Տուրիզմին խանգարող հանգամանքները շատ են

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 11, 2012 14:35

Նորից բացվեց տուրիստական սեզոնը, և նորից առաջացավ սեզոնային հարցը. ինչպիսի՞ն է տուրիզմի վիճակը Հայաստանում:

Նախ նշենք, որ տուրիզմ եզրույթը բավականին ընդգրկուն հասկացություն է և ներառում է արտագնա տուրիզմը, երբ երկրի քաղաքացիները մեկնում են արտասահման`շրջագայության, և ներգնա տուրիզմը, երբ  արտասահմանյան տուրիստներն են գալիս Հայաստան` տուրիստական ուղեգրերով: Սրանից բացի կա նաև ներքին տուրիզմ հասկացությունը, որը նշանակում է` տվյալ երկրի քաղաքացիները տուրիստական շրջագայություն են կատարում` սեփական երկրի սահմանները չլքելով: Էլ չխոսենք տուրիզմի տարատեսակների` պատմամշակութային, ագրո-, էքստրեմալ, սպորտային, բուժական, արկածային և այլ տուրիզմների ու արշավների մասին: Բայց խոսքն այս ամենի մասին չէ` չնայած հանգամանքին, որ Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը բազմիցս ասել է, որ տուրիզմի բոլոր կամ գրեթե բոլոր տարատեսակների համար Հայաստանը իդեալական պայմաններ ունի` շնորհիվ լանդշաֆտային գոտիականության, բազմազանության, պատմամշակութային հարուստ ժառանգության և հայ ժողովրդի զարմանալի հյուրասիրության:

Որքանո՞վ է օգտագործվում այս ռեսուրսը: Հիշենք, որ տուրիզմի ոլորտը պետականորեն կարգավորվում է էկոնոմիկայի նախարարության միջոցով, մասնավորապես` զբոսաշրջության վարչության: Էկոնոմիկայի նախարարության փաստացի հրապարակումներում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է»: Իսկ զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է, պարզվում է, մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված զբոսաշրջային այցելությունների քանակի աճով, զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ:

Այս երեք պնդումներն էլ դասագրքային ճշմարտություններ են: Բայց ինչպե՞ս պետք է հասնել սրանց: Տուրիզմի ոլորտը Հայաստանում բազմաթիվ խնդիրներ ունի` կապված ենթակառուցվածքների, արտասահմանում ճիշտ ներկայանալու, հյուրանոցների  և այլ գործոնների հետ: Խնդիր է նաև տուրիզմի ոլորտում մատուցվող ապրանքների և ծառայությունների գների համապատասխանությունը որակին: Մեզ մոտ գները միշտ համապատասխանում են միջազգային չափանիշներին, իսկ ծառայությունների, սպասարկման գներից միշտ բողոքներ են հնչում և դեռ կհնչեն:

Բայց այս շարքից ամենակարևոր խնդիրը, որ, ըստ Ռ. Մինասյանի, պետք է լուծել առաջին հերթին, ոլորտի համար բարձրորակ կադրերի պատրաստումն է և նրանց միջոցով սպասարկման որակի բարձրացումը: Այդ մասին քանիերորդ տարին է, ինչ խոսում է ներգնա տուրօպերատորների արդեն նախկին նախագահը: Հայաստանում տուրիզմի ոլորտի աշխատողների ճնշող մեծամասնությունն այս ոլորտի հետ մասնագիտական որևէ կապ չունի:

Լ. Մինասյանի մեկնաբանմամբ` ներկայիս գերխնդիրներից է տուրիզմի ոլորտի համար որակյալ կադրեր պատրաստելը, որպեսզի կարողանանք դիմակայել շուկային և ներկայացնել որակյալ տուրիստական ապրանք: Իսկ տուրիզմի զարգացումը, սա էլ է դասագրքային ճշմարտություն, հանգեցնում է համընդհանուր բարեկեցության, որովհետև, ըստ միջազգային վիճակագրության, ցանկացած երկիր այցելած յուրաքանչյուր տուրիստ 3-4 աշխատատեղ է ստեղծում: Եվ մեծ ներհոսքեր են ապահովվում տվյալ երկրի պետական բյուջե:

Հայաստանը տուրիզմի ոլորտում մինչ օրս չունի նաև իր բրենդը: Օրինակ, երբ ասում են Ֆրանսիա, հասկանում են Էյֆելյան աշտարակ, կամ Եգիպտոս` բուրգեր: Իսկ ի՞նչ պետք է պատկերացնեն արտասահմանցի տուրիստները` Հայաստան ասելով:

Հայաստանը կաղում է նաև արտասահմանում լուրջ մարքեթինգային աշխատանքներ տանելու հարցում: Այն, ինչ արվում է ցուցահանդեսներում, քիչ է: Օրինակ` պետք է որոշել հնարավոր և իրատեսական դոնոր երկրներին, որոնք տուրիստներ են մատակարարում: 2011-ի արդյունքներով՝ դրանք են` Գերմանիան, ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Իրանը, Իտալիան, Ֆրանսիան:

Մենք պետք է պետականորեն գովազդենք Հայաստանը՝ որպես նոր «ապրանք»: Այնինչ մինչ օրս նույնիսկ հստակ հաշվարկ չկա, թե իրականում մեր երկիր որպես տուրիստ քանի մարդ է ժամանում: Մասնագիտական գրականությունում նշվում է, որ զբոսաշրջիկների իրական թիվն իմանալու համար պետք է հաշվել տուրփաթեթներով երկիր ժամանած անձանց, ոչ թե բոլոր նրանց, ովքեր ժամանում և որոշ ժամանակ գտնվում են երկրում, ինչպես,  օրինակ` արտերկիր արտագնա աշխատանքի մեկնած և ժամանակավորապես տուն վերադարձած «խոպանչիներն» են: Իսկ տարածքների համաչափ զարգացման համար, ինչպես նշվում է էկոնոմիկայի նախարարության դրույթներում, պետք է գոնե իմանալ, թե տարեկան որ մարզ քանի տուրիստ է այցելում, որ սեզոններին, ինչ պահանջարկ են նրանք ձևավորում, ինչքան գումար են ծախսում այդ մարզում և ինչքան են մնում: Սա այն նվազագույնն է, որը հնարավոր է հաշվառել, բայց մինչ օրս չի արվում: Ուրեմն տուրիզմի ի՞նչ տարածքային համաչափ զարգացման մասին է խոսքը:

Իսկ եթե լսելու լինենք  ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանին, որը հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպում ուներ, ապա Հայաստանում լուրջ խնդիր է կենսազուգարանների հարցը. «Մեր հասարակության մեջ պետք է ձևավորվի զուգարաններից օգտվելու մշակույթ»,- ասաց Ապրեսյանը: Ստացվում է, որ տուրիզմի ոլորտում բոլոր երգերը երգել ենք, մնացել է սարի սմբուլը:

 Հ.Գ. Քանի որ տուրիզմի ոլորտը մեկ նյութով հնարավոր չէ ամփոփել, առաջիկա համարներում կանդրադառնանք այս ոլորտի մասնավոր խնդիրներին` առանձին-առանձին:

 

 

Դիտվել է 1850 անգամ:
Print Friendly

Leave a Reply