Աղդամի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն էր. պատմաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 24, 2012 15:30

Հայկական զինված ուժերը քառասուն օր տեւած մարտերից հետո 1993 թվականի հուլիսի 23-ին  ազատագրեցին Աղդամ քաղաքը: Աղդամի գրավումը հնարավորություն տվեց վճռական հարված հասցնել թշնամուն` առաջին հերթին կոտրելով նրա դիմադրողական ուժը:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ հուլիսի 24-ին հրավիրված ասուլիսում Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նշեց, որ Աղդամի գրավումը հայկական կողմի համար ռազմական հետագա գործողությունների գլխավոր բանալին էր: «Թշնամու անկումը սկսվեց Աղդամով»,- ասաց Մինասյանը: Աղդամը կամ «Սպտիակ քաղաք»-ը ռազմական կարեւոր  նշանակության ունեցող վայր էր, որտեղ, ըստ պատմաբանի, խորհրդային տարիներին հնարավոր էր գտնել ամեն ինչ, անգամ զենքի տեսակներ:

«Աղդամում խորհրդային ժամանակներում ինժեներական զորամաս էր տեղակայված, որի պահեստներում եղած սպառազինությունն ու զինամթերքը հակառակորդը չէր հասցրել սպառել»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ շարժվող ինժեներական տեխնիկան հետագայում հաջողությամբ կիրառվեց Մարտակերտի ճակատում: Աղդամի ազատագրումը, Մինասյանի բնորոշմամբ,  Հայաստանի համար պատմական խոշոր երեւույթ էր, որով մեկնարկեց հետագա գործողությունների հաղթարշավը: 1993 թվականի  ամռանն Արցախի ինքնապաշտպանական ուժերը մի քանի ուղղություններով սկսեցին Աղդամը շրջապատող հենակետերի լռեցման լայնածավալ գործողությունը: Ընդհանուր հարձակմանը նախորդեցին դիրքային իրավիճակի բարելավման դժվարին գործողությունները: Առաջնահերթ խնդիր էր «Ուղտի մեջքի» գրավումը, առանց որի անհնար էր գրավել Աղդամը: «Աղդամի ազատագրման ժամանակ ինքնապաշտպանական ուժերը փայլուն կերպով կատարեցին իրենց առաջադրանքը»,- ընդգծում է պատմաբանը:

Աղդամի ազատագրման գործողության հակաօդային պաշտպանությունն իրականացրել էին երեք «ՕՍԱ-ՕԿ» մարտական մեքենաները, որոնք այնպես էին տեղակայվել, որ գործողության շրջագծերը՝ «օղակները», միմյանց մեջ էին: Մինասյանը հիշեցնում է, այդ պարտությունից հետո Ադրբեջանի ղեկավարությունն առաջին անգամ դիմեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը` կրակի դադարեցման խնդրանքով:

1993 թվականին Աղդամի կրակակետերի ոչնչացումը մասնագետները գնահատեցին որպես Արցախի բանակի փայլուն գործողություններից մեկը, որի հաջողությամբ մեծապես պայմանավորված էր նաև անկախության համար մղած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընդհանուր հաղթանակը:

Արցախի Հանրապետությունում հուլիսի 23-ին  նշվում էր Աղդամի ազատագրման 19 ամյակը:

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply