Հոկտեմբերի 25-29-ը կմեկնարկի «Արևորդի» բնապահպանական փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 22, 2009 17:47

Հոկտեմբերի 25-ին 2-րդ անգամ կմեկնարկի Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող «Արևորդի» տարածաշրջանային բնապահպանական փառատոնը:

Հարավկովկասյան տարածաշրջանում նման միակ փառատոնը կբացի Լյուկ Բեսոնի «Տունտ» ֆիլմը:

«Փառատոնի նպատակը բնապահպանական խնդիրները լուրջ հարթության վրա քննարկելն է ու տարածաշրջանում երկխոսության դաշտ ստեղծելը»-այսօր հրավիրած ասուլիսում ասաց փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Փառատոնը սկսվելու է դիմակահանդեսով: Երեխաները հագնելու են դեռևս 2 ամիս առաջ մարզերում թափոններից կենդանիների կերպարներով պատրաստած իրենց հագուստները: Ցուցադրվելու են ոչ միան «Արևորդի» էկոակումբների սաների պատրաստած ֆիլմերը, այլև ֆիլմեր`  Չեխիայից, Հնդկաստանից, Կանադայից, Ամերիկայից և այլ երկրներից: Ֆիլմերի ծրագրում կցուցադրվի 85 ֆիլմ 30 երկրից, որից 16-ը՝ հիմնական մրցութային ծրագրում, իսկ 35-ը՝ տեղեկատվական: Ֆիլմերի ցուցադրությունը կլինի անվճար:

«2 տարի շարունակ աշխատել ենք ընտրել տարբեր փառատոնների մասնակցած լավագույն ֆիլմեր,-ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Բարբարա Զիբերթը,-այդ ֆիլմերի միջոցով երեխաները կկարողանան ծանոթանալ նաև աշխարհի տարբեր երկրների բնապահպանական խնդիրներին»:

Զիբերթը նաև նշեց, որ փառատոնի շրջանակներում անցկացվելու է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) սեմինար-կոնֆերանս`վտանգավոր թունավոր թափոններ, ջրային ռեսուրսների կառավարում և կլիմայի փոփոխություններ թեմաներով:

ՄԱԿ-ի «Գլոբալ Կոմպակտ Հայաստան» ծրագրի և GTZ-ի (Գերմանական Տեխնիկական Աջակցություն) հետ համագործակցությամբ սեմիանար-կոնֆերանսին հրավիրվել է ԿՍՊ ոլորտի 3 բարձրակարգ մասնագետ:

Քննարկմանը կլինեն նաև ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ «բնապահպանությունը հայրենիքի ու երկրի սահմաններից ներս չէ միայն. պետք էդաստիարակել մեր երեխաներին` նրանց սովորեցնելով մտածել ավելի գլոբալ»:

Փառատոնին ներկա կլինեն ավելի քան 60 հյուրեր ամբողջ աշխարհից` ռեժիսորներ, արվեստագետներ, բնապահպաններ: Կկազմակերպվի Էկո-էքսպո, «Կովկասյան ջուր, մեր առաջին տարրը» լուսանկարների մրցույթ-ցուցահանդես և Կենդանաբանության թանգարանի նախկին վարիչ Մարտին Ադամյանի հիշատակին նվիրված հուշ երեկո:

Բնապահպանական խնդիրներին կարձագանքեն նաև ռոք խմբերը:

Դիտվել է 2957 անգամ:
Print Friendly

Leave a Reply