Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հոգեվերլուծական մեկնաբանություն «Դուն կրակ, հագածդ կրակ»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | October 29, 2009 11:13

Զիգմոնդ Ֆրոյդի հոգեվերլուծական դպրոցը հենց սկզբից լայն կիրառություն գտավ նաեւ արվեստի գործերի վերլուծության ու մեկնաբանության բնագավառում։ Ֆրոյդը հայտարարեց, որ մարդկային քաղաքակրթության իրականացման համար անհրաժեշտ է եղել (եւ է) ճնշել մարդու սանձարձակ բնազդներն ու կրքերը եւ դրանք ենթարկել հասարակության կողմից սահմանված օրենքներին ու, այն ինչ ավելի կարեւոր է, բարոյական սկզբունքներին։

Սակայն, ըստ Ֆրոյդի, մարդու ճնշված ու ենթագիտակցություն մղված բնազդները չեն ոչնչանում, այլ շարունակում են դեր խաղալ մարդու հոգեկան աշխարհի ձեւավորման գործում՝ հաճախ առաջացնելով հոգեկան խախտումներ եւ հիվանդություններ։ Հոգեվերլուծությունը նախ հրապարակ եկավ որպես հոգեբուժական մեթոդ, այն հավակնությամբ, որ բացահայտելով ենթագիտակցության մեջ գոյատեւող եւ հիվանդին խանգարող ճնշված (հետ մղված) ձգտումները, կարելի է բուժել նրան։ Հոգեվերլուծական տեսության համաձայն, մարդու ենթագիտակցության ոլորտն անցած կրքերն ու բնազդները, երեւան են գալիս նրա երազներում, լեզվային սայթաքումներում, ձայնային ելեւէջներում ու տոնայնության մեջ եւ, վերջապես, արվեստի գործերում։

Այս վերջին երեւույթը կոչվում է վեհացում (sublimation) . ճնշված, արգելված, հասարակության ընդունված բարոյականության կողմից անընդունելի եւ տաբուի վերածված ցանկություններ ու բնազդներ, որոնք ձեւափոխվելով՝ երեւան են գալիս բարձր, հասարակության համար ընդունելի առարկայի (հաճախ արվեստի գործի) տեսքով։

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը հետաքրքիր օրինակներ են վերոհիշյալ վարկածներն ապացուցելու համար։ Այս գրության ընթացքում կսահմանափակվենք միայն «Նռան գույնը» ֆիլմով, սակայն պիտի շեշտել, որ նրա մյուս ֆիլմերը եւս, հատկապես «Մեր մոռացված նախնիների ստվերները» կարելի է մեկնաբանել ու հասկանալ այս մոտեցմամբ։ Միաժամանակ հարկավոր է հիշեցնել, որ տվյալ արվեստի գործի հոգեվերլուծական մեկնաբանությունը, ինչպես այլ մոտեցման վրա հիմնված որեւէ մեկնաբանություն, չի կարող դրա մասին ամբողջական ու համապարփակ պատկերացում տալ։

Ուստի` այստեղ առաջադրված մեկնաբանությունը կարող է լույս նետել «Նռան գույնը» ֆիլմի վրա՝ միայն մի տեսանկյունից։ Այն կարելի է դիտել ու քննարկել նաեւ ուրիշ տեսական մոտեցումներով ու դիտանկյուններից։ Անձամբ հոգեվերլուծական մոտեցումը համարում եմ հնարավոր բազմաթիվ միջոցներից միայն մեկը. այս տեսական մոտեցումը «Նռան գույնը» ֆիլմի կապակցությամբ կիրառելու դրդապատճառն այն է, որ վերջերս, երբ Փարաջանովի ծննդյան 80-ամյակի առիթով մեկ անգամ եւս դիտեցի նրա ֆիլմերը, զարմացա, թե ինչպես մինչ այդ չէի անդրադարձել, որ «Նռան գույնը» ֆիլմը ավանդական աշխարհում մարդու սեռային կրքերի անբավարարվածության ու դրանց կերպարանափոխման մասին է՝ որպես ժողովրդական արվեստի իրեր։

Փարաջանովը հանճարեղ բազմակողմանի արվեստագետ է, սակայն հաճախ նրա գործերի լուրջ ու հետաքրքիր ուսումնասիրությունը կորում է գովասանքների ու փառաբանությունների աղմուկի մեջ։ Արվեստի հոգեվերլուծական մեկնաբանությունը նորություն չէ, սակայն հույս ունեմ, որ դրա կիրառումը մի ֆիլմի վերլուծության համար, որը հաճախ համարվում է ազգային ավանդույթների հավաքածո, նոր ու հետաքրքիր լինի։
Սերգեյ ՓարաջանովՖիլմի առաջին պատկերը սեռային ուժեղ հակումների խորհրդանիշներով լեցուն տեսարան է. դաշույնը, կարմիր հատիկների գանձով լեցուն նուռը, դրա ճեղքվելը դաշույնով եւ արնագույն հեղուկի ներծծվելը սպիտակ կտորի մեջ, կարելի է մեկնաբանել որպես սեռային ակտի եւ կուսության վերացման այլաբերում։ Այսպիսով, երբ ֆիլմի գալիք հատվածներում կարմիրը (նռան գույնը) խորհրդանշում է նաեւ սիրո կրակ, արդեն այդ սերը կրում է սեռային եւ նյութական իմաստ։

Կարելի է եզրակացնել, որ երբ բանաստեղծն ասում է. «Դուն կրակ, հագածդ կրակ, վուր մէ կրակին դիմանամ», նա խոսում է չբավարարված սեռային տենչի մասին։ Նուռը եւ դաշույնը հայկական որմնազարդերի մեջ կրկնված մոտիվներ են։ Կարծես թե «Նռան գույնը» ֆիլմը շոշափելի դարձնելով այդ հին մոտիվները, բացահայտում է դրանց հավանական իմաստների նոր շերտերը։
Վերոհիշյալ պատկերի վրա ասվում է. «Էն մարդն իմ, ում կինքն ու հոգին տանջանք է». ֆիլմի սկզբի գրությունը նաեւ մեզ հիշեցնում է, որ դա Սայաթ Նովայի ճշտգրիտ կենսագրությունը չէ, այլ փորձ է, սինեմայի միջոցով մի պատկեր հաղորդելու նրա բանաստեղծության մասին։ Ամբողջ ֆիլմը բանաստեղծի հոգեկան տանջանքի մասին է։ Ի՞նչն է այս տանջանքի աղբյուրը, որն արտացոլվում է Սայաթ Նովայի բանաստեղծությունների մեջ։ «Նռան գույնը», կարծես, ուզում է ասել, որ այդ տանջանքի աղբյուրը բանաստեղծի, եւ ընդհանրապես մարդ արարածի սեռային տենչանքների չբավարարվելն է, եւ ֆիլմի բազմաթիվ դրվագներ հաստատում են այս մեկնաբանությունը։

Ֆիլմի առաջին գլուխը նկարագրում է բանաստեղծի մանկությունը։ Այս բաժնում կարեւոր տեղ են գրավում երեխայի սեռային հասունության եւ հետաքրքրասիրությանը վերաբերող պատկերները։ Մանուկը կանացի բաղանիքի կտուրից դիտում է մերկ կանանց. հատկանշական է մի պատկեր, ուր երեխան կանացի բաղանիքը դիտելուց հետո, կարծես, ինչ որ անհասկանալի բան իր մեջ պատահելով, խիստ մտածմունքի մեջ է ընկնում. նույն ժամանակ պատկերի հետին պլանում, պատը թրջվում է։ Այս պատկերը դժվար հնարավոր լինի այլ ձեւ մեկնաբանել, քան երեխայի սեռային գիտակցության արթնացում, եւ դրա ամենագեղեցիկ, ուժգին եւ հակիրճ պատկերացումներից մեկը սինեմայում։

Երկրորդ գլուխը նվիրված է բանաստեղծի երիտասարդության շրջանին։ Այս բաժնում երիտասարդ բանաստեղծի եւ նրա սիրուհու պատկերները ցուցադրվում են մեկ ընդ մեջ. երբ տեսնում ենք սեւազգեստ բանաստեղծին իր քյամանչայով, ներկա է նաեւ սիրուհու ստեղծած ասեղնագործը։ Իսկ երբ տեսնում ենք կարմիր զգեստներով սիրուհուն, կա նաեւ բանաստեղծ-աշուղի քյամանչան, բայց երբեք նրանց միասին մեկ պատկերում չենք տեսնում։ Սիրո եւ սեռային բնազդների առարկային փոխարինում է նրանց հորինած կամ նրան առնչվող իրը (քյամանչան եւ ասեղնագործ կտորը), եւ այդ իրերի ստեղծման կամ օգտագործման գործընթացը փոխարինում է մոտեցման ակտին, սակայն անկարող է նյութական բավարարություն պատճառել մարդուն։ Այս դրվագում, հակառակ ընդհանուր միզանսենի խիստ արհեստական բնույթին, կան հատկապես սիրուհու դեմքի խոշոր պատկերներ, որի ռեալիստական դերակատարությունը փոխանցում է էրոտիկ զգացում։ Այս երեւույթը հոգեվերլուծության մեջ կոչվում է Ֆետիշացում։

Այդպիսի առարկա է նաեւ սադափը, որն առաջին անգամ տեսնում ենք բաղանիքում, իսկ հետո երեւան է գալիս այլ դրվագներում, միշտ հիշեցնելով իր առաջին հայտնության վայրը։ Հատկանշական է, որ երիտասարդ բանաստեղծի եւ նրա սիրուհու դերը կատարում է նույն դերասանուհին։ Արդյոք սա պիտի պատահակա՞ն համարել, թե՞ կարելի է խորհել, որ այսպիսով, ասես, բանաստեղծը՝ ինքը դառնում է իր սիրո առարկան։ Կարծես, իր մշտական վշտի ու տանջանքի պատճառն այն է, որ ինքն իրեն չի գտնում, ինքն իրենից բաժանված է։ Այս երեւույթը հիշեցնում է նաեւ այն հոգեվերլուծական գաղափարը, որ մարդու սեռային ինքնությունը բացարձակ չէ. ամեն տղամարդու մեջ ներկա են կանացի հակումներ, եւ, փոխադարձաբար, ամեն կնոջ մեջ՝ տղամարդկային ձգտումներ։

«Նռան գույնը» ֆիլմի երրորդ գլխի վերջում, ժողովրդական երգիծական խաղերի ոճով մի դրվագ կա, ուր մի կին էրոտիկ պարով ներկայացնում է մարդու կրքերն ու բնազդները։ Այսուհետեւ բանաստեղծը իր անհաջող սիրային արկածից հետո, որոշում է հրաժարվել նյութական բնազդների աշխարհից եւ սկսել հոգեւոր կյանքը։ Սակայն նյութական հակումները երբեք չեն լքում նրան եւ միշտ ներկա են շրջապատում։ Երբ նա մտնում է վանք, տեսնում է վանականներին՝ յուրաքանչյուրը մի նուռ ձեռքին աղմկով ծծելիս։ Չորրորդ գլխի վերջում վանական մի կին, որ նույնպես ասեղնագործում է, փորձում է նրան գայթակղել։

Յոթերորդ (նախավերջին) գլխում բանաստեղծը մասնակցում է իր սիրուհու թաղման արարողությանը. այստեղ լսում ենք Սայաթ Նովայի ամենաթախծալի բանաստեղծություններից մեկը։
Աշխարհըս մէ փանջարա է, – Թաղերումէն բեզարիլ իմ.
Մըտիկ տըւողըն կու խուցւի, -Դաղերումէն բեզարիլ իմ.
Էրեգ լաւ էր քանց վուր էսօր, -Վաղերումէն բեզարիլ իմ.
Մարթ համաշա մէկ չի ըլի, – աղերումէն բեզարիլ իմ։

Այսպիսով, Սայաթ Նովայի կյանքը մի երկարատեւ պայքար է նրա կողմից իր բնազդները սանձելու, եւ այդ բնազդները սնող նյութական աշխարհից հրաժարվելու համար՝ մի զուր փորձ։ Դրա արդյունքում, նրա կյանքը տոգորված է տանջանքով ու վշտով եւ նրա բանաստեղծություններն ու երգերը նույնպես։

«Նռան գույնը» արվեստի ընտիր գործ է, ոչ թե հասարակ կենսագրական ֆիլմ։ Այն հենվելով հայ քնարական բանաստեղծության հանճարեղ դեմքի ստեղծագործությունների վրա, ժամանակակից մարդու տեսանկյունից մեկնաբանում է քնարական բանաստեղծության եւ ժողովրդական արվեստի հետ մերված վիշտն ու թախիծը, գեղեցկությունն ու կենսունակությունը։

Խորհրդային արվեստին իշխող բյուրոկրատները չէին կարողանում հանդուրժել Փարաջանովին, ոչ այն պատճառով, որ նա ավանդապահ էր, այլ նրա համար, որ նա ավանդական եւ ժողովրդական արվեստը դիտում էր մերօրյա հայացքով։

Դիտվել է 21230 անգամ:
Print Friendly

(3)

  1. Լուսինե says:

    իսկ այս նյութի հեղինակն ով է՞

  2. Հեղինակը խփնված է Զ.Ֆրոյդի «լիբիդոյով»: Սեռականից անդին ոչինչ չի տեսնում: Ֆրոյդի պես չի էլ հասկանում, որ սեռական հակումների սանձահարումը ոչ թե անպատճառ հասարակական ճնշման հետևանք է, այլ՝ սեռական-նյութականից հոգևոր վերաճման: Այն, ինչը վաղուց արտահայտված է կենդանաշրջանի «Աղեղնավոր» կենդանակերպում: Փարաջանովի կինոնկարը շատ ավելի ընդգրկուն է, կյանքի, դրա իմաստի, մահվան,տառապանքի իմաստավորման և ոգեղինության որոնումներում, և ավարտվում է արվեստագետի կայացմամբ (կյանքի ծարավն ու կենդանի Կենաց ծառը ): Հրեշտակները նրան ուղեկցում են դեպի երկինք, որտեղ արտի հեռավոր մի անկյունում արածում է երազանքների ձին,ինչպես Գյոթեի Ֆաուստ պոեմում.
    «Պատրանք է ունայն կարճ կյանքը երկրի
    Երկինքն է միայն օրրանն իղձերի,
    Այստեղ ենք հասնում մեր երազածին,
    Մեզ վեր է հանում հավերժ կանացին…»

Leave a Reply