«Պարզապես ես հասկացել եմ բնության օրենքը…». նկարչուհու ստեղծագործության և երջանկության գաղտնիքը (լուսանկարներ)

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 7, 2012 13:00

Սվետլանա Հակոբյանը երբևէ ձեռքը վրձին չէր վերցրել ու չէր նկարել, բայց զգում էր, որ հոգու ծարավ կա, ինչը նախ արտահայտվեց պոեզիայի լեզվով. ստեղծվեցին բանաստեղծական  շարքեր, որոնցում արտահայտվեցին նրա մտորումները կյանքի ու ճշմարտության մասին: Սակայն կրկին ինչ-որ բան չէր հերիքում: Ստեղծագործական զարթոնքը նկարչության մեջ տեղի ունեցավ հանկարծակի ու միանգամից, և առաջին վրձնահարվածի հետ դուրս հորդեցին կյանքի ընթացքում կուտակված զգացումները, կենսափորձն ու աշխարհայացքը: «2000 թ. ընտանիքով Թաիլանդում հանգստանում էինք և մասնակցեցինք մի ցուցադրության, որտեղ փղերը կնճիթներով նկարում էին,- հիշում է նա,- ես նկարներից մեկը գնեցի: Նայում էի՝ ի՜նչ ներդաշնակություն, կարծես կենդանին բնազդով զգացել էր գունային համադրությունը»:

2002 թ., Մոսկվա: «Մի օր տղայիս խնդրեցի, որ գունավոր մատիտներ ու թուղթ բերի,- պատմում է նա,- բերեց, մտա իմ սենյակ, դուռը փակեցի և սկսեցի նկարել ագահորեն, իրար հետևից, առանց հանգստանալու: 24-25 պատկեր նկարելուց հետո կարծես հանգստացա ու խորը հոգոց հանեցի: Վերջապես իմ միջից դուրս հորդեց այն, ինչի մասին երկար ժամանակ մտածում էի, բայց չէի հասկանում, թե ինչ է»:

Մոսկվայից վերադառնալով Երևան` օդանավակայանից ուղիղ գնում է Վերնիսաժ, մեծ-մեծ կտավներ, ներկեր, վրձիններ գնում, տանում տուն ու սկսում նկարել: «Կամաց-կամաց զգացի, որ իմ նկարները հետաքրքրություն են առաջացնում,- ասում է նա,- մասնագետներն իրենց գնահատականներով ոգևորում էին, ոմանք խորհուրդ տվեցին, որ գնամ և մասնագիտական հմտություններ ձեռք բերեմ, սակայն ես մերժեցի, քանի որ գիտեի՝ հենց սկսեմ մասնագիտորեն աշխատել, կկորցնեմ այն, ինչ ունեմ: Մտածեցի՝ թող չընդունվի, բայց լինի իմը, լինի անկեղծ ու ամենակարևորը՝ չկրկնվի»:

Սվետլանա Հակոբյանի ցուցահանդեսներն արդեն կազմակերպվում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս: «Երբ անհատական ցուցահանդես ես ունենում, մարդիկ լավ կարծիքներ են արտահայտում, հիացմունքի խոսքեր ասում և այլն, բայց դու քեզ չես կարողանում իսկապես ճանաչել: Իմ աշխատանքների իրական արժեքը հասկացա այն ժամանակ, երբ մասնակցեցի «Մոնակո Արտ էքսպո – 2011» և նույն տարում Լուվրի «Գրանդ դը Կարուսել» ցուցահանդեսներին: Դրանք կերպարվեստի ցուցադրման միջազգային ամենահեղինակավոր միջոցառումներից են, որոնց ժամանակ ներկայացվում են ոչ միայն ժամանակակից, այլև համաշխարհային խոշորագույն նկարիչների ստեղծագործություններ: Երբ մասնակցում ես հեղինակավոր արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսների, քո դերն ու տեղը ճշտում ես ըստ արժանվույն»:

«Մոնակո Արտ էքսպո – 2011» ցուցահանդեսի ժամանակ նկարչուհին նկատում է, որ այցելուներն իր կտավների կողքով անտարբեր չեն անցնում, երկար կանգնում են, դիտում, բանավիճում: Հանկարծ իտալացի ամուսիններ են անցնում տաղավարի մոտով և տեսնելով նկարչուհու գործերը՝ ցանկություն հայտնում գնել դրանցից երկուսը: Սվետլանա Հակոբյանը բացատրում է, որ իր կտավները երբևէ չի վաճառել: Իտալացիներն էլ ավելի համառորեն են պնդում՝ նկարներից մեկի համար առաջարկելով 35 հազար, մյուսի համար՝ 15 հազար եվրո: Սակայն նկարչուհին չի համաձայնում: «Իմ նկարները չեմ վաճառում, անգամ նվիրում եմ հազվադեպ, երևի դեռ պատրաստ չեմ դրանցից բաժանվել»,- խոստովանում է նա:

Ցուցահանդեսից հետո ամերիկյան հեղինակավոր «Ֆայն Արտ» ամսագրի էջերում հայտնվում են նկարչուհու կտավները՝ նրա մասին պատմող հոդվածով, ավելին, ամսագրի այդ համարի շապիկը ներկայացվում է նրա գեղանկարներից մեկով:

