Գուլյանի գործով դատավարությունը հետաձգվեց` վկայի չներկայանալու պատճառով

Օրվա լուր | | October 23, 2009 16:05

Լևոն Գուլյանը՝ որդիների հետԱյսօր Կենտրոն-նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վկա քննիչ Գաբրիել Պետրոսյանի չներկայանալու պատճառով հետաձգվեց ՀՀ ոստիկանության շենքում չպարզված հանգամանքներում մահացած Լևոն Գուլյանի գործով դատավարությունը:

Նա մահացել էր  2007թ. մայիսի 12-ին` որպես վկա հրավիրված հարցաքննության ժամանակ: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել էր, թե նա երկրորդ հարկի լուսամուտից փախչելիս ընկնելուց է մահացել:

Դատավոր Գայանե Կարախանյանը նիստը սկսելիս հայտարարեց, որ նամակ է ստացել քննիչից, ով գրել է, թե չի կարող ներկայանալ դատարան` հիվանդության պատճառով: Լևոն գուլյանի գործով փաստաբան Հրայր Ղուկասյանն «Անկախ»-ին ասաց, որ ինքը տեսել է քննիչի ուղարկած նամակն ու այնտեղ նշված չէ, թե որ հիվանդանոցում և ինչ հիվանդության դեմ է վերջինս բուժվում:

Նախօրեին նույն դատարանը որոշում էր կայացրել` հիշյալ գործով նոր դատաքննության սկսելու մասին: Փաստաբան Ղուկասյանն ասաց, որ շուրջ 4 ամիս իրենք բողոք են ներկայացրել դատարան`քրգործի կարճման որոշման դեմ, և դատավոր Կարախանյանը նախորդ օրը հայտարարել է, որ անհրաժեշտություն կա կրկին լսելու գործի նախաքննությունը վարող հատուկ կարևորագույն գործերով քննիչ Գաբրիել Պետրոսյանին:

Լևոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քր.գործը նախաքննական մարմինը կարճել է 2 անգամ ու դատաքննությունն արդեն 2-րդ անգամ է նշանակվում:

Փաստաբանն «Անկախ»-ին ասաց, որ համոզված է` իրավական տեսանկյունից իրենց պահանջները հիմնավորված են, իսկ գործին նոր ապացույցներ են ավելացել:

«Մենք մասնակցել ենք ոստիկանության մի քանի աշխատակիցների հարցաքննությանը և ունենք փաստեր, որ վերջիններս 3 օր շարունակ ապօրինի ազատությունից զրկել են Գուլյանին ու տեղափոխել մի բաժանմունքից մյուսը,- ասաց նա,- Առնվազն կասկածելի են Լևոնի տուն չվերադառնալու հանգամանքները, ինչպես նաև փորձագետների տված եզրակացությունը, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել են հետքեր և վնասվածքներ»:
Փաստաբանի խոսքով` եթե իրավապահ մարմինները նշում են, որ բռնություն չի կիրառվել Լևոնի վրա, երբ նա եղել է այն սենյակում, որի պատուհանից «նետվել է», ապա առնվազն կասկածելի է այն ժամանակահատվածը, թե երբ է նրա վրա բռնությունը կիրառվել. ուրեմն հետքերն ու վնասվածնքրեը եղել են նրա մահից առաջ, մինչև ընկնելը:

Գուլյանի հարազատները հույսեր չեն կապում հայաստանյան դատական համակարգի հետ և նպատակ ունեն ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել Եվրոպական դատարան:

Գուլյանի գործով դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 4-ին նույն՝ Կենտրոն-նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում:

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply