Բոլորս ենք երկակի ստանդարտներով առաջնորդվում

ԷՍՍԵ | | June 22, 2012 11:37

Զարմանալի է, որ մեր հասարակությունում ազատության, ազատ խոսքի և ժողովրդավարության արժեքների մասին հիմնականում խոսում են այն մարդիկ, որոնք շատ ավելի անհանդուրժող են այլ կարծիք ունեցողների նկատմամբ կամ իրենց ազատության հաշվին սահմանափակում են ուրիշների ազատությունը: Կասկած չկա, որ մեր քաղաքացիների մի մասը, անձնական շահերից ելնելով, կա՛մ իշխանության տարբեր թևերի է պաշտպանում,  կա՛մ ընդդիմության, սակայն մեծ թվով մարդիկ էլ կա՛մ անշահախնդիր են համակրում այս կամ այն ուժին,  կա՛մ չեզոք են այդ ուժերի նկատմամբ,  կա՛մ չեն ընդունում և ոչ մեկին:  Եվ եթե վերջինները սխալվեն ու դրական կարծիք հայտնեն  իշխանության կամ ընդդիմության կատարած որևէ դրական քայլի մասին, հակառակորդի կողմից  «ծախված» պիտակի կարժանանան:

Օրինակ` վերջին ընտրությունները: Կոալիցիոն նախկին բոլոր ուժերը զբաղված էին փող բաժանելով: Անտարբեր զանգվածը, որի համար բոլորը մեկ են, գումարը վերցնում ու գնում ընտրում էր իր նախընտրածին: Սակայն մի հսկայական ակտիվ, գիտակից զանգված էլ ընտրության չգնաց`չհավատալով ոչ մեկին: Քիչ չեն նաև այնպիսիք, որոնք իրենց կամքով գնացել և ընտրություն են կատարել, ընտրել են նաև իշխանությանը, քանի որ ավելի լավ այլընտրանք չեն տեսել, գերադասել են ներկա վիճակը ավելի վատ փոփոխություններից:  Եվ  այդ նույն մարդիկ իրենց շատ վատ են զգում, երբ նրանց երեսով են տալիս, թե գնացել Լֆիկ  կամ Լիսկա են ընտրել:

Այդ և նման անուններն էին պատճառը, որ շատերը չհավատացին «Հավատա, որ փոխենք» կարգախոսին: Իսկ ներկա իշխանությանը խիստ քննադատողները մոռացել են, որ նորաթուխ ընդդիմությունը վերջերս էր նստած  նախարարական աթոռներին, ոչ պակաս կոռումպացված գերատեսչություններ էր ղեկավարում և պատասխանատու  է այդ ոլորտների ներկա անմխիթար վիճակի համար:  Մսխեցին Խորհրդային Հայաստանի մարզահամալիրները` իրենց դահլիճներով և լողավազաններով, դարձրին խանութներ և էլիտար բնակարաններ: Եվ այդ նախկին կոալիցիոն ուժերի ցուցակներում լֆիկներ ու լիսկաներ էլ բավականաչափ կան:

Առհասարակ նկատել եմ, որ մեր հասարակության մեջ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմադիր կեցվածք ունեցողները երկակի ստանդարտով են առաջնորդվում: Ընդդիմադիրները չեն տեսնում իրենց «գող փիսոներին», իսկ իշխանությունը պատժում է միայն ընդդիմադիր հանցավորներին: Ահավասիկ Օսկանյանի աղմկահարույց դեպքը: Իշխանությանն ատողները Օսկանյանին հերոսացնում են` մոռանալով, որ նա պատասխանատվություն է կրում 1998-2008 թթ. բոլոր բացասական երևույթների համար. ահավոր անարդար ընտրություններ, 2004 թ. ապրիլին ընդդիմության ջարդ, Բյուզանդի փողոցի և այլ տարածքների հանրային կարիքների զոհեր, պետական ունեցվածքի փոշիացում… Այս թվարկումը վերջ չունի: Եվ նախարարների հիմնական մասը նույնն էր:

