Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյակին նվիրված գագաթնաժողովին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | June 27, 2012 19:35

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյա հոբելյանի առթիվ: Անցած տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվեց դիմակայել ժամանակի փորձությանն ու հաղթահարել համաշխարհային և տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերներ` կայանալով որպես տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցությունը խթանող հեղինակավոր կառույց: Կազմակերպության շրջանակներում նախանշվող և իրականացվող տնտեսական նախաձեռնություններն էապես նպաստում են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը` միևնույն ժամանակ խթանելով տարածաշրջանում բնակվող ժողովուրդների խաղաղ և ներդաշնակ գոյակցությունը: Համոզված եմ, որ անհրաժեշտ են շարունակական համատեղ ջանքեր և քաղաքական կամք կազմակերպության առաքելությունն ամբողջացնելու նպատակով:

Այս շրջադարձային պահին մենք խոսում ենք ՍԾՏՀ համապարփակ և երկարատև նոր տնտեսական օրակարգի մասին, որն ուղղված է միջազգային ասպարեզում կազմակերպության դերի և հեղինակության բարձրացմանը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության, ինչպես նաև անդամ երկրներում սոցիալ-տնտեսական զարգացման հետագա խթանմանը:Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել և մնում է կազմակերպության կանոնադրությամբ նախանշված սկզբունքներին և նպատակներին` մշտապես բարեխղճորեն կյանքի կոչելով կազմակերպության կողմից ընդունված որոշումներն ու անդամ երկրների կողմից ստորագրված համաձայնագրերն ու հուշագրերը: Համոզված եմ, որ տարածաշրջանում առկա բարդ խնդիրների պայմաններում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա խթանումը ՍԾՏՀ շրջանակում անխուսափելիորեն կհանգեցնի անդամ երկրների միջև քաղաքական երկխոսության դյուրացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:

Ժամանակակից տնտեսական հարաբերությունների գլխավոր նախադրյալներն են անարգել շփումները, ռեսուրսների ազատ տեղաշարժը և մրցակցության հավասար պայմանները: Շրջափակումներն ու փակ սահմանները ոչ միայն երկկողմ և բազմակողմ տնտեսական փոխգործակցության անբնական խոչընդոտներ են, այլև անընդունելի բաժանարար գծեր 20-րդ դարի քաղաքական քարտեզի վրա:Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ընդունել է այս բոլոր դրույթները, և բոլորս պարտավոր ենք հետևել դրանց արդյունավետ կիրառմանը:

Կրկին շնորհավորելով կազմակերպության հոբելյանի կապակցությամբ` անդամ երկրներին կոչ եմ անում ջանքեր չխնայել տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ և լիովին օգտագործել ՍԾՏՀ ներուժը հանուն տարածաշրջանի հետագա բարգավաճման:

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply