Եթե ժամանակին նախադեպերը կանխվեին…

ԷՍՍԵ | | July 5, 2012 13:00

Հասարակությունը կրկին ալեկոծված է: Իրավացիորեն: Դեպքն իրոք ցնցող էր: Խոսքը ռազմական բժիշկ Վահե Ավետյանի  ողբերգական մահվան մասին է:

Վշտի ու կարեկցանքի հետ մեկտեղ դեպքը նաև որոշ իրարանցում առաջացրեց այսպես կոչված ընդդիմադիր ուժերի շարքերում, քանի որ այն տեղի էր ունեցել օլիգարխի հաստատությունում, ուստի իշխանություններին հիմնավոր կերպով քարկոծելու պատեհ առիթ էր ստեղծվել: Գուցե սա օրինաչափ ու մարդկային է: Սակայն ցավալի է այն առումով, որ անկեղծորեն վշտացածներից առավել եռանդով խոսում են այն մարդիկ, որոնց շեֆերը կամ ընկերները կանգնած են նման բռնությունների ակունքներում և բազմաթիվ նախադեպերի հեղինակ են:

Մարդկանց հիշողությունը պահե՞լ է արդյոք 2005-ի փետրվարի 4-ին «ՏԷՑ-ի կրուգում» տեղի ունեցածը: Այս տարվա հունվարի 24-ին «Առավոտի» իր բլոգում  Աննա Իսրայելյանը հիշեցրեց Աշոտ Ավետիսյանի՝ «Նեպտունի» Համիկի կամ Բանգլադեշի Համոյի մասին: «Մեկն եմ այն լրագրողներից, որոնք տուժող էին ճանաչվել այն գործով, որով 100 հազար դրամ տուգանք սահմանվեց Աշոտ Ավետիսյանի համար,- գրում է Իսրայելյանը:- Հետո էլ հետևում էի նրա «գործունեությանը», և հիշում էի, որ «ՏԷՑ-ի կրուգում» երկու խմբավորումների միջև զինված բախումից հետո նա դատապարտվեց ընդամենը պայմանական ազատազրկման: Ուստի և նյութի մեջ ավելացրի, որ նա հանրությանը հայտնի է «մասնավորապես այն բանից հետո, երբ 2004-ի ապրիլի 5-ին «Ազգային միաբանության» հանրահավաքի ժամանակ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր նետեց Արտաշես Գեղամյանի վրա և ջարդեց այս ամենը նկարահանող լրագրողների ֆոտո- և տեսախցիկները, բռնություն գործադրեց նրանց նկատմամբ: Ե՛վ այդ ժամանակ, և՛ հետո՝ «ՏԷՑ-ի կրուգում» տեղի ունեցած «ռազբորկա»-ին մասնակցության համար Աշոտ Ավետիսյանն արժանացել էր զուտ խորհրդանշական պատժի»: Գագիկ Շամշյանն էլ իր կողմից հավելել է. «2010 թ. Տիգրան Մեծի պողոտայում նա վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, որը մահացավ: Դեպքի վայրից Աշոտ Ավետիսյանը դիմել էր փախուստի: Եվ դրա համար էլի արժանացավ միայն տուգանքի»:

Եթե չեմ սխալվում, Բանգլադեշի Համոն մեր մյուս հայտնի օլիգարխի շրջապատից էր, որի մասին ասում են, թե «մեղավորներին» պատժում է առյուծներով:

Կամ շատերը հիշում են Պողոս Պողոսյանի դեպքը, որը դաժանորեն սպանվեց նախկին նախագահի թիկնապահների ձեռքով, քանի որ համարձակվել էր «Առագաստ» սրճարանում ողջունել նախագահին:  Եվ կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն չփորձեց անգամ պայքարել իր կուսակցության անդամի մարդասպաններին արդար դատարանի առջև կանգնեցնելու և արժանի պատժի հասնելու համար, քանի որ համարվում էր նախագահի հենարաններից մեկը: Հասարակությունը աղմկեց, բայց չկարողացավ հետամուտ լինել արդարությանը: Նախաքննությունն ու դատավարությունը վերածվեցին ֆարսի, և մարդուն անմեղ տեղը սպանած անձինք շարունակեցին ապրել ազատության մեջ, իսկ միակ մեղադրյալը խորհրդանշական պատիժ ստացավ:

