ՀԽ նիստ. ՀԽ-ն կառավարությանը կներկայացնի օրենսդրական բարեփոխումների առաջարկությունների փաթեթ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ | | October 28, 2009 19:00

Հանրային խորհուրդը անդամակցելու է Տնտեսական և սոցիալական խորհրդների ու համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիային. նման որոշում կայացրեց Հանրային խորհուրդը այսօր տեղի ունեցած նիստում:

Այս կառույցին անդամակցում են աշխարհի 50 երկրների հանրային խորհուրդներ: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Փարիզում: Կառույցին անդամակցության տարեկան գումարը 1500 եվրո է:

Դեկտեմբերի 3-ին Մոսկվայում պետք է տեղի ունենա Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը:

«Անդամակցելով տվյալ կառույցին որևէ պարտավորություն չենք ստանձնում, սակայն ձեռք ենք բերում այլ երկրների 50 ՀԽ-ների հետ շփման հնարավորություն, այդ թվում նաև Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների ՀԽ-ների հետ»,- ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը` անդամակցության հարցը դնելով քվեարկության:

ՀԽ որոշմամբ նաև ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակի ՀՀ և ԼՀՂ համագործակցության հայեցակարգը` «Հայկական երկու հանրապետությունների համագործակցության հայեցակարգ» խորագրով:  Խմբի անդամներն են Կարեն Բեքարյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Բաբկեն Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը և  Սոս Սարգսյանը:

ՀԽ-ն հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված իր մտահոգություններն է ներկայացրել Կառավարություն` առաջարկելով քննարկել, թե ինչ փոփոխություններ կարելի է կատարել այդ ոլորտների օրենսդրական դաշտում: ՀԽ քննարկումների ժամանակ մտահոգություններ էին հնչել, որ սահմանի բացումից առաջ պետք է տնտեսությունը ապամոնոպոլիզացնել, որ պետք է կարգավորվի անշարժ գույքի ձեռքբերման հնարավորությունը օտարերկրացիների կողմից, ապրանքների ստանդարտների համապատասխանեցումը թուրքական չափանիշներին և այլն:

Վազգեն Մանուկյանը նիստին առաջարկեց, որ ՀԽ 12 հանձնաժողովները քննարկեն, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ այդ ոլորտներում, որպեսզի կարողանան կառավարությանը առաջարկությունների փաթեթ ներկայացնել:

ՀԽ նիստի ժամանակ քննարկվեց նաև գյուղմթերքների սպառման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի գործունեությունը: Արմեն Տեր Տաճատյանը նշեց, որ գյուղմթերքների մշակման ծավալը որևէ կերպ չի կարգավորվում: «Չկան ուսումնասիրություններ, թե ինչի պահանջարկն է ավելի մեծ, գյուղացին մշակում է այն, ինչի գինը նախորդ տարի բարձր է եղել»,- ասաց  Արմեն Տեր Տաճատյանը: Խոսրով Հարությունյանն էլ առաջարկեց մշակել առկա հիմնախնդիրների ամբողջական ցանկ և դրանց վերացման ուղղությամբ հնարավոր առաջարկներ կատարել, ապա այդ մասին քննարկումներ կազմակերպել Գյուղատնտեսության նախարարության հետ:

Յուրի Ջավադյանը տեղեկացրեց, որ առաջարկությունների ծրագիրը պատրաստ կլինի դեկտեմբերի կեսին:

Դիտվել է 2571 անգամ:
Print Friendly

Leave a Reply