Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին

Պաշտոնական, Օրվա լուր | | June 21, 2012 13:07

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բանկին՝ նման համագործակցության և Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին հետևողական աջակցության համար, ընդգծելով հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման գործում մեր երկրին ցուցաբերված օժանդակությունը: Հանրապետության նախագահի խոսքով, այն ավելի ամրապնդեց և ընդլայնեց Հայաստանի և Համաշխարհային բանկի գործընկերային հարաբերությունները: Սերժ Սարգսյանը այդ հարաբերությունների խորացման և փոխգործակցության զարգացման գործում բարձր է գնահատել ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի անձնական ներդրումը, հաջողություններ մաղթել նրան հետագա աշխատանքում:
Նախագահը շնորհավորել է տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Հենրի Քերալին և հույս հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում հնարավորություն կունենա տեղում ծանոթանալ իրականացվող ծրագրերին, երկրի զարգացման հնարավորություններին ու մարտահրավերներին՝ նոր պաշտոնում նպաստելով ՀԲ-ի հետ Հայաստանի շարունակական համագործակցությանը:
Հենրի Քերալը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը Երևանում ունի կարող ու լավ թիմ, որի աջակցությամբ կշարունակի զարգացնել և ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի տնտեսության առաջնահերթություններին և դրանց շրջանակներում ՀԲ-ի հետ առաջիկա համագործակցությանը:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply