Հանրային խորհրդի արդյունավետությունը կախված է նրա լիազորություններից և պետական կառույցների պատրաստակամությունից

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 22, 2012 14:27

Տարին սկսվեց հասարակությունը ցնցող մի շարք իրադարձություններով. Մաշտոցի պուրակի կրպակապատում, «Հրազդան» մարզադաշտի ոչ թույլատրելի հատվածում առևտրի կենտրոնի կառուցում, Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված Ծածկած շուկայի քանդում և այլն:

Այս հարցերը պայքարի տարբեր եղանակներով բարձրաձայնվեցին հասարակության տարբեր խմբերի կողմից: Վերահաստատվեց այն միտքը, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման միտում է նկատվում, և հանրությունն այլևս չի հանդուրժում իր իրավունքների բացահայտ ոտնահարումը:

Հանրային խորհուրդը, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում ներկայացնելը, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները վեր հանելն ու քննարկելը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելը թե՛ պետական մարմիններին և թե՛ հասարակությանը, անցավ իր գործառույթների կատարմանը՝ կազմակերպելով հանրային քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և հանդես եկավ մասնագիտական լուրջ առաջարկներով:

Թե որքանով ընդունվեցին այդ առաջարկները, այլ հարց է. «Հանրային խորհուրդները եվրոպական երկրներում ունեն իրենց դասական դերը,- նշում է Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը,- դրանք կատարում են սոցիալական երկխոսության, համերաշխության դեր: Դա մի հրապարակ է, որտեղ բերվում են բոլոր վեճերը՝ կապված պետություն-քաղաքացի, պետություն-հասարակական կազմակերպություններ, պետություն-արհմիություններ, արհմիություններ-գործատերեր և այլ հարաբերությունների հետ, որոշակի լուծումներ գտնելով այդ դաշտում: Գոնե հինգից չորսի դեպքում լուծումներ առաջարկվում են, և մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ միտինգների, սոցիալական լարվածությունն էլ նվազում է»:

Ըստ Բարխուդարյանի, նման երկրներում Հանրային խորհուրդները լուրջ դերակատարում և ազդեցություն ունեն, քանի որ նրանց լիազորությունների շրջանակն էլ մեծ է: Մեզ մոտ դեռևս Հանրային խորհուրդը կայացման ճանապարհին է, մյուս կողմից` կայացած չեն այն կառույցները, որոնք փոխշահավետորեն պետք է համագործակցեն Հանրային խորհրդի հետ. արհմիություններ, տարբեր պետական կամ մասնավոր կազմակերպություններ ու միություններ:

Նշենք նաև, որ Հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է, և նրա գործունեությունն առայժմ չի կարգավորվում օրենսդրությամբ, ուստի չունի նաև համապատասխան լծակներ: Դա ևս լուրջ խնդիր է խորհրդի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար: «Մեզ մոտ Հանրային խորհուրդը պետք է միայն վեր հանի, վերլուծի հասարակությանը հուզող խնդիրները և որոշակի առաջարկություններ ներկայացնի հանրապետության նախագահին, քանի որ այն նախագահին կից մարմին է,- ասում է Բարխուդարյանը,- և պետք է նկատել, որ Հանրային խորհրդի կողմից ներկայացված շատ առաջարկներ այս կամ այն ձևով ընդունվում են կա՛մ միանգամից, կա՛մ ժամանակի ընթացքում  է պարզ դառնում, որ դրանց ընդունումը ճիշտ էր»:

Հանրային խորհրդի քննարկումները կարևոր են նրանով, որ կառույցի հանձնաժողովներում և ենթահանձնաժողովներում  ընդգրկված են ամենատարբեր ոլորտների շուրջ 2000 մասնագետներ, մտավորականներ, ակտիվ քաղաքացիներ, և քննարկումներն անցնում են ազատ, անկաշկանդ և առողջ մթնոլորտում:

Նմանատիպ քննարկումների ամենաթարմ օրինակներից են Մաշտոցի պուրակի, «Հրազդան» մարզադաշտի, Ծածկած շուկայի, «Հաղթանակ» զբոսայգում «Նոյյան տապան» համալիրի կառուցման խնդիրները:

Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատուն փաստում է, որ մասնագիտական նման մեծ ռեսուրս ունենալով՝ Հանրային խորհուրդը երբեմն շատ հարցեր չի կարողանում լուծել. «Խնդիրն այն է, որ չկան փորձագիտական խմբեր,-նշում է նա,- իսկ նման խմբեր պահելու համար անհրաժեշտ են ֆինանսական լուրջ միջոցներ: Արտերկրի Հանրային խորհուրդներում փորձագիտական ուսումնասիրությունների համար փորձագետներին վճարում են»:

