Ադրբեջանական անարժեք բանաձևն ու հայկական լրատվամիջոցի անիմաստ աղմուկը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 29, 2012 5:23

Հունիսի 25-ին հայաստանյան լրատվական կայքերից մեկը՝ times.am-ը, տեղեկություն տարածեց, թե 2012 թ. մարտի 27-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Քուոմոն ընդունել է մի բանաձև, ըստ որի` մարտի 31-ը ճանաչվում է որպես «Ադրբեջանական հիշատակի օր Նյու Յորք նահանգում»:

Բանաձևի հիմնավորումն այն է, թե 1918 թ. մարտի 30-ին հայ դաշնակցական կուսակցության անդամների կողմից, բոլշևիկների հետ համատեղ, սկիզբ է առել ադրբեջանցիների դեմ «ցեղասպանությունը», որին զոհ է գնացել շուրջ 20.000 անմեղ ադրբեջանցի:

Մենք փորձեցինք պարզել՝ այդ տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Նախ կապ հաստատեցինք արտաքին գործերի նախարարության, ապա ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:

ԱԳՆ-ից հայտնեցին, որ պաշտոնական գրություն են ուղարկել նահանգապետի գրասենյակ և սպասում են պատասխանի, Կիրո Մանոյանն էլ ասաց, որ տեղյակ է բանաձևից և պարզաբանեց, որ այն Նյու Յորքի նահանգի Սենատին է ներկայացվել Սենատի հանձնախմբերից մեկի կողմից, սակայն իր ունեցած տեղեկություններով՝ չի ընդունվել, ուստի նահանգապետը չէր կարող հաստատել:

Հաջորդ օրն առավոտյան պարզվեց, թե ինչ է եղել իրականում: Նման բանաձև Սենատին իսկապես ներկայացվել է և ընդունվել, սակայն այն չի հաստատվել նահանգապետի կողմից, ավելին, նահանգապետի գրասենյակում անգամ տեղյակ չեն եղել, որ նման բանաձև գոյություն ունի:

Ի՞նչ բանաձև է դա և ի՞նչ ուժ կարող է ունենալ: Ըստ Կիրո Մանոյանի, Նյու Յորքի օրենսդրական մարմնում շատ են ընդունվում նման բանաձևեր, որոնք այնքան աննշան ու անկարևոր են, որ դրանց վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվում, և նույնիսկ քվեարկության չեն դրվում: «Այս բանաձևի պարագայում, մանրամասն հետազոտելով այդ օրվա անցկացված քվեարկությունների արձանագրությունները, պարզեցինք, որ որևէ քվերակություն չի էլ եղել,- ասաց նա,- իսկ երբ փորձեցինք հստակեցնել Նյու Յորքի խորհրդարանում և նահանգապետի գրասենյակում, թե դա ինչ է, իրենք էլ էին զարմացած և, ինչու չէ, անհանգստացած»:

Նույն օրը ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հաստատեց, որ դա լուրջ փաստաթուղթ չէ, և դրա մասին անգամ տեղյակ չեն նահանգապետի գրասենյակում:

Փաստորեն, հայկական լրատվամիջոցը սխալ էր թարգմանել տեքստը՝ ներկայացնելով, թե իբր այն հաստատվել է նահանգապետի կողմից:

Ըստ Կիրո Մանոյանի, եթե դա իսկապես լուրջ փաստաթուղթ լիներ, ապա ադրբեջանցիները հենց այդ օրը մեծ աղմուկ կհանեին և կտարածեին: Սակայն դա այնքան աննշան բան է եղել, որ նրանց լրատվամիջոցներն էլ են երեք ամիս անց միայն անդրադարձել դրան, որից էլ մեր լրատվամիջոցները վերցրել են:

Այս օրինակից ելնելով` Կիրո Մանոյանը հայաստանյան լրատվամիջոցներին հորդորում է շատ զգույշ լինել, հատկապես` հակառակ կողմից տեղեկատվություն վերցնելու և տարածելու գործում: «Չեմ ասում, որ այդ լուրը չպետք է տրվեր, բայց նման հարձակողական ոճով և, ընդ որում, սխալ թարգմանությամբ չէր կարելի տարածել` մի կողմից էլ մեղադրելով ԱԳՆ-ին, թե տեղյակ չեն, և այլն,- ասում է նա,- ամենավատ բանն է, որ հասարակությունն իր իսկ լրատվամիջոցների կողմից իրեն խաբված է զգում, հատկապես որ խոսքը արտաքին ճակատի մասին է»:

Հենց սա էլ կոչվում է տեղեկատվական պատերազմ, որի դեպքում պետք է շատ զգոն լինել՝ հակառակորդի ծուղակը չընկնելու համար. «Այո, իշխանությունները միշտ չէ, որ ասում են ճշմարտությունը որևէ հարցի մասին, բայց համենայն դեպս, ես 5 անգամ կմտածեի նախքան կասկածելը Հայաստանի իշխանությունների ասածներին և 5 անգամ էլ կմտածեի նախքան ընդունելը ադրբեջանական կամ թուրքական իշխանության ասածները, էլ ուր մնաց այդ ասածները հալած յուղի տեղ ընդունելն ու աջ ու ձախ մեղադրանքներ անելը»:

Ինչ վերաբերում է սենատի այդ բանաձևին, ապա Կիրո Մանոյանը կարծում է, որ ինչքան էլ այդ փաստաթուղթն անկարևոր լինի, պետք է ուշադիր հետևել դրա հետագա ճակատագրին. «Հանգիստ նստել և ասել, որ սա խնդիր չէ, և ոչինչ չի լինի, չի կարելի, բայց մտահոգվել, որ նման բանաձև է ընդունվել, դա էլ ճիշտ չէ: Պետք է պարզապես հաշվի առնել, որ հակառակորդը սկսել է օգտագործել գործիքներ, որոնք մինչ այժմ չէր օգտագործում»:

Նա հիշեց, որ երբ 2 տարի առաջ իրենք գնացել էին Բաքու, Ադրբեջանի դատախազությունն այդ ժամանակ հենց այդ դեպքերի մասին տեղեկատվություն էր հավաքում: «Նրանք զբաղված են հավաքական ինքնախաբեությամբ և փորձում են այդ իրադարձությունը ներկայացնել որպես հայերի, հատկապես` դաշնակցության և Ստեփան Շահումյանի գլխավորությամբ կոմունիստների կողմից իրականացված ոճիր,- ասում է Կիրո Մանոյանը,- բայց, անշուշտ, Նյու Յորքում կպարզվի, թե այս հարցն ինչպես է ծագել կամ այս բանաձևն ինչ միջոցներով է հասել Սենատ»:

Պարզ է, որ ինչ-որ մի սենատոր պարզապես սողոսկել է ներս՝ ադրբեջանական պատվեր կատարելով և կարծել է, թե մի մեծ բան է անում: Սակայն արած գործն այնքան աննշան է եղել, որ երեք ամիս է տևել, մինչև արածը լուրի է վերածվել:

Որպեսզի կանխենք այդ և նմանօրինակ հարձակումները՝ միաժամանակ համարժեք հակահարված տալով, ՀՅԴ ներկայացուցիչը կարծում է, որ պետք է անդադար աշխատել՝ առաջին հերթին պատրաստելով դիվանագետներ` որպես այդ բանակի զինվորներ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին, ապա Ադրբեջանն ու Թուրքիան իրենց սփյուռքը կազմակերպում են որպես իրենց դեսպանատների շարունակություն, ինչը կարող է կարճ ժամանակում ինչ-որ արդյունք տալ, սակայն երկար դիմանալ չի կարող, որովհետև պարզ է, որ նրանց սփյուռքը  հինգերորդ շարասյան դեր է կատարում. «Ոչ մի երկրում դա լավ չի կարող ընկալվել, հատկապես որ խոսքը վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին, իսկ Ադրբեջանին՝ առավել ևս, քանի որ նա ժողովրդավարության տեսանկյունից բավականին խոցելի է»:

Բայց այն, որ Ադրբեջանում և Թուրքիայում լուրջ դիվանագետներ պատրաստում են, և այդ դիվանագետները միշտ խնդիրներ կստեղծեն Հայաստանի համար, քանի որ նրանց գործունեության հիմքում ստերն են, դա էլ է փաստ: «Խեղաթյուրելը համեմատաբար հեշտ բան է, դրա համար էլ նրանք ինչ-որ չափով հաջողության հասել են,- ասում է ՀՅԴ ներկայացուցիչը,- ուրիշ հարց է, որ եթե մենք մեկ առ մեկ դրանց պատասխանենք, քննադատենք, հստակ կերևա, որ նրանց ասածները նույնիսկ տրամաբանության հետ կապ չունեն, էլ ուր մնաց՝ իրականության»:

Եվ որպեսզի կարողանանք այդ ամենի դեմ պայքարել, անհրաժեշտ են հստակ քաղաքականություն, դիվանագիտական դպրոցի կայացում և ամենօրյա համառ աշխատանք: Սա Կիրո Մանոյանի համար քննարկման ենթակա չէ:

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply