Երևանում բացօթյա ընթերցանության փառատոն է. ի՞նչ են ակնկալում կազմակերպիչներն ու ընթերցողները

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 23, 2012 2:24

Գրքեր, ընթերցողներ, հեղինակային երգ ու երաժշտություն` բաց երկնքի տակ` ուղիղ Երևանի սրտում, Կասկադում.  հունիսի 21-ին այսպես մեկնարկեց «Բացօթյա ընթերցանության փառատոն 2012»-ը:

«Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական Հասարակական կազմակերպության այս նախաձեռնությունը, որի նպատակը ընթերցանության արդեն մոռացված ավանդույթները վերականգնելն է, երրորդ տարին է իրականացվում, սակայն այս անգամ նախաձեռնության աջակիցը ՀՀ մշակույթի նախարարությունն է:

Երիտասարդների և նախարարության համագործակցությանը նպաստել է այն, որ այս տարի Երևանը կրում է գրքի համաշխարհային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը, և առավել քան երբևէ մայրաքաղաքին անհրաժեշտ է գրքի շունչը:

«Անցյալ տարիների միջոցառումներն ընդամենը մեկ օր էին տևում, սակայն այս տարի միջոցառումների շրջանակը մեծացել է, քանի որ տարին խորհրդանշական է Երևանի համար»,-ասաց «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ի համահիմնադիր Եդուարդ Լևանյանը:

Նա հայտնեց, որ մինչև փառատոնը, 20 հոգուց բաղկացած խմբերով ընթերցանության շրջագայություն են անցկացրել  Հայաստանի տասնչորս քաղաքներում և կազմակերպել բացօթյա ընթերցումներ: Էդուարդ Լևանյանի խոսքով, միջոցառումները շատ ակտիվ են անցել, և յուրաքանչյուր քաղաքում իրենց է միացել շուրջ 350 ընթերցող: «Այս փառատոնը մի քանի նպատակ է հետապնդում` գրքի քարոզչություն, բացօթյա ընթերցանության բարդույթի վերացում, ընթերցանության միջոցով երիտասարդության համախմբում և այլն»,-թվարկում է նա ու արձանագրում, որ տարեցտարի հաջողությունն ավելի ակնառու է դառնում,-2010 թվականին մեզ էր միացել  350 հոգի, 2011-ին` 750 հոգի, վստահ ենք, որ այս տարի շատ ավելին է լինելու»:

Փառատոնի առաջին օրը, բացի ընթերցանությունից, անցկացվեց «Նվիրիր գիրք» ակցիան, որի ընթացքում քաղաքացիներն իրենց կողմից գրքեր նվիրեցին Հայաստանի կարիքավոր գրադարաններին: Առաջին օրն ամփոփվեց հեղինակային երգի համերգով:

Ի դեպ, փառատոնի շրջանակներում հրատարակվել է նաև «Հեղինակային երգի հավաքածու» գիրքը, որտեղ ժամանակակից հեղինակային երգիչների երգեր են` նոտաներով և գրքին կից ձայնասկավառակով:

«Մերօրյա կյանքը, տեխնոլոգիական առաջընթացն այլ բան են թելադրում, ինչից կամա թե ակամա, կարծես, ռոբոտանում ես ու հեռանում գրքից,-խոստովանեց մասնակիցներից մեկը` Լիլիթ Մկրտչյանը,-երբ ուզում ես գիրք կարդալ, ներծծվել էդ ամենի մեջ ու ստեղծել քո պատառիկը, պետք է թղթից վերցնես»:

Բացօթյա ընթերցանության մասնակիցը  համոզված է, որ սա նոր հնարավորություն է` երիտասարդներին գրքին կապելու. «Այս միջոցառումից հետո երբ գնաս տուն, անկախ քեզանից կնայես գրապահարանիդ, գուցե մի գիրք վերցնես, կարդաս, սիրես ու սկսես»,-ասում է նա:

Հաջորդ օրը` հունիսի 22-ին, Բացօթյա ընթերցանության փառատոնը շարունակվեց Երևանի Սիրահարների այգում: Սակայն միջոցառումն այդ օրը նվիրված էր մանկահասակ ընթերցողներին:

Երեխաների համար ընթերցվեցին հեքիաթներ, ցուցադրվեցին մանկական բեմադրություններ, իսկ մանկական գրքի հրատարակիչներն առանձին տաղավարներով ներկայացրեցին իրենց հրատարակած գրքերը:

Տասնամյա Իննեսան ոչ միայն գիրք կարդալ է սիրում, այլև բանաստեծություններ գրել: Նա ընթերցեց մորը նվիրված իր բանաստեղծություններից մեկը և խոստովանեց, որ բանաստեղծություններ գրելու հարցում իրեն շատ է օգնում ընթերցանությունը.

«Մոր գրկից էլ անուշ ու թանկ այս աշխարհում չկա ոչինչ,

Մոր գրկից էլ փափուկ ու տաք այս աշխարհում չկա ոչինչ,

Մոր պես անուշ, մոր պես քնքուշ դու չես գտնի ոչինչ-ոչինչ:

Մոր պես քնքուշ, մոր պես բարի, դու չես գտնի ուրիշ փերի»:

Մայրն էլ ավելացրեց. «Դպրոցում միշտ «10-ով ապրես»-ներ է ստանում, քանի որ ստեղծագործական մեծ միտք ունի: Սկսում է ստեղծագործել, հատկապես, երբ որևէ բան է կարդում: Իսկ համակարգիչ դեռ չենք ուզում ունենալ, որպեսզի երեխաները չկտրվեն գրքից: Թող գրքի միջոցով ինֆորմացիա ստանան, բացի այդ, դա նպաստում է և՛ մտքի, և բառապաշարի զարգացմանը»:

Հունիսի 23-ին տեղի կունենա միջոցառման «Գրական հարթակ» հատվածը. Սիրահարների այգում կհավաքվեն երիտասարդ ու ավագ գրողներ, բանաստեղծներ, որոնք կներկայացնեն իրենց ստեղծագործություններն ու դասական գործեր: Կլինեն նաև ինտերակտիվ խաղեր ու անակնկալներ: «Կիրականացնենք նաև մի նոր գաղափար, որն անվանել ենք «փողոցային պոեզիա»,-ասաց «Ֆլեշմոբ Դիվիզիա»-ի համահիմնադիր Արմեն Սուքիասյանը` չբացահայտելով, սակայն, գաղափարի էությունը, որպեսզի հետաքրքրությունը չկորչի:

Նրա կարծիքով, բացօթյա ընթերցանություն Հայաստանում կա, սակայն այն դեռևս չի դարձել  հանրային մշակույթ. «Բոլորս գիտենք, որ, օրինակ, Մոսկվայի մետրոյում չկարդացող մարդ գրեթե չկա, իսկ մեր մետրոյում կարդացող մարդ չենք տեսնում,-ասաց նա,-ճիշտ է` մեր կայարանները կարճ են, բայց մեկ է` մենք ժամանակն արդյունավետ չենք օգտագործում»:

Նրա խոսքով, իրենց ջանքերն ուղղված են նրան, որ ընթերցանությունն այլևս խորթ հասկացություն չլինի և դառնա յուրաքանչյուրի կյանքի անբաժանելի մասը:

Բացօթյա ընթերցանության փառատոնը կամփոփվի հունիսի  24-ին: Այդ օրն անակնկալներ կլինեն բոլոր երևանցիների համար` հանրային վայրերում ընթերցանության ֆլեշմոբերի տեսքով:

Դիտվել է 1771 անգամ:
Print Friendly

Leave a Reply