Սվետլանա Հակոբյանի կտավները յուրօրինակ են թե՛ գույնի, թե՛ պատկերի և թե՛ տեխնիկայի առումով: Դրանք լի են կենսական հզոր էներգիայով, որի դրական լիցքերը հնարավոր չէ չզգալ՝ կտավների կողքին գտնվելով: Աբստրակտ ոճի նկարներում տիեզերական ներդաշնակություն է կամ, ինչպես նկարչուհին է ասում, քաոսային ներդաշնակություն, որը հասկանալու համար պետք է դուրս գալ նյութական աշխարհից և մտնել հոգևորի սահմանները:

Նրա նկարչության մեջ տիեզերական կապի գաղտնիքն է: «Մենք տիեզերքի մի մասնիկն ենք և չենք կարող մեզ առանձնացնել»,- ասում է նա:

Իսկ ի՞նչ է պետք, որպեսզի մարդը հաշտ լինի տիեզերքի հետ: Ըստ նկարչի` պետք է ընդամենը հասկանալ Մայր բնության օրենքը, որը ներքին ձայնը լսելու կարողությունն է: Դա այն ճանապարհն է, որը մարդուն հոգևոր մի հարթությունից տանում է մեկ այլ հարթություն՝ հասու դարձնելով կյանքի կարևորագույն բանաձևերին: «Կապը տիեզերքի հետ միայն հոգու միջոցով է: Հենց մտնում ես այդ օրենքի մեջ, ամեն ինչ այնքան պարզ է դառնում, և մարդն այնքան հաշտ ու խաղաղ է ապրում ինքն իր հետ: Իսկ երջանկությունը հոգու խաղաղությունն է, ով ուզում ես եղիր, ինչի ուզում ես հասիր, եթե հոգիդ խաղաղ չէ, երջանիկ չես»:

Նկարչուհին գտել է երջանկության բանաձևը՝ չհակառակվել բնության օրենքին և հաշտ լինել բնության հետ: «Այն, ինչ մեր դեմ է, մեր մեջ է,- հասկացել է նա,- եթե մի բան չի ստացվում, մեղավորներ չպետք է փնտրել»:

Նկարչի կտավներից մեկը կոչվում է «Գաղտնատեսը». դա այն աչքն է, որի առաջ բաց է մարդու միտքն ու հոգին: «Բնությունը որոշ չափով թույլ է տալիս մեզ սխալվել, բայց հենց չափն անցնում ենք, պատասխանը չի ուշանում»,- վստահ է նա:

Նկարչի նատյուրմորտները, դիմանկարներն ու բնանկարները շաղախված են կրակի բոցով, որտեղից դուրս է հորդում կենսատու ջերմություն ու մեծ  էներգիա: Կտավներից մեկը կոչվում է «Կրակի սերմեր»: «Կյանքի հրավառության գաղտնիքը խանդավառվելու և խանդավառելու մեջ է»,- այսպես է բնութագրում իր կտավը նկարիչը: Այդ միտքը նաև նրա ստեղծագործության և գործունեության առանցքն է:

Պոեզիայի և կերպարվեստի միջև կապն անխուսափելի է: Դրանք իրար փոխլրացնող վիճակներ են, սակայն նրա գրքերում ավելի շատ մտորումներ ու խնդիրներ են, կտավներում՝ մարդու և բնության ներդաշնակ գոյության լուծումներ:

Այդպես է ապրում. թե՛ տանը, թե՛ աշխատավայրում նկարչուհու միջավայրը միահյուսված է բնության և մարդու ստեղծած գեղեցիկով: Նրա միջավայրում ամեն ինչ խաղաղ է, տրամադրող, ներդաշնակ ու համահունչ:

Նրա մտածելակերպը տարբեր է. նա համոզված է, որ ինչքան էլ կինը լինի ինքնուրույն ու ազատատենչ, պետք է հիշի իր գլխավոր առաքելությունը՝ որդեծնությունը. «Իսկ այն շնորհները, որ կան կնոջ մեջ, միևնույն է, մի օր դրսևորվելու են»,- համոզված է նա:

Պետության ու պետականության կայացման և հզորացման գործում անչափ կարևորելով ամուր ընտանիքի և հատկապես մոր դերը` նա իր հասարակական գործունեության հիմքում դրել է մայր կրթելու գաղափարը: «Ես գտել եմ ելքը, պետք է մայր կրթելու դպրոց ձևավորել` սկսած մոր արգանդից մինչև դպրոց ու բուհ. հայ կինը պետք է հասկանա իր առաքելությունը»:

Իր 3 որդիներով և 7 թոռներով հպարտացող Սվետլանա Հակոբյանը գիտի իր զավակների հաջողության և լավ մարդ լինելու գաղտնիքը. դա ինքնուրույն, ազատ, սակայն ազգային արժեհամակարգով դաստիարակվելու արդյունքն է:

Սվետլանա Հակոբյանի  գործունեությունը չի սահմանափակվում միայն գեղեցիկի, ազգայինի, բնության հետ հաշտ ապրելու մասին իր մտորումները կտավին ու թղթին հանձնելով: Իր ու իր որդիների կողմից ստեղծված «Դար» հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ նպաստելով ազգային մշակույթի պահպանմանն ու վերելքին:

Դիտվել է 3800 անգամ:
Print Friendly

Leave a Reply