Խեղաթյուրված փաստեր Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մոտ տեղադրված տեղեկատվական վահանակներում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 13, 2012 16:56

«2011 թ. սկիզբն էր: Ես սփյուռքահայ հյուրեր ունեի, որոնց տարել էի Հայաստանի տեսարժան վայրեր,- պատմում է «Հայ միտք» հասարակական կազմակերպության հիմնադիր-անդամ Մարինե Վահրադյանը,- հասանք Հաղպատի վանք, և քանի որ մասնագետ չեմ, նայեցի ցուցատախտակներին, որպեսզի հյուրերիս ներկայացնելու պատմական նյութ ունենամ: Հանկարծ աչքիս զարնեց հայերեն տեքստը. «Սայաթ-Նովան դիվանագիտական առաքելություն էր կատարում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի (Ալբանիայի) թագավորությունների համար»: Ես ամոթից չբարձրաձայնեցի այն, ինչ տեսա, փորձեցի շեղել հյուրերիս ուշադրությունը, որպեզի նրանք չտանեն իրենց հետ Հաղպատի վանքի այդ կեղծված նկարագիրը»:

«Ադրբեջանական թագավորության» մասին լեգենդը շարադրվել է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» (AMAP) թեթև ձեռքով, որի գործունեությունն էլ նույնքան թեթևորեն, բայց ոչ կանխամտածված, 3 տարի շարունակ ֆինանսավորել է «Վիվասելլ-ՄՏՍ» ընկերությունը:

Սակայն Մարինե Վահրադյանի և նրա ընկերների պատմամշակութային շրջայցի ընթացքում դա կեղծ և խեղաթյուրված տեղեկություններ պարունակող միակ տեղեկատվական վահանակը չէր: Հաղպատից հետո խումբն այցելում է Քարահունջ: Այնտեղ էլ վահանակի վրա գրված է լինում, որ հուշարձանի հնագույն անվանումը «Ղօշուն-դաշ» է եղել:

«Ղօշուն-դաշը» թուրքերեն բառ է, որ նշանակում է քարերի շարք,- ասում է նա,-փաստորեն, ցանկացած զբոսաշրջիկ, դա կարդալով, կեզրակացնի, որ հնագույն ժամանակներում այստեղ թուրքեր են ապրել, և սա իրենց հուշարձանն է եղել»:

Նորավանքի շուրջ տեղադրված վահանակներից մեկի վրա էլ գրված է, թե իբր Մոմիկը օտար երկրներից է ներմուծել հայկական ճարտարապետության շատ դետալներ: «Բայց չէ՞ որ շատ հայտնի ճարտարապետներ, ուսումնասիրելով հայկական ճարտարապետությունը, հայտարարել են, որ այն ելակետն է եվրոպական ճարտարապետության»,- նկատում է նա:

Վերադառնալով Երևան` Մարինե Վահրադյանը, որի ֆոտոխցիկն արձանագրել էր այդ ամենը, լուսանկարները ձեռքին գնում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»` հետաքրքրվելու, թե արդյոք այնտեղ տեղյա՞կ են այդ խեղաթյուրումների մասին: Նրանք, իհարկե, զարմանում են և առաջարկում նրան իր փաստերը ներկայացնել պատմաբաններին և նրանց ստորագրությամբ դիմում գրել մշակույթի նախարարին: «Իհարկե, մի աբսուրդն էլ այն է, որ հերիք չէ` քաղաքացին այդ ահազանգը հնչեցնում է, դեռ մի բան էլ պետք է զբաղվի այդ հարցով»,- ասում է նա:

Ինչևէ, Մարինե Վահրադյանն անցնում է գործնական քայլերի. նախ պարզում է, որ մշակույթի նախարարությունը AMAP-ի գործընկերն է, որի հետ պայմանագիր կնքելիս տեքստերի հավաքմամբ, մշակմամբ զբաղվող գիտամեթոդական խորհուրդ է կազմվել, որի կազմում են նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը և ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Մարինե Վահրադյանն անմիջապես գնում է նրանց մոտ, սակայն պարզվում է, որ նրանք ընդհանրապես տեղյակ չեն, որ նման բան գոյություն ունի:

Այդ ընթացքում նա նամակ է գրում AMAP-ի տնօրեն Ռիչարդ Նային` ճշտելու, թե ի՞նչ աղբյուրներից են վերցրել պատմական տեղեկությունները: Վերջինս էլեկտրոնային փոստով պատասխանում է, թե Հայաստանում հասկացող մասնագետ չկա, մի քանիսն են, որոնց հետ էլ իրենք համագործակցում են, սակայն չի նշում այդ մի քանի «հասկացողների» անունները:

Մարինե Վահրադյանը, պատմաբանների (Էդիկ Մինասյան և Բաբկեն Հարությունյան) հետ միասին հանդիպում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ` նրան ներկայացնելով նաև Ռիչարդ Նայի պատասխանը: «Դա առաջին հերթին երկրի նախագահին և Ձեզ ուղղված վիրավորանք է»,- ասում է նախարարին: Նախարարն այդ խոսքերն իր մոտ նշում է և ընդգծում:

Ինչ վերաբերում է տեքստերի բովանդակությանը, պարզվում է, որ Հասմիկ Պողոսյանն էլ դրանցից տեղյակ չէ: Երախտագիտություն հայտնելով Մարինե Վահրադյանին հայկական հուշարձանների նկատմամբ ունեցած սրտացավ վերաբերմունքի համար` նախարարն անմիջապես կանչում է իր տեղակալ Արևիկ Սամուելյանին և հրահանգում, որ դադարեցնեն պայմանագիրը AMAP-ի հետ,կասեցնեն ֆինանսավորումը, կազմակերպությանը պատասխանատվության ենթարկեն և տեքստերը փոխեն:

«Մենք նախարարի մոտից հանգիստ հեռացանք` մտածելով, որ հրահանգը կկատարվի»,- պատմում է Վահրադյանը:

Սակայն 2011 թ. փետրվարի 22-ին մշակույթի փոխնախարար Արևիկ Սամուելյանը Մարինե Վահրադյանին նամակով տեղեկացնում է. «…Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» ՀԿ-ի կողմից հուշարձանների տարածքում տեղադրված տեղեկատվական վահանակների տեքստերը վերստին քննարկվելու են բնագավառի անվանի գիտնականների հետ, ինչպես նաև դրանցում առկա սխալներն ու անճշտություններն ուղղելու նպատակով նախարարության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է մանրամասն ուսումնասիրել և շտկել դրանք: Տեղեկացնում ենք նաև, որ այսուհետ տեքստերի ստորին մասում կնշվեն նաև հեղինակների անունները: Իսկ հետագա անճշտությունները բացառելու նպատակով մշակվում է նախարարության և AMAP-ի միջև կնքվելիք բազմալեզու տեղեկատվական վահանակների տեղադրման չափորոշիչների, կարգի և պայմանների վերաբերյալ համաձայնագիր…»:

«Փաստորեն, մեր հանդիպման ժամանակ Արևիկ Սամուելյանին տրված նախարարի չորս հրահանգն էլ չի կատարվել»,- ասում է Մարինե Վահրադյանը:

Պարզաբանելու համար նա հեռախոսազրույց է ունենում Արևիկ Սամուելյանի հետ: Վերջինս հայտնում է, որ նախարարությունն այդքան գումար չունի` ցուցատախտակների տեքստերը փոխելու համար, քանի որ դրա համար անհրաժեշտ է ողջ ցուցատախտակը քանդել: Ըստ Սամուելյանի` յուրաքանչյուր ցուցատախտակի փոփոխությունը կարժենա մոտ 250 հազար դրամ: «Նախ` հարց է առաջանում` ինչո՞ւ տեղեկատվական ցուցատախտակների գործով պետք է զբաղվի ամերիկյան կազմակերպությունը, եթե մենք ունենք մշակութային համապատասխան կառույցներ, երկրորդ` ինչո՞ւ են դրանք զմռսվել այնպես, որ այլևս տեքստային փոփոխություններ հնարավոր չլինի անել»:

Այդ հարցերի պատասխանները պաշտոնապես չկան, սակայն ենթադրություններ անելը դժվար չէ:

Երբ փորձեցինք կապվել AMAP-ի տնօրենի հետ, նրա հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և երկրի «հասկացող մասնագետների» անունները բացահայտելու նպատակով, կազմակերպության փոխնախագահ Բելլա Կարապետյանը հայտնեց, որ Ռիչարդ Նայը նպատակահարմար չի գտնում տեղեկատվական վահանակների թեմայով որևէ պարզաբանում տալ: Նա նաև տեղեկացրեց, որ այդ ծրագիրն արդեն ավարտվել է:

ՀՀ մշակույթի նախարարությունից «Անկախին» հայտնեցին, որ սխալներ պարունակող վահանակները շտկվել են: Սակայն Մարինե Վահրադյանի ընկերներից մեկը` հայագետ Գագիկ Պողոսյանը, պատմում է, որ մոտ 2 շաբաթ առաջ է այցելել մի շարք պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում նաև Հաղպատ, Սանահին, Քարահունջ և լուսանկարներ արել: Նրա խոսքով` կեղծ տեղեկությունները դեռ տեղում են:

Ի դեպ, նա նկատել է, որ վահանակների վրա եղած տեղեկությունները ոչ միայն խեղաթյուրված են, այլև խիստ  անգրագետ են և սխալներով, վահանակներից շատերն էլ ունեն տեխնիկական թերություններ, որոնց պատճառով այլևս պիտանի չեն: «Որոշ մասն ապակեպատ է և արդեն կոտրվել է, իսկ, օրինակ, Հաղպատում և Սանահինում տեքստերն օրգանական ապակու տակ են, որոնք արևից տաքանալով` վնասվել են, և որոշ հատվածներ անընթեռնելի են դարձել: Ախթալայում տեքստերի նկարները ջրակայուն ներկից են, սակայն արդեն գունազրկվել ու փոշիացել են, շատ տեղերում էլ վահանակներն այնքան բարձր են դրված, որ հնարավոր չէ կարդալ տեքստը»,- թվարկում է նա,- Ախթալայի վանքի մոտ գտնվող տեղեկատվական վահանակներում էլ ակնհայտ պատմական սխալներ կան ոչ միայն տեքստերի բովանդակության, այլև թարգմանությունների մեջ»:

Դա հաստատեց նաև պատմաբան Վահե Անթանեսյանը, որ ծնունդով Ախթալայից է: Նա նաև նշեց, որ դրա մասին ժամանակին բարձրաձայնել է` նամակ գրելով «Վիվասելլ-ՄՏՍ»-ին:

Գագիկ Պողոսյանը եղել է Սինգապուրում և այցելել բազմաթիվ պատմական հուշարձաններ, այդ թվում նաև հայկական եկեղեցի, որը համարվում է Սինգապուրի լավագույն հուշարձաններից մեկը: Նա պատմում է, որ պատմական հուշարձանների մոտ դրված են փոքրիկ, պարզ փայտե տուփեր, որոնք պահարանի պես բացվում են, և այցելուները հնարավորություն են ունենում կարդալու սովորական թղթի վրա գրված տեղեկատվությունը և կրկին փակում: «Այդ տեքստերը հարկ եղած դեպքում համապատասխան աշխատակիցները հանում են, փոխում, իսկ մեր դեպքում վահանակներն այնպես են կառուցված, որ այնտեղ այլևս ոչ մի փոփոխություն հնարավոր չլինի անել»,- ընդգծում է նա:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց իր վրդովմունքն այդ ամենի վերաբերյալ` նշելով, որ դա ոչ միայն վիրավորական է, այլև պատվեր կատարելու տպավորություն է թողնում: «Ո՞նց կարելի է թույլ տալ, որ օրը ցերեկով «Ադրբեջանի թագավորություն» կեղծիքը մեջտեղ բերվի,-ասաց նա,- չեմ կարծում, որ որևէ հայ պատմաբան նման տեղեկություն տրամադրեր»:

Ինչ վերաբերում է այս ամենը վերահսկող և պատասխանատու մարմիններին, ապա Էդիկ Մինասյանն իրեն վատ է զգում, որ մենք ինքներս մեր հուշարձաններին տեր չենք կանգնում, և ինչ-որ ամերիկյան կազմակերպություններ որոշում են նման հարցերով զբաղվել և իրենք էլ որոշել` ինչն է ճիշտ, ինչը` սխալ:

Լուսանկարները` Գագիկ Պողոսյանի

Դիտվել է 3962 անգամ:
Print Friendly

Leave a Reply