Սիրիահայերի խնդիրն օդից կախ. քանի՞ հայրենակցի է պատրաստ ընդունել Հայաստանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | July 25, 2012 18:25

Սիրիայում լարվածությունն օրեցօր ավելի է սրվում, թեժ կետերի աշխարհագրությունը, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, ընդլայնվում է:  Ուզած թե չուզած, Սիրիայի 60-հազարանոց հայ համայնքն էլ է իր վրա զգում ծավալված քաղաքացիական պատերազմի հետևանքները:  Ռազմական գործողություններին զոհ է դարձել 7 հայ, որոնցից 2-ը` զինվորական: Բախումների թատերաբեմ է դարձել Հալեպը, որը Սիրիայի ամենահայաշատ քաղաքն է:

«Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն» կազմակերպության տվյալներով`  16 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 17 հազար 192 մարդ:  ԵՄ տվյալներով` արդեն 115 հազար սիրիացի փախստական է դարձել: Նրանք հաստատվել են հիմնականում հարևան երկրներում` Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում և Իրաքում: Ակնկալվում է, որ որոշակի հոսք կլինի դեպի Հայաստան. ի վերջո, զգալի թվով հայեր, որոնք կլքեն Սիրիան, մշտապես կամ ժամանակավոր կհաստատվեն հայրենիքում:

Ամբողջական տվյալներ, թե վերջին տարվա ընթացքում Սիրիայի քանի քաղաքացի է հաստատվել Հայաստանում, չկան. տվյալները տարբեր գերատեսչությունների միջև են բաշխված: Դեռ մեկ ամիս առաջ սփյուռքի նախարարության տվյալներով Հայաստանում հաստատվել էին 100 սիրիահայ ընտանիք:

Օրեցօր, սակայն, Հայաստան եկողների թիվն ավելանում է: Շաբաթվա ընթացքում Սիրիայից դեպի Հայաստան երկու ուղիղ չվերթ է իրականացվում:

Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն ասում է, որ այժմ գրեթե ամեն օր մեկ սիրիահայ ընտանիքից ապաստանի դիմում են ստանում: Ներկայումս գործակալությանը դիմել է 13 ընտանիք` 34 անդամներով: Նրանց ապաստան հայցողի կարգավիճակ են տվել և չեն շտապում փախստականի կարգավիճակ շնորհել, որպեսզի պետությունը հոգա նրանց կեցության խնդիրները:

«Հաշվի առնելով, որ մեր հայրենակիցներն են, օրենքի ընձեռած հնարավորությունների շրջանակներում այնպես կանենք, որ հնարավորինս երկար ժամանակ մնան պետության  հոգածության տակ»,- ասում է գործակալության պետ Գագիկ Եգանյանը` հավելելով, որ խնդիր կունենան շատ ապաստան հայցողներ լինելու դեպքում:

«Անսահման թվով սենյակներ չկան: Հաշվարկել ենք մեր հնարավոր բոլոր ռեզերվները: Կացարանը, որտեղ այժմ բնակվում են, ունի առավելագույնը 45 մահճակալ, որն այժմ գրեթե լեփ-լեցուն է, որովհետև ուրիշ ապաստան հայցողներ էլ կան: Դարբնիկում ունենք շենք, որտեղ դեռ չբաշխված սենյակներ կան: Դրանք նախատեսել ենք սիրիահայերի համար, որտեղ ևս 30 անձ կարող ենք տեղավորել: Գումարած դրան` հատուկ  կացարանում խտացման հաշվին մինչև 10 մարդ էլ կարող ենք ընդունել, այսինքն` դեռևս 40 անձի կարող ենք տեղավորել»:

Գործակալության ֆինանսական բաժինն էլ այժմ հաշվարկում է, թե որքան լրացուցիչ ծախսեր կպահանջվեն նոր մարդկանց ընդունելու դեպքում` կառավարությունից հավելյալ ֆինանսավորում ստանալու համար:

Հարցին, թե Սիրիայում խժդժություններն արդեն տարուց ավելի է, ինչ  շարունակվում են, մի՞թե այդ ընթացքում չէին կարող պատշաճ պատրաստվել, Եգանյանը նշում է. «Մենք մեր մասով բոլոր քայլերն, ինչքան հնարավորություն ունենք, ձեռնարկել ենք: Այսինքն` բոլոր հնարավոր ռեզերվները գործի ենք դրել: Բայց եթե հոսքը հազարների հասնի,  ոչ միայն մենք, այլև ուրիշ երկրները դժվարությամբ կարող են դիմագրավել»:

Նրա խոսքով` 80-ականների վերջին Հայաստանը կարողացավ առանց հումանիտար աղետի ընդունել 300 հազարից ավելի փախստականների, քանի որ այն ժամանակ բոլոր շենք-շինությունները պետական էին: Մինչդեռ այսօր նման հնարավորություններ չկան:

