Հը, «կազմաքանդեցի՞ք»…

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 12, 2012 14:46

Երբ ՀԱԿ-ի շարքերը լքում է նրա առանցքային գործիչներից մեկը, որը նաև ՀԱԿ-ի առաջնորդի հետ խնամիական կապերով է «շղթայված», արդեն ծիծաղելի չէ, համենայն դեպս` ՀԱԿ-ի համար: Դիտարկելով, թե վերջին մեկ տարվա ընթացքում ինչ քաղաքական ուժեր և գործիչներ լքեցին ՀԱԿ-ը (ի դեպ, բոլորն էլ գրեթե նույն` սկզբունքային անհամաձայնության պատճառաբանությամբ), ակամա հիշեցինք Չերնոմիրդինի  հայտնի արտահայտությունը` «хотели, как лучше, получилось- как всегда…»: Արդեն այնքան շատ են ՀԱԿ-ը լքողները, որ դժվարանում ենք առանց google-ում որոնելու բոլորին անուն առ անուն հիշել: Մինչդեռ ՀԱԿ-ը հայտարարում էր, թե իրենք վճռական են, մինչև վերջ գնալու են` հանուն իշխանափոխության և «ավազակապետության կազմաքանդման», որ իրենք սուրբ են, երկնքից նոր են իջել, ոտքներն էլ` ամպոտ են: Հա, մեկ էլ ասում էին, որ իրենք այն ուժն են, որին ժողովուրդը միշտ կվստահի և կհետևի, ու միևնույն է, իրենք հաղթելու են:

Մի խոսքով,  հուլիսի 5-ին «Ազատություն» ռադիոկայանին այս անգամ էլ ՀԱԿ-ին իր անդամակցությունը դադարեցնելու մասին հայտնեց Ազգային անվտանգության նախկին նախարար, մինչև վերջերս Հայ ազգային կոնգրեսի առանցքային անդամներից մեկը հանդիսացող Դավիթ Շահնազարյանը: Նա տեղեկացրել է, որ ինքը Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից դուրս է եկել ընտրություններից առաջ` մարտ ամսին և ընդհանրապես իր քաղաքական գործունեությունը դադարեցրել է ՀԱԿ-ում: Չմանրամասնելով հրաժարման պատճառները` Դավիթ Շահնազարյանը, այդուամենայնիվ, իբրև գլխավոր գործոններից մեկը նշել է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, իսկ ներկայիս ընդդիմության բնորոշման համար գործածել է «ոչ լեգիտիմ» ձևակերպումը:

Դավիթ Շահնազարյանը 2011-ի ամռանը մեկնարկած ՀԱԿ-իշխանություն բանակցությունների պատվիրակության անդամ էր:

«Հետաքրքրականն այն է, որ թեև Շահնազարյանն այդ մասին ուղիղ չի խոսում, սակայն փորձ է արվում այնպես ներկայացնել, թե իբր Շահնազարյանը որոշել է լքել Կոնգրեսը որոշ հարցերում ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի հետ տեղի ունեցած համագործակցության պատճառով: Մեր տեղեկություններով, սակայն, իրականում, Շահնազարյանը որոշել է լքել Կոնգրեսը ոչ թե ԲՀԿ-ի, այլ շատ ավելի նեղ` անձնական պատճառներով»,- գրել էր ՀԱԿ-ի գործերից լավատեղյակ  «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Երբ  թերթը գրեց, որ Դավիթ Շահնազարյանի հեռանալը այլ` անձնական պատճառներ էլ ուներ, միանգամից հիշեցինք  «Վիկիլիքսի» հրապարակումը, ըստ որի` Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը 2008-ին ԱՄՆ դեսպանատանը փոխանցել է ՀՀ իշխանություններին ուղղված Տեր-Պետրոսյանի առաջարկը, որում կոչ է արվում փողոցային բողոքներից հրաժարվելու դիմաց ազատ արձակել ընդդիմության մոտ 75 աջակիցների: Այսինքն` նրա կապերը «եղբայր ամերիկացիների» հետ «քնքուշ» և գործընկերային են եղել, մի՞թե ՀԱԿ-ում սկսել են ուշադրություն դարձնել նման «մանրուքների» վրա, թե՞ այլ, ավելի անձնական հարաբերություններ էլ են առաջացել խնամիների միջև:

Ի դեպ, օրերս նույն Դավիթ Շահնազարյանին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեսնողներ են եղել: Ընդ որում, նա այդ պահին «Գարնան տասնյոթ ակնթարթ» հայտնի ֆիլմի հերոսների պես  ինչ-որ «բարեկամների» հետ «գործնական» խոսակցություն է վարել, ինչի արդյունքները, կարծում ենք, շուտով պարզ կդառնան Դավիթ Շահնազարյանի հետագա «քաղաքական գործունեության» սցենարից: Ի՞նչ կա որ, մարդ է, ազգային անվտանգության նախարար է եղել, «վիկիլիքսյան հերոս» է, ի՞նչն է պակաս, որ «Գարնան տասնյոթ ակնթարթների» հերոսների շարքը չդասվի:

Իսկ ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ-ի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կարծում, որ Դավիթ Շահնազարյանի պարագայում կարելի է տալ «ՀԱԿ-ի շարքերը մաքրվում են» ձևակերպումը: Օրերս կայացած մամուլի ասուլիսում նա կարծիք հայտնեց, որ Դավիթ Շահնազարյանը պետական մտածելակերպ ունեցող այն քաղաքական գործիչներից է, որոնց անկեղծ անհանգստությանը ինքը չի կասկածում: «Նա նույնչափ մտահոգ է այն նույն խնդիրներով, որչափ ՀԱԿ-ը: Ես վստահ եմ, որ նա նույն պայքարը շարունակելու է, գուցե մեկ այլ ուղղությամբ, բայց որ միանշանակ շարունակելու է, ես դրանում միանշանակ համոզված եմ: Մենք պետք է կարողանանք հարգել մեր ընկերոջ որոշումը և մեր պայքարը շարունակել: Ես վստահ եմ, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք բոլորս նորից հանդիպելու ենք, և մեր ուղիները նորից խաչվելու են»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Իհարկե, խոսքերն ավելորդ են. ՀԱԿ-ին ուր որ հարկն է ուղարկելուց հետո «ծլկել» Թբիլիսի և «խորհրդավոր» հեռախոսազրույցներ ունենալ, հավանաբար պետական մտածելակերպի փայլուն դրսևորում է: Ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրելու ակնարկ անգամ չենք անում, քավ լիցի, ուղղակի ենթադրում ենք,  որ սեպտեմբեր-հոկտեմբերին «խաչվող ուղիների փառատոն» էլ կտեսնենք: Գոնե այդպես խոստացել են, թքած, թե ՀԱԿ-ը չի «կազմաքանդվի»:

 

 

Դիտվել է 1679 անգամ:
Print Friendly

Leave a Reply