Այնուամենայնիվ, Բարխուդարյանը կարծում է, որ այսօր Հանրային խորհրդում ընդգրկված են շատ մասնագետներ, հատկապես` ճարտարապետական, քաղաքաշինական, բնապահպանական և գյուղատնտեսական ոլորտների, որոնք բավականին արդյունավետ աշխատում են՝ լուրջ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով խնդրահարույց հարցերի դեպքում: «Օրինակ` կրթության և գիտության ոլորտում բավական լուրջ փաստաթուղթ կազմվեց միջնակարգ կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ, բայց, ցավոք, այդ առաջարկությունների մեծ մասը չընդունվեց,- նկատում է նա,- դա արդեն գալիս է տվյալ ոլորտի ղեկավարի կեցվածքից և նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակից»:

Բարխուդարյանը համոզված է, որ եթե բոլոր պետական կառույցները արդյունավետորեն համագործակցեն Հանրային խորհրդի հետ, ապա լուրջ բարեփոխումներ կլինեն:

Նման դրական համագործակցության օրինակ է Հանրային խորհրդի և գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը. «Այդ համագործակցության արդյունքում նախ և առաջ հիմք դրվեց գյուղատնտեսական կոոպերացիաների զարգացմանը, որը ներառվեց պետական ծրագրերում»,- նշում է նա:

Մշտապես Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում գտնվող գյուղատնտեսական խնդիրները պարբերաբար մասնագիտական քննարկումների առարկա են դառնում համապատասխան հանձնաժողովում: Ապրիլ ամսին, երբ Հանրային խորհրդի անդամները հանդիպեցին նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ներկայացրին խորհրդի առաջիկա ծրագրերն ու անելիքները, զգալի տեղ էր հատկացված հենց գյուղատնտեսության ոլորտին:

Ի դեպ, այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ ուշադիր հետևում է խորհրդի աշխատանքներին և նկատել է, որ հատկապես ենթահանձնաժողովներն են ակտիվորեն աշխատում՝ քննարկելով հանրությանը հուզող ամենատարբեր խնդիրներ:

Հանրային խորհրդի ակտիվ հանձնաժողովներից է ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը, որտեղ վերջերս քննարկվել է, օրինակ, բենզինի շուկայի առկա իրավիճակը՝ կապված բենզինի ծավալների շարունակական և գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից առաջացող խնդիրների հետ:

ՀԽ մեկ այլ` պատմական և մշակութային արժեքների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրներով զբաղվող ենթահանձնաժողովում հետևողականորեն բարձրաձայնվում  են  մշակութային արժեքներին վերաբերող բազմաթիվ հարցեր՝ մասնագիտական լուրջ քննարկումներ կազմակերպելով:

Վերջերս, օրինակ, հանձնաժողովը առաջարկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջկառավարական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որը պետք է զբաղվի Գանձասարի եկեղեցական համալիրի և սուրբ Վաճառ եկեղեցու վերանորոգման հարցերի քննարկմամբ: Հիշեցնենք, որ ենթահանձնաժողովն անցյալ տարի բավական ծավալուն աշխատանքներ կատարեց Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարսպի ճակատագրի և Վաճառի եկեղեցու ոչ մասնագիտական վերանորոգման հարցերի  առնչությամբ՝ կազմակերպելով քննարկումներ, ինչպես նաև ստեղծեց մասնագիտական աշխատանքային խումբ, որը տեղում ուսումնասիրեց հարցը և համապատասխան որոշում կայացրեց:

Բացի հրատապ ու աղմկահարույց խնդիրներից, Հանրային խորհուրդն ամեն օր քաղաքացիներից ստանում է տարաբնույթ նամակներ, դիմում-բողոքներ թե՛ անհատական, թե՛ համընդհանուր հարցերի վերաբերյալ. օրինակ` կոմունալ վճարումների սակագներ, ծառայությունների որակ, սեփականության իրավունքի պաշտպանություն, դատական վճիռներ, ավանդների վերադարձ, ընդհանուր տարածքների ապօրինի կառուցապատում, ծառահատումներ, հեռուստաեթերի աղավաղում, կրթության որակ և այլն: Հանրային խորհուրդը համապատասխան փաստաթղթերով դիմում է պատասխանատու մարմիններին:

Շատ հարցեր լուծվում են, շատերն էլ՝ ոչ: Եվ կրկին առաջ է գալիս այն միտքը, որ խնդիրների լուծման բանալին յուրաքանչյուր կողմի՝ սեփական պարտականությունների բարեխիղճ կատարումն է և դրանց լուծման պատրաստակամությունը:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply