Բոտոքս. ծիծաղեք, զայրացեք կամ զարմացեք, իսկ կնճիռներ չեն առաջանա

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | November 10, 2009 17:28

botox

Ծիծաղե՞լ, թե՞ չծիծաղել: Ծիծաղելիս, տխրելիս, հոնքերը կիտելիս կամ արեւի տակ աչքերը կկոցելիս կնճիռներ են առաջանում նույնիսկ ամենաերիտասարդ մաշկին, տասնութ տարեկանում:

Ի՞նչ անել, չարտահայտե՞լ էմոցիաները: Եթե դա անել չեք պատրաստվում, բայց միաժամանակ չեք էլ ուզում կնճիռներով պատվել, ապա մասնագետները խորհուրդ են տալիս օգտվելից, որը միմիկական կնճիռների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է աշխարհում:

Բոտոքսը ներարկում են մաշկի այն հատվածներում, որտեղ միմիկական կնճիռներ են առաջանում, որից հետո այն` էմոցիաներ արտահայտելու դեպքում, թույլ չի տալիս, որ այդ հատվածներում կնճիռներ առաջանան:

Մասնագետներն ասում են, որ դա էֆեկտիվ է ու անվտանգ: Բոտոքս ներարկող հեղուկն իր մեջ պարունակում է երկու նյութ` բոտոքս եւ դիսպորտ: Թուլացնելով եւ հարթելով տեղային կնճիռները` Բոտոքսի շնորհիվ նկատելիորեն պակասում են աչքերի, հոնքերի միջեւ եւ ճակատի շուրջ գոյացած կնճիռները: Բոտոքսի արդյունքը նկատելի է դառնում հինգից յոթ օրվա ընթացքում: Դուք առաջվա պես կարող եք ծիծաղել, ժպտալ, զարմանալ ու զայրանալ, բայց ձեր դեմքին կնճիռներ չեն առաջանա:

Կոսմետոլոգիական նպատակով պրեպարատը, պաշտոնապես թույլատրվել է կիրառել 2002 թվականին: Այսօր Բոտոքսը թույլատրելի է աշխարհի ավելի քան 58 երկրներում: Հայաստանում այն կիրառվում է շուրջ վեց տարի:

Բժիշկ մաշկաբան Սոնա Բունիաթյանն ասում է, որ Բոտոքսի ներարկումներն անցավ են, սակայն ցանկալի է մաշկին ցավազրկող քսուք քսել, որպեսզի հաճախորդն ընդհանրապես անհարմարություն չզգա:

«Բոտոքսի էֆեկտը վեց ամիս է մնում (որոշ դեպքերում` երեք ամսից մեկ տարի), որից հետո միմիկական կնճիռները կրկին վերականգնվում են, – ասում է բժիշկմաշկաբանը, –սակայն Բոտոքսի կրկնվող պրոցեդուրաներն ավելի երկարատեւ էֆեկտ են հաղորդում»:

Ինչպես յուրաքանչյուր բժշկական պրոցեդուրա, Բոտոքսը եւս ունի հակացուցումներ. այն խորհուրդ չի տրվում կիրառել հղի, կրծքով կերակրող կանանց, մկանաթուլության եւ արյան հիվանդությունների ժամանակ կամ այն դեպքում, երբ ներարկման տեղն ախտահարված է:

Բոտոքսը կիրառում են 18-65 տարեկան կանանց շրջանում: 70-ից հետո խորհուրդ չի տրվում: Մեկ պրոցեդուրան տեւում է 10-15 րոպե:

Մասնագետները երաշխավորում են Բոտոքսի անվտանգությունը` վստահեցնելով, որ այն չի կուտակվում օրգանիզմում, այլ մի քանի օրվա ընթացքում ամբողջովին դուրս է գալիս: Բոտոքսի առավելություններից մեկն էլ, ըստ մասնագետների, այն է, որ երկրորդական ազդեցություններ չեն լինում:

Սոնա Բունիաթյանն ասում է, որ իրենց հաճախորդները հիմնականում 35-ն անց կանայք են: Ըստ նրա, Հայաստանում Բոտոքսը, ի տարբերություն Եվրոպայի եւ Ռուսաստանի, այնքան էլ տարածված չէ:

Պատճառներից մեկն այն է, որ միջինից ցածր կամ միջին խավի համար այն թանկ հաճույք է. մեկ պրոցեդուրան, այն էլ ամենաթեթեւ կնճիռների դեպքում, արժե 50-ից 60 հազար դրամ:

«Մեր հաճախորդները հիմնականում հասարակության բարձր խավին են պատկանում», –ասում է կոսմետոլոգը:

Սոնա Բունիաթյանը, ով աշխատել է նաեւ Ռուսաստանում, ասում է, որ Հայաստանում այն համեմատաբար էժան է:

«Մի հաճախորդ ունենք, ով ամեն տարի, երբ Ռուսաստանից որեւէ գործով կամ հանգստանալու համար Հայաստան է գալիս, անպայման մեզ մոտ է Բոտոքս անում, քանի որ Մոսկվայում այն շատ թանկ արժե», –ասում է նա:

Դիտվել է 6664 անգամ:
Print Friendly

Leave a Reply