Մարշրուտկա. պետությանն անհրաժեշտ են կզած ուղեւորներ

ԷՍՍԵ | | November 11, 2009 13:15

Հեն ա եկավ, – ասաց մի տղա:

Ու 40-50 մարդ աչքերով սկսում է «ուտել մարշրուտկին» ու փորձելով կռահել, թե որտեղ կկանգնի` դիրքավորվում է: Կանգնեց:

Ախպեր, մի բրդի:

Լա՛վ, աշխարհի վերջը չի:

Ա՛խ, մազե՛րս:

Վա՛յ, մամա ջան:

Մարշրուտկան լցվեց: Մնացածը մնացին «փշալարին»: «Կրկին, փորձիր». հիշում եմ հայտնի ռեկլամը: 13 տեղանոց մեքենայում 20 մարդ հանգիստ տեղավորվում են: Ոտի վրա, շախմատի ձի դառած գնում են կամ գալիս: Էջմիածնից` Երեւան կամ` հակառակը: Ու այդպես ամեն օր` տասնքանի տարի:

Էս վիճակն է առավոտները 8-ից մինչեւ 10.30-ի կողմերը Էջմիածնում, կեսօրվա 2-ից հետո` Երեւանում: Երթուղային նստելը լոտոյի պես մի բան է, կամ կշահես, կամ` չէ:

Էս գործում ես պրոֆեսիոնալ եմ դարձել: «Սոլիդ» փորձ ունեմ: Բայց կարեւորը փորձն էլ չի: Ճարպկություն է պետք: Ու քթի ծակ. կայծակնային արագությամբ որոշում կայացնելու, ու այդ որոշումն ակնթարթորեն իրագործելու հմտություն: Հենց մի վայրկյան հապաղեցիր՝ կմնաս «փշալարին»:

Գալիս եմ կանգառ ու սկզբից ուսումնասիրում եմ մասսան: Ուզում եմ գուշակել, թե ովքեր են լինելու ուղեկիցներս: Հետո, երթուղայինի սպասումով, նայում եմ Երեւանի ճանապարհին: Մեկ էլ հեռվից երեւում է: Բոլորը թափում են իրար գլխի: Բայց ես հանգիստ ու առանց ինձ կոտորելու` ֆիքսելով երթուղայինի արագությունն ու թափը, որոշում եմ, թե իներցիայով որտեղ է կանգնելու: Հենց հաշվարկս վերջացնում եմ, շատ արագ մոտենում եմ այնտեղ, որտեղ, ըստ իմ հաշվարկի, կանգնելու է մեքենան: Հիմնականում չեմ սխալվում: Մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ: Դեռ այդպիսի բան չի եղել, որ երթուղային բաց թողնեմ: Ոտքս դնում եմ ոտնակին:

Մի՛ բրդեք, հա՞, – արժանապատիվ կեցվածքի իմիտացիայով ասում եմ հետեւիցս եկողներին, բայց կողքից աննկատ բրդում եմ ուրիշներին, որ հասցնեմ ինձ ներս գցել. «Շահին մորթում են, կամ շահն է մորթում»:

Ներսում եմ: Որոնող հայացքով զննում եմ ազատ տեղերի դիրքն ու կայծակնային արագությամբ ընտրում ամենահարմար տարբերակը: Վեր՛ջ: Նստեցի՛: Հանգիստ շունչ եմ քաշում ու անտարբեր հայացքով նայում դրսում մնացողներին:

Մի անգամ կանգառ գնալիս Երեւանից եկող երթուղայինը ճանապարհիս միամիտ կանգնեց, ու ես բարձրացա: Երբ կանգառում կանգնեց, ներսից տեսա, թե ամբոխը ոնց վրա տվեց երթուղայինին. ոնց, որ հավը կերին:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնից ինձ ասացին, որ ԵրեւանԷջմիածին գիծը տենդերով շահել է «Էջմիածին Բուատ ԲԲԸ»-ն եւ քաղաքային իշխանությունների իրավասություններից դուրս է որեւէ կերպ կարգավորել իրավիճակը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության պետ Գագիկ Սարոյանն ասաց, որ իրենք այդ հարցով քաղաքացիներից ոչ մի բողոք չեն ստացել: «Բացի այդ, այսօր դա խնդիր է ամբողջ հանրապետության համար, – ասաց նա, – ամեն տեղ էլ առավոտյան ու երեկոյան տրանսպորտի խնդիր կա»:

Սարոյանն ասում է, որ Երեւանի քաղաքացին բողոքում է, որ քաղաք շատ տրանսպորտ է մտնում: «Փաստորեն, որպեսզի քաղաք քիչ տրանսպորտ մտնի, մարզի ժողովուրդը պիտի շախմատի ձիու կարգավիճակով գա Երեւան, հա՞, – մտածեցի ես, – փոխանակ մտածեն, ոնց խնդիրը լուծեն, ասում են քաղաքի ժողովուրդը բողոքում է»:

Պարզվեց այդ մասին մտածում են: Տեսչության պետն ասաց, որ Տրանսպորտի նախարարությունը մշակում է լողացող գրաֆիկի քաղաքականություն, ըստ որի՝ օրվա պիկ ժամերին ավելի շատ երթուղային միավոր կսպասարկի գիծը, քան ոչ պիկ ժամերին:

«Ինչ վերաբերվում է Էջմիածին Բուատին, – ավելացրեց Սարոյանը, – այդ գիծը սպասարկում են 10 ավտոբուս եւ 20 երթուղային տաքսի, իսկ բոլորովին վերջերս էլ ավելացրել ենք 4-ը: Բացի այդ գծի սեփականատերն ինքնուրույն չի կարող ավելացնել տրանսպորտային միավորը: Այն սահմանված է շահած տենդերի կանոններով: Հետո Երեւան, Արմավիր, Արարատ մարզերը սպասարկող ընդամենը 5 տեսուչ կա, որոնք հազիվ են հասցնում հսկել գծերը: Երթուղային միավորն ավելացնելու համար պիտի պարզենք կա՞, արդյոք, այդքան ուղեւորահոսք, թե՞ ոչ, որովհետեւ սեփականատիրոջն էլ պիտի ձեռք տա միավոր ավելացնելը. ամեն երթուղայինի հարկային բեռն` ամսվա կտրվածքով, 45 000 դրամ է, չհաշված մնացած ծախսերը»: Ուրեմն, պետությունը մտածում է ոչ թե ուղեւորի, այլ բիզնեսմենի շահի մասին: Այ, քեզ պետություն:

Հետո Սարոյանը հաղթական տոնով նշեց, որ Երեւանից դեպի Արմավիրի մարզ գործում է 20 գիծ, որոնք սպասարկում են 137 միավոր տրանսպորտ, եւ որոնք այս կամ այն կերպ ուղղվում են Երեւանից դեպի Արմավիրի մարզ: «Սրանից ավել ին՞չ եք ուզում», – զարմացած հարցրեց Սարոյանը: Էն, որ ինքն ամեն օր իր մաշկի վրա զգա էն տառապանքը, որ զգում են շրջաններից եկող հազարավոր մարդիկ:

Տեսչության պետի վերջին դիտարկումից պետք է եզրակացնել, որ Էջմիածին գնացող ուղեւորը կարող է նստել, ասենք Քարակերտ գնացող երթուղայինը (Քարակերտը Արմավիր քաղաքի համայնքներից է), որն անցնում է Էջմիածնի կողքով, իջնել Զվարթնոցի ճանապարհին ու տուն հասնելու համար բջջայինով տաքսի կանչել: Կամ էլ, ինպես պնդեց Սարոյանը, Երեւան գնալիս, օրինակ, առավոտյան, երբ պիտի հասնես գործի կամ ուսանողը՝ դասի, կարելի է կանգնել Արմավիրից եկող մայրուղու վրատռասին») ու կանգնեցնել այդ ուղղությամբ եկող երթուղայինը: Ինչ կա՞ որ:

Հրաժարվելով Արմավիրի «տռասին» կանգնելու մտադրությունից ու սպասելով, մինչ Տրանսպորտի նախարարությունը մշակի լողացող գրաֆիկի քաղաքականություն, որոշեցի օգտվել տաքսիներից:

Եթե, օրինակ, ԵրեւանՍեւան գծում, որը «Անկախի» աղբյուրներով պատկանում է Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վալտեր Մարությանին, տաքսիներ չեն կարող աշխատել, որովհետեւ գծի սեփականատերը գիծը մոնոպոլիզացրել է ու արգելում է տաքսիստներին գիծ մտնել, ապա Էջմիածնում նման խնդիր չկա: Նման խնդիր չկա նաեւ ՀրազդանԵրեւան երթուղում, որտեղ տաքսին հավաքելով 4 ուղեւոր, 500 դրամ ուղեվարձով, հանգիստ աշխատում է գծում:

Էջմիածնում այդ հարցը շատ գրագետ է լուծված: Իմ զրուցակիցը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց, որ գծում աշխատում է 30-40 տաքսի, որոնք օրը 1000 դրամ վճարում են գծի սեփականատիրոջը, այսինքն «Էջմիածին Բուատին»: «Բայց, դե նայած ով՝ ոնց, – ասաց նա, – մարդ կա չի տալիս, բայց ինքն էլ ուրիշ ձեւով ա տակից դուրս գալիս, մարդ էլ կա ավելի շատ ա տալիս: Դրանից բացի, ով ասես պատահական կարա էդ օրը գիծ մտնի ու մի քանի կոպեկ փախցնի»:

Ծանոթ վարորդս ասաց, որ գծի սեփականատիրոջը բոլորովին էլ չի հետաքրքրում, թե երթուղայինները ոնց կաշխատեն: «Ինքը պլան ունի դրած ու դրա տերն ա, մնացածը շոֆերները գիտեն, ոնց կազմակերպեն իրանց գործը, – ասաց նա, – շոֆերներն ու դիսպետչերները իրար հետ գործ են անում: Իրանց ձեռ ա տալիս, որ ժողովուրդը իրար գլխի լցվի: Հլը պետք էղած վախտ էլ ռեսը կարան չգրանցեն», – ասաց նա: («Ռեսը» մի երթուղի գնալն է, որը չեն գրանցում ու տիրոջը չեն մուծում)

Եթե երթուղայինն արժի 250 դրամ, ապա տաքսին ընդամենը 50 դրամով է ավել, ու կարող ես առանց կոտորվելու հանգիստ 15 րոպեում հասնել Երեւան:

Բայց այստեղ էլ «մեր տաղանդաշատ ժողովուրդը», որպիսին որակում է վարչապետ Տիգրան Սարգսյանը, գիտի ավելի շատ փող աշխատելու ձեւերը: Օրվա պիկ ժամերին, հիմնականում Երեւանից գալուց՝ տաքսին սարքում են 500 դրամ: Կամ կոտորվիր, կամ էլ վճարիր: Շատերը տեղի են տալիս: Այդպես է լինում նաեւ, երբ Լեւոնը միտինգ է անում: Գծում երթուղային դուրս չի գալիս, տաքսիներն էլ ավտոմատ սարքում են 500 դրամ: Վարորդ ծանոթս ասում է, որ վարորդները իրենց մշտական հաճախորդներից այդ օրերին ավել փող չեն վերցնում: Բայց ես մի անգամ երթուղային չեղած ժամանակ, երբ գիտեի, որ տաքսին 500-ով է տանում, վարորդին դիտավորյալ հազարանոց տվեցի, մոտս մանր կար, ինձ 500 հետ տվեց: Փաստորե՛ն:

Տրանսպորտի տեսչության պետն ասաց, որ տաքսիները սպառնում են տրանսպորտային ցանցին, որովհետեւ շատերը մատչելիության պատճառով նախընտրում են տաքսին: «Տաքսին պիտի շքեղության միջոց համարվի, – ասաց նա, – բայց այդպես չի: Նրա հարկային բեռն էլ է թեթեւ. ամսական 12 000 դրամ»: Ուրեմն փաստորեն տաքսին մի քիչ շատ էր էս ժողովրդին: Փաստորեն, Տրանսպորտի նախարարությունն ուզում է վերանայել տաքսու հարկային քաղաքականությունն ու ստիպել ժողովրդին, որ շախմատի ձի լինելը հարատեւ լինի: Դե, եթե մարդ կուչ գալով հարմարվել է երթեւեկելուն, ինչու ավելի հարմարավետ դարձնել նրա տրանսպորտը, թող կզած էլ մնա:

Ուսանողական ավտոբուսներ էլ կան, բայց միայն ուսանողների համար են` 150 դրամով:

Մի օր բախտս չբերեց: Տաքսի չկար: Հաշվարկն էլ լավ չարեցի: Ուշ հայտնվեցի մարշրուտնու մեջ ու մնացի կանգնած: Չուզեցի իջնեմ: Հոգնած էի, հետո բազմությունը մեծանում էր: 18 հոգի էինք: Գլուխս կռացած եկա տուն, մտածելով, որ էս երկրում գլուխդ բարձր պահելն էնքան էլ հեշտ բան չի, փաստորեն: Ճարպկություն է պետք, փաստորե՛ն:

Հիշեցի ցուրտ ու մութ տարիները, երբ ուսանող էի, ու տրանսպորտը սուղ էր: Իշխանություններն անվճար 2 «Իկարուս» էին տրամադրել Էջմիածնի ուսանողների համար: Էդ 64 տեղանոց «Իկարուսի» մեջ 200 հոգի մարդ էր լցվում: Երկու տեղանոց նստատեղերին պարտադիր 4 հոգի էին նստում: Մնացածն էլ` իրար գլխի, առանց հարցնելու աղջիկտղա, արդեն առանց ամաչելու, իրար կպած` գնումգալիս էինք. ուրիշ ճար չկար: Ավտոբուսը, որ շարժիչը միացնում էր, բոլորս կատակում էինք, թե իրան թափ ա տալիս, որ «բանկի մեջ էլի լոբի տեղավորի»:

Ու տարածված մի խոսք կար. բարձրացողը` ոտքն ավտոբուս դնելուց առաջ, հարցնում էր. «Ինձ 38 ռազմերի կոշիկի տեղ կտա՞ք»:

Դիտվել է 2980 անգամ:
Print Friendly

Leave a Reply