լոբբինգի համար, սակայն կարևոր է նաև, որ ոգեկոչելով մեռածներին` ինչ-որ բան անենք նաև ապրող, սակայն կարիքի մեջ գտնվող հայերի համար: Չէ՞ որ ցեղասպանության ճանաչման գործում առաջին հերթին կարևոր է, որ Հայաստանն ապահով և ուժեղ լինի»,- ասում է Փիթեր Աբաջյանը:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply