Եղեռնի ականատեսի ոդիսականը 24 էջանոց տետրում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 4, 2012 18:09
եղեռնը վերապրածի հուշեր

Ձախից` Հարությունը, աջից` Ավետիսը, կենտրոնի անձն անհայտ է

«Անկախի» տրամադրության տակ է սովորական, բայց բացառիկ մի տետր, որի էջերին, ինչպես հեղինակը` Հարություն Կիրակոսյանն է գրել, «մեկուկեսերկու միլիոն հայերի չնչին մի տոկոսի զարհուրանքներն են», որին նա ականատես է եղել:

Այս պատմությունը ևս մեկ վկայություն է Արևմտյան Հայաստանում երիտթուրքերի կողմից իրականացված ահավոր ջարդերի, որոնց անվանումը մեկն է` ցեղասպանություն: Եվ եթե անգամ այսօր որոշ գերտերությունների ձեռնտու չէ ընդունել, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, միևնույն է, մի օր աշխարհը ստիպված է լինելու հաշվի նստել փաստի հետ: Իսկ ականատեսների վկայություններն այդ գործում ուղղակի անգնահատելի են: Բարեբախտաբար, շատերն են իրենց տեսածն ու զգացածը հանձնել թղթին` պահ տալով պատմությանը:

Հարություն Կիրակոսյանը ծնվել է 1903 թ. Տրապիզոնում: 1915 թ. կոտորածների և գաղթի ժամանակ ընտանիքի անդամները սպանվել են: 7 երեխաներից կենդանի են մնացել միայն ավագ եղբայրը` Ավետիսը, որը 1913 թ. մեկնել էր Ռուսաստան` ուսումը շարունակելու, և ինքը, որ աքսորի ճանապարհին բախտի բերմամբ ընկել է դիակների մեջ և աննկատ մնացել:

Աքսորի ու ջարդերի մասին իր վկայությունը նա գրել է 1965 թ. և հանձնել եղբորորդուն` անվանի հայագետ Ռաֆայել Իշխանյանին:

Եղեռնի ականատեսի հուշերը ներկայացնում ենք երկու մասով:

Մաս առաջին

«1915 թ. Տրապիզոնի բոլոր հայկական թաղամասերում տեղի տաճիկ կառավարության կողմից պատերին թղթեր փակցվեց հետևյալ բովանդակությամբ. «Սույն հայտարարությունից երեք օր հետո … Տրապիզոնի հայութունը պետք է տեղահանվի, քաղաքի հայության տեղահանությունը պետք է կատարվի երեք խմբով»: Հայտարարության օրերին ոստիկանությունը շրջում էր հայկական թաղերը, համոզում ժողովրդին, թե հոգ չկա, ձեզ տեղահանելու ենք Գումիշխանե, Երզնկա, այնտեղ պետությունը ձեզ ամեն հնարավոր միջոցները կստեղծի մինչև պատերազմը վերջանալը, որից հետո նորից կվերադառնաք ձեր տները, փակեք ձեր դռները և բանալիները հանձնեք կառավարությանը, ապահով եղեք իրերի համար:

Լրացավ հայտարարության երեք օրը, չորրորդ օրը առավոտյան, հավաքելով մեր թաղի հայերին, խումբ-խումբ տարան քաղաքից դուրս, հայոց գերեզմանատնից ոչ հեռու մի հարթավայր: Եվ շրջապատվելով ասկյարներով` շարժվեցինք (աքսորյալների առաջին խումբը մեր թաղն էր):

Հասանք Տրապիզոնից ոչ շատ հեռու քիրեչխանե (կրի գործարան): Շրջապատված «պահապան» ասկյարներով` առաջին օրը գիշերեցինք բացօթյա:

Խիստ հսկողության տակ` մի քանի օրից հասանք փոքրիկ գյուղաքաղաք Գյումիշխանե: Դեռ մուտք չգործած քաղաք` մեզ մոտեցան մի խումբ չեթեներ (թուրք հրոսակախմբեր)` զինված ատրճանակներով, ղամաներով, կրծքները ծածկված փամփուշտակալներով:

Չեթեները խումբը կանգնեցրին քաղաքի կենտրոնում` ճանապարհի վրա: Նրանց մեծը, խիստ հայացքով մոտենալով խմբին, կարգադրեց տղամարդկանց առանձնացնել խմբից` ասելով, թե այդ գիշեր տղամարդիկ առանձին, կանայք առանձին պիտի գիշերեն:

Առանձնացան տղամարդիկ, որոնց հետ բաժանվեցին նաև իմ հասակի 10-15 տարեկան տղաներ, ես մնացի կանանց խմբում:

Մութը վրա էր հասել, չեթեների մեծը հրամայեց տանել տղամարդկանց, իսկ կանանց, որոնց շարքում նաև ես էի մնացել, լցրին մի ախոռ և դռան մոտ կանգնեցրին երկու զինվոր ասկյար:

Առաջին սարսափը տիրեց ամբողջ խմբին: Խմբից մի քանի կանայք գիկումները (պղնձե ջրի ամաններ) երկարացնում էին դրսում կանգնած թուրք կանանց ու տղաներին, որ ջուր բերեն: Տանում էին գիկումները, բայց անգամ դատարկ չէին վերադարձնում:

Խորը մթության մեջ ախոռի զանազան անկյուններից լսվում էին ծանր հեկեկանքներ, ոչ ոքի քունը չէր տանում: Յուրաքանչյուրը խմբի անդամներից զգում էր, որ ինչ-որ վատ բան է կատարվելու, շատերը լաց էին լինում և շշնջում, թե տարան տղամարդկանց սպանելու: Լուսացավ: Առավոտյան ասկյարները, ախոռի դուռը բանալով, դիմեցին մեզ, թե «չըքըն դիշարի գյավուրլար» (դուրս եկեք, անհավատներ): Խումբը լրիվ դուրս եկավ ախոռից, անմիջապես ասկյարները շրջապատեցին մեզ և հրամայեցին քայլել:

Կանանցից շատերը խնդրում-աղաչում էին ասկյարներին, որ ասեն` ուր տարան իրենց ամուսիններին, տղաներին: Նրանք հանգստացնում էին կանանց, թե կգան ձեր ամուսինները, մի մտածեք:

Գնում ենք շրջապատված ասկյարներով: Մի քանի օրից, դեռ Երզնկա չհասած, գիշերելու համար մեզ լցրին մի մեծ ախոռ: Մութը վրա էր հասել, ներս եկան մեզ մոտ մի քանի չեթեներ, սկսեցին պտտվել խմբի մեջ: Մեկ էլ խմբի զանազան մասերից սկսվեց լացուկոծը: Պարզվեց, որ չեթեները, մի քանի մայրերից խլելով նրանց աղջիկներին, թևերից բռնած քարշ տալով` տանում էին: Մայրերի` դուստրերին փրկելու բոլոր դիմադրություններն ու ջանքերը իզուր էին: Խեղճ ծնողների ամեն դիմադրություն պատասխանվում էր չեթեների քացիներով: Ախոռում գիշերվա խավարում իրենց զավակներից զրկված մայրերի լացն ու կոծը սուգի էր մատնել ամբողջ խումբը: Այդ օրից 50 տարի է անցել, սգավոր մայրերի վիշտն ու կսկիծը հիշողությունիցս չի հեռանում:

Առավոտյան չեթեները եկան, շրջագայեցին խմբի մեջ և մի փոքր խորհրդակցելուց հետո չորս հոգի մոտեցան ախոռի դռանը, կարգադրեցին աքսորյալներիս մեկ-մեկ դուրս գալ: Հերթով մոտենում էինք դռանը, չեթեները խուզարկում էին  մեզ, վերցնում թաքցրած զարդերն ու դրամները և թողնում դուրս: Ավարը հավաքեցին, նստեցին ձիերն ու հեռացան, իսկ ասկյարները շրջապատեցին մեզ, կարգադրեցին շարժվել:

Մի քանի օրից հետո հասանք Երզնկա, մեզ նստեցրին հայոց գերեզմանատան մոտ, ճանապարհի եզրին (գերեզմանատանը Էրզրումի գաղթականներ էին): Երեք օր մնացինք Երզնկայում, սովորականի նման գիշերում էինք հողի վրա, գլխներիս տակ դնելով մի քար:

Մոտենում էին մեզ թուրք, քուրդ տղաներ, հայհոյում, քարեր գցում, ծաղրում: Լուռ տանում էինք ամեն մի ցավ, հայհոյանք, վիրավորանք, կորցրել էինք մարդկային ամեն մի հատկություն: Ասկյարների հսկողությունը մեզ վրա այնքան էլ խիստ չէր, բայց հեռանալ կամ փախուստի դիմել չէինք կարող, քանի որ յուրաքանչյուր թուրք կամ քուրդ, որտեղ էլ որ պատահեր հայի, իրավունք ուներ տեղնուտեղը սպանել:

Չորրորդ օրն առավոտյան ճանապարհվեցինք, մի քանի օրից հասանք Քեմախ, գիշերելու համար մեզ իջեցրին Եփրատի ափը: Բոլորը խմբից ցրվեցին ոչ շատ հեռու` հավաքելու ցախ և զանազան խոտեր: Մեր սնունդը ճանապարհին արտերից հավաքած հատիկներն ու խաշած զանազան կանաչներն էին:

Սովորական երևույթ էր ճանապարհին քաղցից, հոգնածությունից կամ հիվանդությունից խմբից հետ մնացողներին սպանելը, լսված յուրաքանչյուր հրացանի ձայնից զգում էինք, որ նորից ասկյարները սպանեցին մեկին: Չէինք հետաքրքվում, թե ում սպանեցին, որովհետև դա արդեն սովորական երևույթ էր դարձել մեզ համար, և համոզված էինք, որ նույն վախճանն էլ կարող է մեզ վիճակվել:

Օրը մթնում էր, յուրաքանչյուրը մեզանից ոտքերի փաթաթած չուլերը կարգի էր բերում, քայլելուց շատերի ոտքերը ուռել էին, ու վերքեր էին առաջացել: Խմբից շատերը պառկել էին, շատերն էլ պատրաստվում էին քնելու: Մեկ էլ խմբի մեջ շշուկ տարածվեց, թե երկու կին իրենց գցել են գետը: Ոմանք ցավում էին, շատերն էլ երանի էին տալիս խեղդվածներին, թե ազատվեցին տանջանքներից:

Առավոտ է, լուսացավ, յուրաքանչյուրը սկսեց զբաղվել իր առօրյա գործերով: Նորից շշուկ, թե այնինչը իրեն գցեց գետը:

Ցերեկ է, մոտեցան մեզ մի քանի չեթեներ, շրջեցին ամբողջ խումբը: Բայց ոչ ոքի ոչ մի վնաս չտվին և հեռացան: Մթնեց, ևս մի գիշեր Եփրատի զով ափին գիշերեցինք: Երրորդ օրը առավոտյան լույսը նոր էր սփռել իր թևերը, ասկյարները հրամայեցին պատրաստվել ճանապարհվելու: Սկսեցինք պատրաստվել, ոմանք ոտքերը փաթաթեցին չուլերով, շատերն էլ նախորդ օրվա պատրաստած «ճաշը» կերան: Ասկյարներն իրենց սովորական կոպիտ հայհոյանքներով, հրացանների կոթերի հարվածներով շտապեցնում էին մեզ:

Գնում էինք, շարունակում ճանապարհը, ինչ-որ վախ ընկավ բոլորիս սիրտը, զգում էին, որ այստեղ ինչ-որ վատ բան է կատարվելու:

Անցել էինք ոչ շատ տարածություն, հասանք այն կամուրջը, որը Եփրատի ձախ ափը միացնում էր աջ ափին: Հետ նայեցինք, ի՞նչ, մի խումբ ձիավոր չեթեներ մեզ են հետևում, համոզվեցինք այդ օրվա մեր գլխին գալիք զուլումը: Լսեցինք խմբի վերջից հրացանի չորս կրակոց, նորից սպանեցին խմբից հետ մնացած չորսին: Անցնում ենք կամուրջը, մեկ էլ ի՞նչ, կանանցից երեքին միայն տեսա իրենց գետը գցելը, նորից երանի էինք տալիս խեղդվածներին:

Չնայած համոզված էինք, որ մեր օրերը հաշված են, հասկացել էինք, որ կոտորվելու ենք, մահը անխուսափելի է, այնուամենայնիվ չէինք տխրում, կենդանի մեռելներ էինք, փառք էինք տալիս, որ շուտով ազատվելու ենք, վերջ է դրվելու մեր տանջանքներին:

Հասանք Քեմախից ոչ հեռու մի ձոր, որտեղից հոսում էր բարակ մի առու: Տեղավորվեցինք ձորի աջ լանջում, ոչ մեծ մի տափարակի վրա: Մեզանից յուրաքանչյուրը տեղավորվեց գիշերելու փոքր հողատարածության վրա: Մեկ էլ ի՞նչ, աքսորյալներիս հետևող չեթեների խումբը մեզանից ոչ հեռու մի բարձունքի վրա իջավ ձիերից: Չեթեների մեծը կարգադրեց խումբը բաժանել երեք մասի` կանանց, տղաների, աղջիկների ու երիտասարդ կանանց:

Սարսափը տիրեց մեզ, զգում էինք, որ այսօր մեր վերջին օրն է, չէինք խոսում, գույներս գցել էինք, սարսուռ էր տիրել մեզ: Մեկ էլ ի՞նչ, խորհրդակցեցին չեթեները, չենք իմանում, նրանց մեծը ձեռով ցույց տալով մեզ` առանձնացած տղաներիս, հրամայեց միանալ կանանց, ուրախացանք, ժպիտ անցավ մեր այտերով, բարձր ձայնով գոռացինք` եաշասում փատիշահումուզ (կեցցե մեր թագավորը) ու վազ տալով միացանք խմբին: Մեր մայրերը, որոնց տիրել էր հուզումը, երբ տեսան մեզ իրենց մոտ, ուրախությունից թրջվեցին նրանց աչքերը արտասուքով:

Օրը մթնում էր, բացի մեր խմբից, մնացածին չեթեները շրջապատած տարան, ո՞ւր…

Մենք` մնացածներս, սկսեցինք մեր սովորական զբաղմունքը. օջախներ վառել «կերակուր» եփել:

Մթնեց, պառկեցինք քնելու, խմբի կանանցից շատերը չէին քնում, հեկեկում էին, ցամաքել էր նրանց արտասուքը:

Առավոտ է, արևի ճառագայթները մոտակա սարերից իջնում էին ցած: Լուսացավ, պատրաստվեցինք շարունակելու ճանապարհը:

Գնում էինք, ճանապարհը ձգված էր Եփրատին զուգահեռ: Նրա ափերը սևացել էին մեզանից առաջ նույն մեր բախտին արժանացած այլ գյուղերից ու քաղաքներից աքսորյալ հայ կանանց, տղամարդկանց և անչափահասների դիակներով, իսկ ճանապարհին հաճախ ընկած էին նույնպես հայերի նեխած, քայքայված, այլանդակ դիակները: Քայլում էինք` այդ ողբալի տեսարաններին ականատես լինելով: Քարացել էր մեր սիրտը, արտասուքներս` չորացել, տեսնում էինք այն, ինչ մեզ էր սպասում:

Գնում ենք, քայլում ուռած, հին շորերով փաթաթված, վերքոտ ոտքերով: Մի քանի օրից հասանք Էգին (Ակն): Նորից իջանք գիշերելու Եփրատի ափին: Էգինը փոքրիկ գյուղաքաղաք էր, որի բնական գեղեցկությունը գերազանցում էր մինչ այդ մեր տեսած քաղաքները: Եփրատի երկու ափերի բարձունքները ծածկված էին բազմատեսակ այգիներով և պտղատու ծառերով: Խումբը հանգստանում էր Եփրատի աջ ափում, մենք` տղաներս, ցրվեցինք մոտակա թթի այգիները հավաքելու ծառերի տակի թափված չոր թթեր և ուրիշ մրգեր: Ակնում չէր մնացել ոչ մեկ հայ, տեղահան էին արված:

Խմբում ծխում էին նորից օջախները, կանայք զբաղված էին իրենց օրվա «կերակուրը» պատրաստելով: Գիշերեցինք այդ օրը ևս, նորից Եփրատի հոսանքի զովը փակեց մեր աչքերը: Քնեցին շատերը, իսկ ոմանց աչքերը չէին փակվում, չէին քնում, նրանց առօրյա ցավերը չէին հեռանում, չէին մոռանում իրենց զավակներին և հարազատներին…

Շարունակությունը` շուտով

Դիտվել է 1948 անգամ:
Print Friendly

Leave a Reply