Բոլորը մոռանում են, որ նա մաս է կազմել նաև ԼՏՊ-ի հանցավոր ռեժիմին:  Կարելի է ասել, որ մեր երկրի և ժողովրդի ունեցվածքը փոշիացավ առաջին և երկրորդ նախագահների օրոք: Մի քանի տարի առաջ էլ հերոսացնում էին հանցագործ Ջհանգիրյանին և Սաղաթելյանին:

Ես պատճառ չունեմ կասկածելու Օսկանյանի դեմ առաջ քաշված մեղադրանքներին: Այդ միլիոնների հոսքը կասկածելի է, բարեգործությունը չի երևում: Սակայն հասարակությունն այդ ամենին կհավատար, եթե քրեական գործեր հարուցվեին վերահսկիչ պալատի վեր հանած բազմաթիվ գործերի առնչությամբ` կենսաթոշակների չարաշահման, մանկատների երեխաների բնակարանների ձախողված ծրագրի, ծածկած շուկայի քանդման և շատ այլ գործերով:

Սեփական տնամերձում կամ պատշգամբում մի փոքր փոփոխություն ես կատարում` առնվազն հինգ տարբեր ատյաններից գալիս ու կանգնում են գլխիդ, արգելում ու տուգանում,  բայց առանց նախագծի, բոլորի աչքի առաջ Երևանի խորհրդանիշ-հուշարձան են քանդում,  և ոչ մի պատիժ:

Մարդիկ կան, որոնք Հայաստանի անկախության տարիներին` սկսած ԼՏՊ-ի ժամանակներից, ժառանգաբար հասել են մինչև այժմյան իշխանություն, բայց ոչ իրենց խելքի, ինտելեկտի, պարկեշտության կամ առաքինության շնորհիվ: Այդ մարդիկ վատ օրինակ են նոր սերնդի համար: Եթե իշխանությունը ուզում է, որ իրեն հավատանք, պետք է ազատվի այդ մարդկանցից:  Առհասարակ, եթե պապուտատից ստացած ժառանգությունդ ցեց է ընկել, պիտի դեն նետես,  այլապես  քո ստեղծածն էլ կցեցոտի: Մինչդեռ  ներկայիս իշխանությունն ընդամենը փոխատեղումներ է անում, երբեմն էլ` հայրական ապտակ հասցնում:  Եվ շատերը սարսափով են նայում ապագային, երբ մտածում են, թե վեց տարի հետո Սերժ Սարգսյանը որ մականունավորին է թողնելու իշխանությունը:

Չեմ կարծում, թե մեր հայ ժողովուրդը այդքան աղքատ է մարդկային պաշարից,  ընդամենը հարկավոր է շրջապատից դուրս փնտրել կադրերին: Մեր ժողովուրդը կիրթ, բանիմաց և երկրի ապագան պատկերացնող հպարտ մարդկանց կարոտ է մնացել:

Եվ բարեբախտաբար, հիմա ինչ-որ չափով փորձում են թարմ դեմքեր ներգրավել իշխանության համակարգում: Կամաց-կամաց կայանում է քաղաքացիական հասարակությունը և շատ հարցերում ստիպում  իշխանությանը հաշվի նստել  իր կարծիքի հետ:  Ի տարբերություն նախորդ  երկու  իշխանությունների, որոնք  ընդհանրապես թքած ունեին հասարակական կարծիքի վրա, այս մեկի օրոք, փաստորեն,  որոշ բարենպաստ պայմաններ են ստեղծվել:  Փոփոխություններ են նկատվում սպասարկման որոշ ոլորտներում: Բայց բացասականի չափաբաժինն այնքան մեծ է և այնքան արմատացած, որ թացը չորից դժվարանում են տարբերել անգամ անուղղելի լավատեսները:

Դիտվել է 1869 անգամ:
Print Friendly

Leave a Reply