Օսկանյան-Նալբանդյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերությունների ֆոնին

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | October 21, 2009 18:06

sgs«Ես երբեք այսպիսի փաստաթուղթ չէի ստորագրի, եւ վստահեցնում եմ ձեզ, չեմ նախանձում այն մարդուն, որ շուտով այս փաստաթղթերը պիտի ստորագրի», –սեպտեմբերի 22-ին հայթուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն` ակնհայտ նկատի ունենալով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որ հայթուրքական արձանագրությունները ստորագրեց հոկտեմբերի 10-ին:

Այս քաղաքական դեմքերի միջեւ եղած հակասության մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ հայթուրքական արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Նալբանդյանն անհեթեթություն համարեց Օսկանյանի արած այն պնդումը, որ բոլորովին պարտադիր չէ որեւէ պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար ճանաչել այդ պետության պետական սահմանները: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում էր Թուրքիային (որպես օրինակ` Օսկանյանը բերել էր Վրաստանը, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել է, սակայն դեռեւս հայտարարություն չի արվել Վրաստանի պետական սահմանները ճանաչելու մասին):

Մինչեւ վերջերս Օսկանյանն ու Նալբանդյանը քաղաքականությունից դուրս էլ ընկերներ էին, եւ նախարար եղած ժամանակ Օսկանյանն ամեն կերպ աջակցել է, որ Նալբանդյանը Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակվի:

ԱԳՆի մի աղբյուր հայտնում է, որ նախագահ Սարգսյանը երկընտրանքի մեջ է եղել, թե ում նշանակի արտգործնախարար: Բացի Նալբանդյանից, եղել է նաեւ երկար տարիներ պաշտոնավարող ու մաքուր կենսագրություն ունեցող փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի տարբերակը: Ու թեեւ գոյություն է ունեցել նաեւ երրորդ թեկնածությունը` հանձին Արտաշես Գեղամյանի, սակայն այն շուտ հանվել է մտավախությամբ, որ ընդդիմադիր Գեղամյանին պետական լուրջ պաշտոնում նշանակելը կարող է դժգոհություն առաջացնել հասարակական շրջանակներում: Արտգործնախարարի պաշտոնում ընտրությունը կանգ է առել հենց Նալբանդյանի վրա, առաջին հերթին, Վարդան Օսկանյանի երաշխավորությամբ (այդ շրջանում մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, թե այդ գործում իր մեծ «ավանդն» է ունեցել նաեւ Շառլ Ազնավուրը):

Եվ իրոք, Նալբանդյանը, գրեթե անծանոթ լինելով ներքաղաքական շրջանակներում, նշանակվելով արտգործնախարար, նորմալ ընդունվեց քաղաքական բոլոր ուժերի կողմից, ու մինչ հայթուրքական արձանագրությունների վերաբերյալ քաղաքական զարգացումները, Նալբանդյանը «ստվերում» էր մնացել:

Անձամբ ականատես եմ եղել, թե ԱԳՆում Օսկանյանի հրաժեշտի արարողության ժամանակ Նալբանդյանը ինչպիսի ջերմ խոսքեր է ասաց իր նախորդի հասցեին եւ հույս հայտնեց, որ հետագայում էլ Օսկանյանն իր մասնագիտական որակներով ամեն կերպ կաջակցի «ՀՀ արտաքին քաղաքական շահերի ամրապնդմանը» (այդ ժամանակ արդեն պարզ էր, որ ԱԳ հաջորդ նախարարը լինելու է հենց Էդվարդ Նալբանդյանը):

Մամուլում դեռեւս 2007թ. սկզբին հիշեցին Նալբանդյանին. Ասվում էր, թե նախագահ Քոչարյանը ապագա նախագահական աթոռին ցանկանում է տեսնել քաղաքական զարգացումներից ամբողջովին զերծ մնացած անձնավորության, որը կհայտնվի վերջին պահին ու կխախտի բոլոր հաշվարկները: Որպես այդպիսին` նշվում էր այն ժամանակ դեռեւս Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանի անունը, այն պատճառով, թե նա ամբողջովին տեղավորվում է արեւմտառուսական շահերը հավասարակշռելու քաղաքականության մեջ եւ որ Ֆրանսիայի դեսպան է եւ որ կապված Ռուսաստանի հետ քաղաքացիությամբ:

Նաեւ Էդվարդ Նալբանդյանի հայրը «ГРУ»-ի («Главное развед-управление») գեներալ է եւ Եվգենի Պրիմակովի մոտ ընկերը: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ Նալբանդյանի վրա ռուսական ազդեցությունը բավական մեծ է:

Տարօրինակ զուգադիպությամբ Հայաստանի Երրորդ Հանրապետության 5 արտգործնախարարներից 3-ը հանդիսացել են այլ երկրների քաղաքացիներ (Օսկանյանը 1998թ. հրաժարվեց ԱՄՆ քաղաքացիությունիցընդունեց ՀՀ քաղաքացիություն, իսկ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը միայն 2001թ. ապրիլին է հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից):

Նալբանդյանը, որ Ռուսաստանի քաղաքացի էր, վերջերս ստացել է Հայաստանի քաղաքացիություն:

Նալբանդյանը որպես արտգործնախարար թերեւս շահեց նախագահ Սարգսյանի թիմի համակրանքը, եւ հավանաբար նա դեռեւս երկար կպաշտոնավարի, եթե, իհարկե, հանկարծ հայթուրքական հարաբերությունները չձախողվեն եւ իշխանություններին անհրաժեշտ չլինի քավության նոխազ:

Եթե Նալբանդյանի ազդեցությունը ներքաղաքական դաշտում ավելի թույլ է, քան Օսկանյանինն էր, ապա Նալբանդյանի կինը` Նատաշա Նալբանդյանը, բավական ակտիվ գործունեություն է ծավալել ԱԳՆ շրջանակներում եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների կանանց հետ ջերմ հարաբերություններ է հաստատել, ինչով առանձնապես աչքի չէր ընկնում Օսկանյանի կինը` Նանի Օսկանյանը: Այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ Նալբանդյանը որոշել է տիկնոջ համար ԱԳՆ շենքում աշխատասենյակ առանձնացնել: Սա ՀՀ արտաքին գերատեսչության պատմության մեջ աննախադեպ երեւույթ է, քանի որ մինչ այսօր աշխատած հինգ նախարարների պաշտոնավարման տարիներին նրանցից որեւէ մեկի տիկինն ամուսնու հիմնարկում աշխատասենյակ ունենալու հավակնություններ չի ունեցել:

Օսկանյանն էլ Նալբանդյանի պես իր պաշտոնավարման ընթացքում վարում էր այն ժամանակվա իշխանությունների համար ձեռնտու քաղաքական կուրս, եւ հենց դրա շնորհիվ մինչ այժմ ամենաերկար ժամկետով պաշտոնավարած արտգործնախարարը նա է (1998-2008թթ.):

Օսկանյանի թիմը (նրա կողմից ստեղծված «Սիվիլիթաս» հիմնադրամով) հատկապես հայթուրքական արձանագրությունների հետ կապված 18 տարվա մեջ առաջին անգամ կտրուկ փոխեց իր քաղաքական կուրսը դառնալով ընդդիմադիր եւ սկսեց ակտիվորեն քննադատել նախագահ Սարգսյանի վարած հատկապես արտաքին քաղաքականությունը:

Օսկանյանն ասում է, որ իր պաշտոնավարման ընթացքում երբեք չի գնացել նմանատիպ որեւէ փաստաթղթի (կապված հայթուրքական հարաբերությունների հետ) ստորագրմանը: Բայց գուցե ժամանակնե՞րն են փոխվել եւ հնարավո՞ր է այս նույն փաստաթուղթը հինգ տարի առաջ նույն արժեքը չունենար: Քոչարյանի իշխանության շրջանում ԱՄՆն ու Ռուսաստանն այնքան շահագրգռված չէին հայթուրքական սահմանի բացմամբ, ինչքան որ ներկայումս: Փաստորեն, դրանով նրանք թե հայկական, թե թուրքական կողմին արձանագրությունները ստորագրելուց բացի, գրեթե այլ տարբերակ չեն թողել:

Թե ինչ աստիճանի կհասնի ներկա եւ նախկին արտգործնախարարների լարվածությունը, կախված է նրանից, թե Օսկանյանը վերջնականապե՞ս կանցնի ընդդիմության շարքերը, թե՞ կվերականգնի մինչ արձանագրությունների կնքումը չեզոք քաղաքական դիրքորոշումը:

Թեեւ դիտարկելով Օսկանյանի վերջին շրջանի քաղաքական գործունեությունն ու նույն հայթուրքական արձանագրությունների վերաբերյալ նրա արտահայտած սուր դիրքորոշումը` կարելի է պնդել, որ առավել հավանական է առաջին տարբերակը: Այդ է փաստում նաեւ այն, որ վերջին օրերին Օսկանյանը ակտիվորեն ողջունում է ՀՅԴ կազմակերպած բողոքի ակցիաները ընդդեմ հայթուրքական արձանագրությունների: ՕսկանյանԴաշնակցություն միջեւ համագործակցությունը թերեւս շարունակվելու է եւ գուցե իր շրջանակների մեջ ընդգրկի նաեւ մեկ այլ նախկին արտգործնախարարի իր «Ժառանգության» հետ:

Նալբանդյանը, մասնագիտական կրթություն ստանալով Ռուսաստանում (1978թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, իսկ 1988թ.` ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան), հետագայում իր գործունեության սպեկտրի մեջ ընդգրկեց ամբողջ Եվրոպան (որպես կանոն շատ հազվադեպ է պատահում, որ նույն դիվանագետը դեսպանի պաշտոն զբաղեցրած լինի թե արեւմտյան եւ թե արեւելյան տարբեր երկրներում): Ու անցնելով ռուսական դիվանագիտության դպրոցի ուղին` Նալբանդյանը այսօր դրսեւորվում է որպես արեւմտամետ դիվանագետ, որի ապացույցն է հայթուրքական արձանագրությունների ստորագրումը, որն եղավ Արեւմուտքի միջնորդությամբ:

Իսկ Օսկանյանը ծնվել է Սիրիայում, սակայն դիվանագիտական կրթություն ստացած լինելով ԱՄՆում (1984թ. ավարտել է Տաֆտի Համալսարանը, 1987թ.` Հարվարդի համալսարանը, 1988-1991թթ. որակավորում է անցել Ֆլետչերի դիվանագիտական դպրոցում) ու երկար տարիներ ապրած լինելով ԱՄՆում, այսօր հայթուրքական արձանագրությունների ստորագրման հարցում արտահայտում է ԱՄՆի շահերին հակասող դիրքորոշում` ակնհայտորեն ընդդիմանալով հայթուրքական արձանագրությունների ստորագրմանը:

Կարելի է հետեւություն անել, որ այս գործիչների քաղաքական հայացքները կախված են հանգամանքներից, թե քաղաքական խմբակային շահն այդ պահին ինչ է թելադրում եւ անընդհատ կարող են դրանք փոփոխվել:

Վարդան Օսկանյան Էդվարդ Նալբանդյան չկայացած դիմակայությունը շարունակվում է:

Դիտվել է 2003 անգամ:
Print Friendly

Leave a Reply