Կրծքագեղձի քաղցկեղ. 2 բաժակից ավել սուրճը վնասակար է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 23, 2009 16:13

55 տարեկանից հետո կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 2-3 անգամ մեծ է: Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Մարինա Ոսկանյանն ասում է, որ ամեն տարի 12.000 հետազոտվող կանանց 600-650-ի մոտ հայտնաբերվում է կրծքի քաղցկեղ:

«30 տարին լրացած յուրաքանչյուր կին պետք է հետազոտվի ամեն տարի` կրծքի քաղցկեղը կանխարգելելու համար: Նախաքաղցկեղային իրավիճակում հեշտ է կանխարգելել հիվանդության բարդացումը և բուժել այն 100% -ով»,-ասում է Մամոգրաֆիայի կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` ամեն տարի աշխարհում ավելանում են մեկ միլիոն կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներ:

«Հետազոտությունների համաձայն` սպիտակամորթ կանայք ավելի հակված են կրծքագեղծի քաղցկեղով հիվանդանալուն, աֆրոամերիկյան կանայք ավելի դիմացկուն են՝ շատ երեխաներ ունենալու ու կրծքով կերակրելու հաշվին»,-ասում է Հակոբյանը:

Մամոգրաֆիայի կենտրոնի տնօրենն ասում է, որ հետազոտվողների 60.000-ից ավելին ունենում է կրծքագեղծի բարորակ ախտահարում, որը միշտ չէ վերածվում չարորակ ուռուցքի: 5-10 %-ի դեպքում կրծքագեղձի հիվանդության պատճառ է գենետիկ գործոնը:

Հակոբյանը կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու համար խորհուրդ է տալիս սննդի մեջ լայնորեն օգտագործել բանջարեղեն, յոդով հարուստ սնունդ, օրական խմել մի բաժակ ալկոհոլ ու չչարաշահել սուրճի օգտագործումը ( 2 բաժակից ոչ ավել):

Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի պարանոցի քաղցկեղը գրավում է երկրորդ տեղը: Գինեկոլոգ Ոսկանյանն ասում է, որ արգանդի վզիկի քաղցկեղի պատճառներ կարող են լինեն վաղ սեռական կյանքը (մինչև 18 տարեկան), բազմաթիվ պարտնյորները, ինֆեկցիաների ներթափանցումը կնոջ օրգանիզմ: «Նախանշաններն են արյունահոսությունը և ցավը՝ կնոջ սեռական օրգաններում»,-ասում է Ոսկանյանը:

Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնում գինեկոլոգիական զննության են ենթարկվել 22.000 կանայք, որոնցից 41-ի մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, իսկ 100-ի մոտ` նախաքաղցկեղային նշաններ:

Արգանզի վզիկի քաղցկեղը կանխարգելելու համար Ոսկանյանը խորհուրդ է տալիս կատարել պապ-տեստ ( հեշտոցային ճանապարհով արգանդի վզիկից վերցվում է քսուք, որն այնուհետև հետազոտվում է), որն արժե 4500 դրամ:

Արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման դեպքում ամենաարդյունավետ մեթոդը լարային-էլեկտրավիրաբուժական շերտային հեռացումն է: Վիրահատության գինը  15-30.000 դրամի սահմաններում է: «Սա շատ հեշտ ու արագ վիրահատություն է, կինը վիրահատությունից 30 րոպե անց կարող է հանգիստ քայլել»,-ասում է Ոսկանյանը:

Կենտրոնի գործունեության 12 տարիների ընթացքում կենտրոնում հետազոտվել են 176.000 այցելուներ:

Դիտվել է 5330 անգամ:
Print Friendly

Leave a Reply