Եթե հոսքը  տասնյակ հազարների հասնի, օգնության կհասնի միջազգային համերաշխության սկզբունքը, որը նման դեպքերում  փորձում է պատասխանատվությունը հավասար բաշխել երկրների միջև. «Սա որևէ կոնվենցիայով ամրագրված նորմ չէ, բայց գործող պրակտիկայի համաձայն ձևավորված ավանդույթ է, որ տարբեր դեպքերում իր  կենսունակ լինելը ցույց տվեց: Մասնավորապես, բալկանյան ճգնաժամի ժամանակ անգամ հեռավոր Ավստրալիան ապաստան տվեց տեղահանվածներին»:

Հարցին, թե ինչ հոսքեր են ակնկալվում, Եգանյանը պատասխանում է. «Հայ համայնքի թիվը 60 հազարի է հասնում, ակնկալել, որ այդքան մարդ կգա, իրատեսական չէ: Դժվար է ասել, թե ինչքան հոսք կարելի է ակնկալել»:

Սիրիահայերի հետ աշխատանք իրականացնում է նաև ԱԳՆ-ն, որը, սակայն, չի բացահայտում, թե պետական մակարդակով ինչ քայլեր են ձեռնարկվում սիրիահայերին աջակցելու համար: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն օրերս հայտարարեց, որ  Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետևում է Սիրիայի իրադարձություններին, այլև համապատասխան քայլեր է ձեռնարկել և ձեռնարկում տարբեր մակարդակներով ու ուղղություններով:

«Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Սա այն դեպքերից է, երբ այդ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա, ուստի ես ձեռնպահ կմնամ դրանք մանրամասնելուց: Կարող եմ հավելել, որ միջազգային շփումների ժամանակ այս հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Համայնքային կառույցների հետ մշտական կապ է պահպանվում Հայաստանից պարբերաբար այցելող հատուկ բանագնացների, Դամասկոսում ՀՀ դեսպանության եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով»,- ասաց Մանասարյանը:

Հայրենադարձություն կազմակերպելու մասին, սակայն, որևէ գերատեսչություն չի խոսում: «Դա դյուրին խնդիր չէ, որովհետև մշտական բնակությունն ամեն ընտանիքի ակնկալիքները արդարացնելով է պայմանավորված, երբ մանավանդ նրանցից շատերը  այլ երկրներ մեկնելու հնարավորություններ ունեն:  Շահեկան, գրավիչ պայմաններ ստեղծելը պայմանների հետ է կապված, դյուրին չէ ասել` քաղաքը սարքենք և տրամադրենք իրենց: Բացի հայրենասիրության նկատառումներից, պետք է նաև պարզ տնտեսական հաշվարկ և գրավչություն լինի»,- ասում է Եգանյանը և ավելացնում, որ իրենք զբաղվում են միայն ապաստան տրամադրելու հարցով:

Հալեպի բնակիչ Հակոբ Կլենջյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ սիրիահայերի մեծ մասը, այդ թվում և ինքը,  դեռևս հեռանալու մտադրություն չունի, և կոչ արեց չհավատալ այն ամենին, ինչ ասում են լրատվամիջոցները. «Հոսանք ունենք, ջուր ունենք, սնունդի բոլոր տեսակներն ապահով են, դեղորայքային բոլոր ընկերություններն աշխատում են»: Նրա խոսքով, սակայն, Սիրիայից հեռանալու դեպքում պիտի հաստատվեն Հայաստանում. «Հեռանալու դեպքում, անշուշտ, Հայաստան պիտի գանք»: Սակայն հրաժարվեց խոսել հնարավոր խնդիրների մասին, որոնք կարող են ունենալ Սիրիայից հեռանալու որոշում կայացնելու դեպքում:

Ինչպես չկան տվյալներ Հայաստան տեղափոխված սիրիահայերի իրական թվի մասին, այնպես էլ անհայտ է, թե նրանց որ մասն է արդեն բնակարան ձեռք բերել կամ աշխատանք գտել:  «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում  նշում են, որ իրենք աշխատանք փնտրողներին գրանցելիս քաղաքացիություն չեն հարցնում, այնպես որ անհայտ է` արդյոք իրենց մոտ կա՞ն գրանցված սիրիահայեր:

«Անկախը» փորձեց ճշտել նաև կադրային գործակալություններից, թե արդյոք սիրիահայերն իրենց միջոցով աշխատանք փնտրո՞ւմ են: Երևանյան մեկ տասնյակ գործակալություններից միայն մեկը դրական պատասխան տվեց. «Գործ բոլորին» կադրային կենտրոն ամիսներ առաջ 3 սիրիահայ է դիմել, այժմ էլ երկուսից են ռեզյումե ստացել:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում էլ պարբերաբար սիրիահայ հայրենակիցներին աջակցելու տարբեր առաջարկներ են հնչում և իրականացվում. դրամահավաք, անվճար իրավաբանական խորհրդատվություն, տեղեկատվական բուկլետների կազմում և այլն:

 

Դիտվել է 1784 անգամ:
Print Friendly

Leave a Reply