ՀՀ օմբուդսմենի գրասենյակի հետ ամենաչհամագործակցող մարմինը Դատախազությունն է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 23, 2009 14:02

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ ցանկացավ խոսել ոչ թե քաղաքացիական ու քաղաքական իրավունքների և ազատությունների, այլ սոցիալ-տնտեսական իրավունքների մասին` ասելով, որ ՀՀ-ում գործող աշխատանքային շահագործման սկզբունքը, մենաշնորհային տնտեսությունը, բնապահպանական խնդիրները մեր երկիրը տանում են դեպի փակուղի:

«Օրինակ, երթուղային տաքսիների վարորդների իրավունքների հնարավոր խախտումների մասին տեղեկություն ստանալու նպատակով դիմել ենք աշխատանքի պետական տեսչություն,-ասաց նա,-և պարզել, որ վարորդներին աշխատացնում են արտաժամյա` 18 ժամ, առանց վճարելու, իսկ ծառայություններում բացակայում է բժշկական վերահսկողությունը, պատշաճ փաստաթղթերը»:

Ուսումնասիրություններն արվել են 70 տրանսպորտային ընկերությունից 5-ում:

Օմբուդսմենը շեշտեց, որ մենաշնորհային տնտեսությունն արմատախիլ անելու համար պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ համակարգի փոփոխություններ, լուծվեն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առկա հիմնախնդիրները`զանգվածային ծառահատումներ, անտառների կամ ազգային պարկերի ոչ նպատակաին օգտագործում, շինարարական թափոնների առկայություն և այլն:

Նա վստահեցրեց, որ «Մեր օմբուդսմենի համակարգը բարձրներից մեկն է, քանի որ մենք կարողանում ենք ճիշտ մեխանիզմով աշխատել` քննադատություն և համագործակցություն»: Հարությունյանը նաև նշեց, որ իրենց հետ «ամենաչհամագործակցող» մարմինը Դատախազությունն է:

Պաշտպանը խուսափեց խոսել հայ-թուրքական հարաբերությունների և այն մարդկանց իրավունքների մասին, ովքեր դեմ էին Արձանագրությունների ստորագրմանը:

«Հարցեր կան, որտեղ պետք է մասնագետներին լսել»,-ասաց նա:

«Անկախ»-ի հարցին, թե տեղյա՞կ եք արդյոք` ինչ փուլում են  Հուսիսային պողոտայի «զոհերի» դատական հայցերը Եվրոդատարանում, Հարությունյանը պատասխանեց, որ նրանց հիմնական մասը շահում է:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply