Կոմպյուտերային խաղերի վտանգը. Երեխաները կորցնում են իրականությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 27, 2009 18:12

Գեւորը լուրջ մտահոգված է, որ իր կրտսեր եղբայրը` 7-ամյա Տիգրանը, որ դպրոցի առաջին դասարան է ընդունվել` սովորելու եւ ընկերների հետ շփվելու փոխարեն, շարունակում է «կառչած» մնալ համակարգչի մոնիտորից:

«Փոքր եղբայրս օր ու գիշեր կոմպյուտերից կառչած՝ խաղ ա խաղում: Ծնողներիս դա կարծես բոլորովին չի անհանգստացնում, ասում են՝ լավ ա, թող էրեխեն զբաղվի: Բայց տենց չի կարելի, չէ՞, սաղ օրը խաղում ա, ես էլ որ գործ եմ ունենում, կոմպյուտերի մոտ չի թողնում, հետս կռիվ ա անում» – պատմում է ուսանող Գեւորը:

Այսօր նման խնդիր կա շատ ընտանիքներում, որտեղ երեխաներն, աշխարհում ամեն բանի մասին մոռանալով, ժամերով նստում են համակարգչի առաջ եւ խաղում են:

Վնա՞ս են արդյոք համակարգչային խաղերը: Այս հարցն այսօր հետաքրքրում է շատերին եւ Հայաստանում, եւ շատ այլ երկրներում: Կրթության միջազգային ակադեմիայի դոցենտ, հոգեբան Ռուզաննա Ղարիբջանյանն ասում է, որ այս հարցը չունի միանշանակ պատասխան, եւ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչքան ժամանակ է երեխան անցկացնում համակարգչի առաջ եւ ինչպիսի՞ խաղեր է խաղում:

«Կոմպյուտերային խաղերը կարող են նպաստել երեխայի ինտելեկտուալ զարգացմանը եւ հաղորդակից դարձնել նրան նոր տեխնոլոգիաներին: 21-րդ դարի երեխան պետք է կոմպյուտերի հետ «դու»-ով խոսի, – ասում է հոգեբանը: – Սակայն չի կարելի թույլ տալ, որ կոմպյուտերային խաղերը դառնան նրա կյանքի իմաստը: Պետք չի, որ երեխան ապրի միայն վիրտուալ աշխարհում, քանի որ նրա անձը պիտի ձեւավորվի այլ երեխաների եւ մեծահասակների հետ շփման մեջ: Երբ երեխան մերժում է իրական շփումը, իր ժամանակի մեծ մասն անցկացնելով մոնիտորի առջեւ, նրան կլանում է վիրտուալ աշխարհը, եւ երեխան սկսում է հեռանալ իրականությունից, կորցնում է իր կոմունիկատիվ կարողությունները, դժվարությամբ է ընկերանում այլ երեխաների հետ»:

Ըստ Ղարիբջանյանի, շատ կարեւոր է նաեւ այն, թե ինչ խաղեր է խաղում երեխան: Կան խաղեր, որոնք զարգացնում են տրամաբանությունը, վերլուծական միտքը, օգնում երեխայի ինտելեկտուալ զարգացմանը: Սակայն ցանկացած ինտերնետակումբ մտնելիս՝ ավելի հաճախ տեսնում ես մոնիտորների վրա ոչ թե ստրատեգիաներ կամ տրամաբանական խաղեր, այլ դաժան եւ պարզունակ «կրակելու» տեսարաններ: Ըստ հոգեբանի, նման խաղերից շատերը կարող են ագրեսիվ վարք եւ ֆոբիաներ ստանալ:

«Տարածված կոմպյուտերային խաղերում հիմնականում կրակում են, ջարդում, սպանում, վերացնում են ինչոր օբյեկտներ, մարդկանց: Այսպիսի խաղերը երեխային հեռացնում են իրականությունից, ջնջում են հասարակական նորմերի, ճիշտ, ադեկվատ վարքի հասկացությունները», – ասում է Ղարիբջանյանը:

Նա ասում է, որ շրջապատը ձեւավորում է երեխայի մտածելակերպն ու աշխարհայացքը, եւ եթե երեխայի «շրջապատը» դաժան խաղերն են, նա կարող է այդ խաղերում տեսած վարվելակերպի մոդելն իր հետ իրական կյանք բերել եւ փորձել այն այնտեղ կիրառել:

«Այսպիսի խաղերը չեն սովորեցնում երեխաներին տարբերել լավը վատից եւ չեն հասցնում երեխային այն գաղափարը, որ վատ արարքների համար պետք է պատասխանատու լինել եւ պատասխան տալ, –ասում է հոգեբանը, – ընդհակառակը, դաժան խաղերը ստեղծում են երեխայի մոտ անպատժելիության զգացում: Երեխան սկսում է սխալ ընկալել հասարակության կողմից իր արարքներին տրվող պատասխանները, քանի որ խաղերում նրա արարքներին ոչ մի պատասխան չի հաջորդում»:

Համակարգչի մոտ շատ ժամանակ անցկացնող երեխաների մոտ հաճախ են նկատվում անքնություն, եւ նրանք ունենում են մղձավանջային երազներ: Ղարիբջանյանը բացատրում է սա նրանով, որ համակարգչային խաղեր խաղալիս մարդու մոտ լարվում է ամբողջ նյարդային համակարգը, նա չի հասցնում քնելուց առաջ լիցքաթափվել, ինչի հետեւանքով ստացած տպավորությունները հաճախ վերածվում են սարսափելի երազների, երբեմն էլ առաջացնում են անքնություն:

Մեծահասակները նույնպես շատ ժամանակ են անցկացնում համակարգչային խաղեր խաղալով, սակայն, ըստ հոգեբանների, նրանք՝ արդեն ձեւավորված անձնավորություններ լինելով, կարողանում են տարբերել խաղն իրականությունից, եւ նրանց համար խաղը իրականությունից որոշ ժամանակով հեռանալու, հանգստանալու մի ձեւ է:

Երեխաները՝ լինելով դեռ ձեւավորման շրջանում, շատ ավելի «սրտին մոտ» են ընկալում խաղերը: Խաղը հաճախ դառնում է երեխայի ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման հնարավորություն, եւ խաղի մեջ նա փնտրում է այն ամենը, ինչ իրական կյանքում չի կարողանում ստանալ այդպես հեշտությամբ. խաղում երեխայի համար գրավիչ է հեշտ հաղթանակը, հեշտ լիդերությունը: «Խաղում ամենը խաղացողի ձեռքերում է, եւ սա շատ հրապուրիչ է երեխաների համար, չէ՞ որ խաղը մենախոսություն է, որտեղ դու թելադրում ես քո կանոնները, իսկ իրական կյանքը միշտ երկխոսություն է, որտեղ պետք է հաշվի առնել ուրիշների կարծիքը», – ասում է Ղարիբջանյանը:

Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին ուշադիր լինել, թե ինչքան ժամանակ են իրենց երեխաներն անցկացնում համակարգչի մոտ, եւ ինչ խաղեր են նրանք խաղում, քանի որ նույնիսկ ինտելեկտուալ խաղերը չպիտի դառնան երեխայի միակ ընկերը եւ փոխարինեն իրական շփմանը:

Շատերին հուզում է այն հարցը, թե ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, եթե երեխան, ամեն ինչի մասին մոռանալով, ամբողջ օրը համակարգչային խաղեր է խաղում: Ղարիբջանյանն ասում է, որ նման դեպքերում պետք է ոչ թե արգելել երեխային խաղալ, այլ նրա համար ավելի հետաքրքիր այլ զբաղմունք գտնել. «Ցանկալի է, որ ծնողներն ավելի շատ ժամանակ տրամադրեն իրենց երեխաներին՝ տանեն նրանց կինո, զբոսնելու, գտնեն նրանց համար հետաքրքիր այլ զբաղմունքներ, ապահովեն երեխաների շփումը թե հասակակիցների, թե մեծահասակների հետ», – ասում է Ղարիբջանյանն, ավելացնելով, որ այս ամենը` համակարգչի չափավոր օգտագործման հետ մեկտեղ, կապահովի երեխայի ներդաշնակ եւ համակողմանի զարգացումը:

Ըստ Ղարիբջանյանի, շատ կարեւոր է նաեւ` այլ զբաղմունքների հետ մեկտեղ, հետաքրքրել երեխային սպորտով: Սպորտով զբաղվող երեխաները, որպես կանոն, լինում են ավելի առողջ, առույգ, հեշտ են ընկերանում ուրիշ երեխաների հետ եւ հարմարվում դժվար պայմաններին: Նրանք լինում են ավելի ինքնուրույն եւ պատասխանատու, եւ իրական աշխարհը նրանց համար դառնում է ոչ պակաս հրապուրիչ, քան վիրտուալ աշխարհը:

«Անպայման չի, որ երեխան լավ մարզիկ կամ սպորտի վարպետ դառնա, – նշում է հոգեբանը: – Սպորտում զարգանում է բնավորությունը ու կամքի ուժը, իսկ դա անհրաժեշտ է ցանկացած երեխայի»:

Դիտվել է 4103 անգամ:
Print Friendly

Leave a Reply