Առանձնապես բարձր է գոռում ՀԱԿ-ը,  որի շարքերում կանգնած Ջհանգիրյանի կամ Սաղաթելյանի դաժանությունները դեռ չեն ջնջվել մարդկանց հիշողությունից: Ականատեսները պատմում են, որ 1996 թ. հետընտրական դեպքերից հետո ընդդիմության առաջնորդների նկատմամբ արյունալի հաշվեհարդարից հետո լուսանկարել են նրանց և ցույց տվել Բաբկեն Արարքցյանին և մյուսներին: Վերջիններս համարել են, որ քիչ են ծեծել ու հրամայել են  կրկնել ծեծը: Բայց դահիճների մեջ խիղճ է արթնացել ու Կիմ Բալայանի վրա ներկ թե ինչ-որ նյութ են քսել ու նկարը նորից ցույց տվել շեֆերին, որ բավարարեն նրանց ցանկությունները:

Եվ դեռ այն ժամանակ շատերն էին իրավացիորեն պնդում, որ քանի դեռ նման նախադեպերն անաչառ գնահատական չեն ստանում, քանի դեռ բռնացողները չեն պատժվում, այս ամենը շարունակություն է ունենալու` ավելի դաժան, ավելի ողբերգական: Եթե այն ժամանակ մեղավորները պատժվեին, միգուցե Վահե Ավետյանը հիմա իր կնոջ և երեխաների կողքին լիներ:

Մի ուրիշ մտածելակերպ էլ կա, որ պակաս մտահոգող չէ: Ասում են, եթե մեր երկրում այսպիսի դեպքեր են կատարվում, ապա այս երկրից պետք է հեռանալ, կամ տեղի-անտեղի կրկներգի պես կրկնում են, թե սովետի ժամանակ նման բաներ չկային, այս ամենի մեղավորը անկախությունն է: Սա ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մի մասն ուղղակի իր երկիրը չի սիրում: Նմանատիպ և ավելի սահմռկեցուցիչ դաժանություններ այլ երկրներում էլ են տեղի ունենում, պարզապես զարգացած երկրներում  մեղավորները պատժվում են օրենքով: Ինչ վերաբերում է «սովետին», հանրահայտ է, թե նախաքննության ժամանակ ինչպես էին ծեծի ու խոշտանգումների միջոցով խոստովանություններ կորզում: Այդ ամենը մենք այն ժամանակներից ենք ժառանգություն ստացել: Իսկ կռիվներ, ծեծ ու սպանություն այն ժամանակ էլ կային, բայց դրանց մասին հասարակությունը չէր  տեղեկանում:

Մի մխիթարություն, այնուամենայնիվ, կա: Ակնհայտ է, որ կայանում է երազած քաղաքացիական  հասարակությունը, որն էլ կստիպի մեր երկրին դառնալ իրավական պետություն:

Կա՛մ ժամանակներն են փոխվել, կա՛մ Ֆեյսբուքն է իր գործն անում, կա՛մ էլ  հավանաբար իշխանություններն ավելի հանդուրժող են, համենայն դեպս մեր հասարակության ակտիվությունը և մեղավորներին պատժելու արդար պահանջը հույս է ներշնչում, որ հետագայում  նման ողբերգություններից կխուսափենք: Եվ հասարակությունը նույն վերաբերմունքը  կցուցաբերի ոչ միայն սպաների, այլև հասարակ քաղաքացիների նկատմամբ դրսևորած դաժանության նկատմամբ:

 

Դիտվել է 2258 անգամ:
Print Friendly

Leave a Reply