Ըստ ապագա բանասերների` «Անլռելի զանգակատան» հեղինակը Թումանյանն է

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 6, 2012 13:22

Այսօր հայոց լեզվի և գրականության բանավոր քննության նախավերջին օրն է`6 օր շարունակ օրական շուրջ 60 դիմորդ բանավոր քննություն է հանձնել:

Հայոց լեզվի և գրականության առարկայական հանձնաժողովի նախագահ Սամվել Մուրադյանը դժգոհ է դիմորդների գիտելիքների մակարդակից. « Այն մակարդակն է, որ դիմորդն ասում է, թե Պարույր Սևակի «Անլռելի զանգաակատունը» գրել է Հովհաննես Թումանյանը»:  Ասում է, որ հիմնականում ստանում են 8 բալ` բավարար, միջին գնահատականն էլ 10-14 է: 20 բալ դեռևս չի արձանագրվել, բայց մի քանի դիմորդներ 18 և 19 են վաստակել:

Հանձնաժողովի անդամ, ԳԹԿ գլխավոր մասնագետ Միրցա Հալաջյանն էլ ասում է, որ հանձնաժողովը ոչ միայն խիստ չէ, այլ երբեմն քիչ է մնում` իրենք պատասխանեն դիմորդի փոխարեն. « Եվ լավերը կան և  միջին գիտելիքներ ունեցող դիմորդներ կան և կան նաև այնպիսիք, որոնք կարծես հենց այնպես են եկել` ոչինչ չպարապած և չկարդացած: Ցավոք նման դիմորդների քանակը մեծ է»:

Հալաջյանը որպես օրինակ նշում է, որ դիմորդներից մեկը, ով Մաշտոցի մասին էր խոսում, չի իմացել, թե որն է եղել հայատառ առաջին նախադասությունը:

Անդրադառնալով հայոց լեզվի իմացությանը` Հալաջյանը նշում է, որ պատասխաններից զգացվում է, որ թեստերի համար են պարապել`նախադասությունը կարողանում են վերլուծել. « Բայց առաջին հարցը, երբ պիտի տեսական հարցը ներկայացնեն, մեկ նախադասություն ասում ու կանգ են առնում, չգիտեն, թե ինչի մասին պիտի խոսեն: Ակնհայտ է, որ ավելի շատ թեստի համար են պարապել, գիտելիքները կան, բայց մատուցման ունակությունները չկան»:

Մասնագետը նշում է նաև, որ դիմորդների բառապաշար  մակաբույծ արտահայտություններ են մտել`տեղին-անտեղին կիրառում են «հիմնականում», «հենց», «կարելի է ասել» արտահայտությունները. «պատճառը երևի ասելիք չունենալն է»:

Այսօր քննության մեկնարկից 1,5 ժամ անց արդեն արձանագրվել էր 1 անբավարար, երկու 8, մեկ 9 և մեկ 10 միավոր: Դիմորդները քննասենյակից տարբեր տրամադրությամբ էին դուրս գալիս` հուզված, տխուր, ուրախ: 10 ստացած դիմորդն, օրինակ, գրեթե լացելով դուրս եկավ: Խոսելուց հրաժարվեց, բայց նշեց, որ մեկ տարի պարապել է կրկնուսույցի մոտ, վաստակած գնահատականից ոչ գոհ է, ոչ դժգոհ:

Ռենան էլ, որ 8 է ստացել, գոհ է. ինքնուրույն է պարապել, պատմությունից ստացել է 10, հայոց լեզվի և գրականության գրավոր քննությունից` 14: Ասում է, որ հարցերը բարդ չեն եղել, ինքն էլ իր կարողությունների չափով վաստակել է:

Վաղը հայոց լեզվի և գրականության քննական վերջին օրը կլինի:

Իսկ հուլիսի 15-ին արդեն կհրապարակվեն բուհ ընդունված դիմորդների ցուցակները: Կհաջորդի ընդունելության երկրորդ փուլը` հուլիսի 15-20-ը, երբ առաջին փուլով իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված, բայց դրական գնահատականներ ստացած  դիմորդները կկարողանան թափուր մնացած տեղեր ունեցող ֆակուլտետներ հայտ ներկայացնել:

Դիտվել է 2546 անգամ:
Print Friendly

Leave a Reply