Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի համար՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո

Պաշտոնական, Օրվա լուր | | July 4, 2012 13:44

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի համար՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո

Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է մեր հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Պարոն վան Ռոմպոյի հետ մենք ունեցանք անկեղծ և օգտակար քննարկում երկկողմ և տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: Պետք է նշեմ, որ մեզ մոտ առկա է լիակատար փոխըմբռնում օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում առկա է նկատելի առաջընթաց մի շարք ուղղություններով, և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը` պահպանելու դրական դինամիկան և շարունակաբար զարգացնելու մեր համագործակցությունը:
Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ և աջակցողի: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր բարեփոխումներին Եվրոպական միության աջակցության վերաբերյալ:
Պարոն նախագահի հետ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում:
Անդրադարձ կատարեցինք Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների և մեր գնահատականները համընկնում են. սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռևս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում:
Գոհունակությամբ նշեցինք, որ հաջողությամբ են ընթանում Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և սեղմ ժամկետներում ավարտել նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները: Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջև շփումներն ընդարձակելու համար:
Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին` Հայաստանի բարեփոխումներին սատարելու պատրաստակամության համար: Դա շատ կարևոր է այդ բարեփոխումների արագ և լիարժեք իրականացման համար: Պարոն վան Ռոմպոյի հետ մտքեր փոխանակեցինք այդ աջակցության նոր հնարավոր ձևերի մասին:
Վերջերս գտնվելով Բրյուսելում՝ մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը և դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, և մենք ակնկալում ենք, որ որպես Արևելյան գործընկեր՝ կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը:
Պարոն Նախագահ, Ձեր այցը չափազանց կարևոր է, բայց, ցավոք, շատ կարճատև: Հուսով եմ, որ Ձեր գերծանրաբեռնված օրակարգում ժամանակ կգտնեք կրկին այցելելու Հայաստան, քանի որ մեր ինտենսիվ շփումները չափազանց կարևոր են մեր հարաբերություններն ամրապնդելու համար: Մեկ անգամ ևս բարով եք եկել: Շնորհակալ եմ ուշադրության, աջակցության համար:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի տրվել է աշխատանքային ճաշ:

Դիտվել է 611 անգամ:
Print Friendly

Leave a Reply