«Արվեստ», որին հավատում ես կոմունիստի պես

ԷՍՍԵ | | October 29, 2009 11:39

Արվեստաբան Հենրիկ Իգիթյանը ներկա էր երկու միջոցառումներին` Իգիթյանի հիշատակին նվիրված «Հայկական նատյուրմորտ» ցուցահանդեսին, որը բաց է Ակադեմիայում` մինչեւ հոկտեմբերի 29-ը եւ Գեղարվեստի ակադեմիայում` Վարդան Ազատյանի դասախոսությանը, ուր բանախոսը մանրազնին վերլուծության ենթարկեց նկարիչ Մինաս Ավետիսյանին նվիրված Իգիթյանի «Արվեստ, որին հավատում ես» հոդվածը («Գրական թերթ», 1964թ): (Այլ հարց է, թե ի՞նչու Ազատյանն այդ արեց Ակադեմիայի պատերի ետեւում, ուսանողների մոտ, Իգիթյանի արդեն բացակայության ժամանակ):
Ազատյանը ներկայացնում է, որ Իգիթյանը Մինասի արվեստանոցը համեմատում է Մատենադարանի, իսկ կտավները` միջնադարյան մանրանկարչության հետ: Ազատյանի կարծիքով, այս հայկական «սրբություններին» հղելով` միջնադարյան մշակույթը դարձնում է թիկունք եւ Մինասի կտավների յուրահատկությունը համարում է այն, որ դրանք «հայոց հողից ու արեւի շողերից են բխում», գույները մաքուր են: Շատ տեղերում օգտագործվող «մաքուր» բառը ոչ մի բացատրություն չունի, բայց «քնարական-պոետական» է դարձնում արվեստաբանական տեքստը.«Մինասն ըստ Իգիթյանի` հանդիսանում է մեր ազգային նկարչական ավանդույթների նորովի շարունակողը, նա ցուցադրում է արեւաշող Հայաստան (Ռուսաստանից նետվող հայացք է, նման հայացք Սեւանի ավազանի բնակիչը չի կարող ունենալ)…»:

Այդ մեթոդն այնքան պարզունակ է, որ 50 տարի անց, այժմ մի ավագ դպրոցականի գրագիտությունը կբավականացնի նման (անգիտակից) արվեստաբանություն բանեցնելու համար: Բայց Մոսկվայում կրթություն ստացած Իգիթյանը` գիտակցելով էր այդ անում, որ Մինասին տեղադրի սոցռեալիզմի մեջ ու ընդունելի դարձնի: Ազատյանը բնորոշում է տեքստը. «Արվեստի ռուսական քննադատության «դուրսպրծուկ»:

Արվեստաբանական դիրքերից հնչած այս ձեւակերպումը շատ է ուշացել եւ Իգիթյանի հեղինակությունն այնպես է իշխում, որ նրա հիշատակին նվիրվում է «Հայկական նատյուրմորտ» ցուցահանդեսը, այն դեպքում, երբ հանգուցյալը նատյուրմորտի ժանրի հետ առանձնահատուկ «կապեր» չուներ:

2009-ի սկզբից նկարիչներ Արարատ Սարգսյանն ու Սարգիս Համալբաշյանը թեմատիկ խմբային ցուցահանդես-վաճառքներ կազմակերպելու նպատակ ունեին: Կուրատորին չդիմելու եւ դրանք ինքնուրույն համակարգելու պատճառով, գուցե, առաջին «Հայկական նատյուրմորտ» ցուցահանդեսի բացումը ձգձգվեց մինչեւ հոկտեմբեր: Արվեստագետները ցուցահանդեսում ընդգրկել են իրենց եւ այլ նկարիչների (Հակոբ Հակոբյան, Գրիգոր Խանջյան, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Արամ Իսաբեկյան, Վաղարշակ Արամյան, Արեւիկ Արեւշատյան) աշխատանքները: Ցուցահանդեսն, ըստ նրանց` հայկական նատյուրմորտի պատմությունը վերհիշելու եւ խորհրդածելու առիթ է, մյուս կողմից, մշակութաբան Վարդան Ջալոյանի խոսքերով, այն վերհանում է իրերի յուրահատուկ մշակույթը (Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանն, օրինակ, այնքան էր կապված իր նատյուրմորտներում մշտապես հայտնվող թեյնիկներին, որ դրանցից մեկի կոտրվելու դեպքում տալիս էր վերանորոգման):
karin

Սակայն, ո՞րն էր Իգիթյանի «ուրվականի» ասելիքը «Հայկական նատյուրմորտում»: Արդյո՞ք նա «հրավիրված» էր, որ վերջերս ՀՀ վաստակաավոր նկարչի կոչման արժանացած Արարատ Սարգսյանի բերանով արժեւորի ցուցահանդեսը. «Իգիթյանը պահում էր բալանսը ցածրորակ եւ արժեքավոր արվեստի միջեւ, փորձելով ցուցադրել հիմնավորված արվեստ… կոչումներ ունեցող նկարիչներ»:

Նատյուրմորտը, (nature morte, ֆրանսերեն` մեռած բնություն) որպես կերպարվեստի առանձին ժանր, զարգացում է գտել առաջին բուրժուական հանրապետությունում Հոլանդիայում (ճանաչվել է 1648-ին): Ժանրի 2-րդ անունը stilleven` անշարժ կամ խաղաղ կյանք: Խորհրդահայ արվեստում շատերն էին դիմում այս չեզոք ժանրին` խուսափելով սոցռեալիզմ նկարելուց: Մյուս կողմից, խրուշչովյան ձնհալին ծնված իմ ծնողների պատկերացումներում` ԽՍՀՄ-ում կյանքը խաղաղ էր ու ապահով, իսկ բրեժնեւյան շրջանում նաեւ անշարժ, այսինքն` նատյուրմորտ:

Այս ցուցահանդեսով, ի՞նչ են ուզում ասել շուկայում հաջողակ կազմակերպիչ նկարիչները եւ արվեստի ֆունկցիայի մասին, ի՞նչ պատկերացում ունեն նրանք, ովքեր հավատում են Իգիթյանի հիմնավորած «մաքուր» գույների արվեստին:
Լուսանկարները` հեղինակի

Դիտվել է 2993 անգամ:
Print Friendly

Leave a Reply