ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստ.«Զինկոմիսարիատը լավ չի ստուգում նորակոչիկին` բանակ տանելուց առաջ»

Օրվա լուր | | October 22, 2009 18:43

Զորակոչիկ Կ.Կարապետյանի միայն արտաքին զննումը բավարար է եղել` արձանագրելու, որ նա ունի միզասեռական համակարգի հիվանդություն, իսկ զորակոչիկ Ք. Ցագանյանը ճանաչվել է ծառայությանը պիտանի և ներկայացվել հավաքակայան, սակայն նրա մոտ հետազոտման արդյունքում ախտորոշվել է ողնաշարի կրծքագոտկային խեղում:

Բազմաթիվ օրինակներից մեջբերելով սրանք` ՀՀ զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում ասաց, որ 2008թ. ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում գարնանային զորակոչի կազմակերպման և անցկացման ընթացքում արձանագրված նման և այլ օրինախախտումներ հիմք են տվել ՀՀ մի շարք օրենքներում և կառավարության որոշումներում փոփոխություններ կատարել:

Ըստ դատախազի` 2009թ. գարնանային զորակոչի ամփոփումը ցույց տվեց, որ կան խախտումներ, որոնք մեծամասամբ կապված են բժշկական հանձնաժողովների աշխատանքների հետ:

«Տարածքային զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներն արտաքին զննման արդյունքներով հիվանդ զորակոչիկներին ճանաչում են առողջ և ներկայացնում հավաքակայան,-ասաց նա իր զեկույցում,-դրա հետ մեկտեղ որոշ դեպքերում պատշաճ չեն ուսումնասիրում բժշկական փաստաթղթերը, ինչի հետևանքով հավաքակայան են ներկայացվում առողջական վիճակը պատշաճ չհետազոտված զորակիչիկներ»:

Օրինակ՝ Արաբկիրի տարածքային զորակոչային բժշկական հանձնաժողովն ուշադրություն չի դարձրել զորակոչիկ Ա. Մալխասյանի կողմից ներկայացված գանգատներին և նրա բժշկական փաստաթղթերին:

Մալխասյանի ծնողների բողոքներից հետո նրան ուղարկել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտությունները լիարժեք և օբյեկտիվ չեն կատարվել, ինչի արդյունքում 2009թ. հունիսին բանակ զորակոչված երիտասարդի վիճակը զորամասում կտրուկ վատացել է: Ընդամենը 1 ամիս ծառայության մեջ գտնվող Մալխասյանը հոսպիտալ տեղափոխվելու հաջորդ օրը մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
2009թ. գարնանային զորակոչի ընթացքում 26 նորակոչիկներ հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում առողջական վիճակի կապակցությամբ վաղաժամկետ զորացրվել են ՀՀ զինված ուժերից: Նրանցից 9-ին փորձագետները համարել են սխալ զորակոչված:

Ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սարգիս Մնացականյանն ասաց, որ 2009թ. 28 հոգի խուսափել են գարնանային զորակոչից, ինչի հետևանքով գործն ուղարկվել է դատարան: 28-ից 19-ը եղել են «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության անդամներ, ովքեր հրաժարվել են ինչպես պարտադիր, այնպես էլ այլընտրանքային զինվորական ծառայությունից:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը կիրառվել է 296 անձի նկատմամբ, որի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ հաշվին փոխանցվել է 313.283.000 դրամ»,- ասաց նա:

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply