Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 12, 2012 0:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել է հայ-ռուսական հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի ընդգրկուն օրակարգ: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ օրակարգը շատ հարուստ է, և այն թույլ է տալիս առաջ մղել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունը:

Հանրապետության ղեկավարի համոզմամբ, հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը երկու պետությունների համար ամուր հիմք է բոլոր ուղղություններով շարունակելու զարգացնել և խորացնել փոխշահավետ գործակցությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կարևորելով օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը՝ բարձր են գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի անցած տարիների աշխատանքը: Վալենտինա Մատվիենկոն համոզվածություն է հայտնել, որ միջխորհրդարանական հարաբերությունները կարող են և պետք է ծանրակշիռ ներդրում ունենան միջպետական հարաբերությունների զարգացման գործում:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների հարաբերություններում կարևոր բաղկացուցիչ համարվող տնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության մասին, որտեղ, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի նաև տարածաշրջանների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությունը:

Երկուստեք բարձր է գնահատվել նաև ՀՀ և ՌԴ միջև երկկողմ ձևաչափից բացի, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում գործակցությունը: Հանրապետության նախագահը և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply