Ասֆալտը խորդուբորդ է, ճանապարհները` խցանված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 23, 2012 15:05

Արդեն քանի շաբաթ է, ինչ Երևանի տարբեր փողոցներում իրականացվում են ասֆալտապատման և փողոցների բարեկարգման աշխատանքներ` մեկ անգամ ևս հարուցելով քաղաքացիների դժգոհությունն ու բողոքը:

Առաջին հայացքից հարց է առաջանում` ինչո՞ւ, մի՞թե վատ բան կա այն հանգամանքի մեջ, որ քաղաքային իշխանությունները մտածում են քաղաքի գեղեցկության, փողոցների բարեկարգության, երթևեկության որակի բարձրացման մասին: Իհարկե, վատ բան չկա: Բայց վատ է, երբ նույնիսկ լավ գործերը վատ են արվում:

Խոսենք օրինակներով: Ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում Մյասնիկյան պողոտայում, այսինքն` չէր գործում ճանապարհի կեսը, որտեղ իրականացվում էր «բուռն ասֆալտապատում»: Իսկ այդ պատճառով խցանումներ էին գոյանում, և այն ճանապարհը, որ ժամանակին հնարավոր էր անցնել ընդամենը 20 րոպեում, դառնում էր տարտարոսյան չարչարանք` ժամերի տևողությամբ: Դե այդ աշխատանքներն իրականացնողներն էլ որոշեցին, որ դա քիչ է, ու մի երեք օրով առհասարակ պետք է փակվի փողոցի` մեկ բարձրացող մասը, մեկ` իջնող: Արդյունքում մարդիկ պետք է շրջանցումով հասնեին քաղաքի` իրենց հարկավոր հատվածը` երկարացնելով ճանապարհը: Բայց դա էլ դեռ ոչինչ, հետո էլ պարզվեց, որ ավելի լավ էր այդ ճանապարհը չվերանորոգել, քանի որ այդպես ճանապարհի որակի բարձրացմանն ավելի շատ օգուտ տված կլինեին:

«Ես օրական պատկերացրեք, թե քանի անգամ եմ էս ճանապարհով իջնում-բարձրանում: Էն առաջները, ճիշտ ա, տեղ-տեղ քանդված մասեր կային, բայց գոնե էն տեղերը, որ նորմալ էին, իրոք նորմալ էին: Հիմա բռնել ամբողջ ճանապարհը քանդել են, տեղն իբր նոր ու որակով ասֆալտ են գցել, որն էնքան խորդուբորդ ա, որ մինչև անցնում եմ, «կոնտուզիա» եմ ստանում»,- սրտնեղած պատմում է 81 համարի  երթուղայիններից մեկի վարորդը, որը չուզեց` անունը հրապարակվի: Ի դեպ, ես էլ եմ այդ ճանապարհով ամեն օր իջնում-բարձրանում, ու նման սրտնեղություն լսում եմ գրեթե բոլոր վարորդներից` թե՛ տվյալ երթուղու, թե՛ այլ երթուղիների, ու համաձայն եմ նրանց հետ: Այսինքն` որակի մասին պետք է որ մտահոգվելու առիթ ունենան այս աշխատանքների պատվիրատուները:

Մի խոսքով` հետո էլ որոշվեց, որ ասֆալտապատման կարիք ունեն նաև մայրաքաղաքի գլխավոր նյարդային համակարգի այնպիսի հատվածներ, ինչպիսիք Բաղրամյան և Մաշտոցի պողոտաներն են` իրենց հետ հատվող մի շարք ավելի «մանր-մունր» փողոցների հետ միասին: Ու ստացվեց այնպես, որ արդեն սկսեցին դժգոհել ոչ միայն վարորդները, որոնք կա՛մ ստիպված ժամերով կանգնում են խցանումներում, կա՛մ պարտադրված երթևեկում են շրջանցիկ ճանապարհներով, կա՛մ ստիպված փնտրում են այդ «դժոխքից»` մրից, ծխից և այս օրերի շոգերի պայմաններում քաղաքի սրտին տիրած հոտից խույս տալու տարատեսակ ուղիներ, այլև մարդիկ` Երևանի շարքային կամ «հասարակ» բնակիչները:

«Տնից դուրս ենք գալիս ու չգիտենք, թե քանի ժամ կմնանք տրանսպորտի մեջ այս հոտի, այս ծխի և հալեցված ձյութի ու տաք ասֆալտի «բուրմունքի» պայմաններում: Էլ չեմ խոսում աղմուկի մասին: Մի՞թե կարելի է այսքան անհարմարություն պատճառել ժողովրդին` առանց նախօրոք տեղյակ պահելու: Դե երկիր չդառանք էլի, ոչ մեկը ժողովրդի մասին չի մտածում. ավելի ճիշտ` մտածում են` ինչքան հնարավոր է շատ նեղեն, որ թողնենք-փախչենք, մեր երկիրը մնա իրենց»,- դժգոհեց Սեդա մայրիկը` երթուղայինի տարեց ուղևորը:

Նրա բողոքի մեջ, ակնհայտ ճշմարտություն կա. մի՞թե հնարավոր չէր այդ աշխատանքները կազմակերպել, օրինակ, գիշերը, որ ոչ մի երթևեկության էլ չխանգարի: Այդ պրակտիկայով են, ի դեպ, աշխատում աշխարհի մի շարք նորմալ երկրներ, ում ամեն անգամ ինչ-որ բան անելու համար հղում են անում հայրենի իշխանությունները: «Միջազգային փորձ» կոչվածը նկատի ունենք: Կամ մեկ այլ տարբերակ. ամեն օր, գոնե լրատվական հաղորդումների հիմնական թողարկումների ժամանակ, նախապես հայտարարել, թե որ փողոցներում են հաջորդ օրն աշխատանքներ իրականացվելու, որպեսզի մարդիկ իրենց անելիքն իմանան:

Իսկ ինչ վերաբերում է ասֆալտի որակին, դա արդեն հարցի մեկ այլ կողմն է: Մի քանի անգամ, ասֆալտապատվող տարածքի մի քանի հատվածներում նայել ենք, թե ինչպիսի ասֆալտ է փռվում փողոցներում, և ինչ հաստության շերտով: Ճիշտն ասած` երկու սանտիմետրանոց ասֆալտի շերտը թե ինչպես պետք է դիմանա «ճակատագրի հետագա չար կատակներին», չգիտենք: Այս թերահավատությունը փորձեցինք պարզել ավտոճանապարհային տնտեսության մասնագետ, ճանապարհաշինական ընկերություններից մեկի ինժեներ-շինարար  Կարինե Սարգսյանից (անուն-ազգանունը հասկանալի պատճառներով փոխված են), որը, ի դեպ, հենց կազմել է այս ասֆալտապատվող ճանապարհներից մեկի ծախսերի և անհրաժեշտ աշխատանքների ծրագրա-հաշվարկային փաստաթղթերի փաթեթը. «Մենք նշում ենք ասֆալտի շերտի այլ հաստություն, իրենք փռում են այլ հաստության շերտ, մենք նշում են ասֆալտի այլ որակ, իրենք ուրիշ տեղի քանդած` հին ասֆալտը վերամշակում ու օգտագործում են այլ հատվածում: Այդպես էլ պետք է լինի վիճակը: Ու մի զարմացեք, որ ճանապարհները խորդուբորդ են, կամ աշխատանքները անգրագետ են կազմակերպվում»,- ասաց նա:

Այսինքն` պարզ է դառնում, թե ինչու ենք ստիպված հանդուրժել փողոցների «ասֆալտային իրարանցումը», հարյուրավոր մետրեր ձգվող խցանումները, գարշահոտը, անհարմարությունները, ի լրումն` անորակ ու շուտով նոր վերանորոգման կարիքի հայտ ներկայացնող ճանապարհները:

Ի դեպ, այս խնդրին վերաբերող հարցերից  մի քանիսի պատասխանը ստանալու ակնկալիքով  դիմել ենք Երևանի քաղաքապետարան, որտեղից հայտնեցին, որ մեր հարցերին կպատասխանեն հնարավորինս շուտ, բայց արդեն երկու օր է` պատասխան չենք ստանում. պատճառաբանությունը` «տեղեկատվությունը ճշտման փուլում է, հենց ստացվի, կուղարկենք»:

Դիտվել է 1799 անգամ:
Print Friendly

Leave a Reply