Ըստ Դավիթ Գասպարյանի` Լեզվի տեսչության համար մեր լեզուն “հերն անիծած” վիճակում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 6, 2012 16:00

“Եթե էներգետիկայի նախարարը իր գլխավորած վարչության անվանումը սխալ է արտաբերում` ասելով էլեկտրոէներգիա, եթե Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորը ասում էր “հասկաց”` “հասկացիրի” փոխարեն, և, առհասարակ, եթե մեր բարձրաստիճան մարդիկ են այսպես վարկաբեկում, անարգում մեր լեզուն, էլ էն խեղճ շուկայի ժողովրդից ինչ պահանջես”-այսպես իր խոսքն սկսեց գրականագետ Դավիթ Գասպարյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին` խոսելով լեզվի անաղարտության ու եթերի մաքրման մասին:

“Մեր լեզուն` մեր գլխավոր գանձը, մեր երկրի հարստությունն այս ձևով վտանգված է”,-ահազանգում է բանախոսն ու ավելացնում,- հեռուստատեսությունը ժողովրդին համախմբող ուժ է, ու եթե եթերից է մատուցվում սխալ խոսք ու տարածվում ողջ հասարակության մեջ, սա արդեն սարսափելի է:

“Առաջ թատրոնն էր մարդկանց լեզու սովորեցնում, այսօր` հեռուսատեսությունը: Իսկ լեզուն մեր բարձրագույն սրբությունն է, ունի օրինաչափություններ: Եթե լեզուն էլ մեր ձեռքից գնա, բոլորս թուրք ենք դառնալու”:

Գրականագետը, հիշելով խորհրդային տարիների բազմաթիվ վատ կողմերը, լավ բան էլ է հիշում, այն, որ ըստ նրա, Երևանում ձևավորվում էր մայրաքաղաքային լեզու:

Գասպարյանը նաև շատ է գնահատում մեր բարբառները, բայց ամեն մեկն իր տեղում, ոչ թե եթերում կամ պաշտոնական խոսքում:

Այսքանից հետո գրականագետ բանախոսը փաստում է, որ մեր լեզուն անտեր վիճակում է. “Երկու տարի առաջ լեզվի տեսչության ղեկավարին փոխեցին, նախորդը բավականին ակտիվ էր, նորն եկավ մի քիչ աշխատեց, առաջին ամսում փորձեց ինչ-որ բաներ անել, հետո նա էլ սուզվեց հավիտենական լռության մեջ, ու լեզվի հերն էլ անիծած, ինչ կլինի, կլինի”:

Ինչ վերաբերում է նախագահին` մի խումբ մտավորականների կողմից ուղղված նամակին և եթերի մաքրման հարցով ձևավորվող հանձնաժողովի կազմին, Դավիթ Գասպարյանն ասաց, որ հանձնաժողովը դրական արդյունք կտա, եթե այնտեղ ընդգրկված լինեն արժանավոր, գործից հասկացող մարդիկ: Իսկ թե ովքեր կարող են լինել այդ մարդիկ, բանախոսը նշեց, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի անունը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply