Ապարանի ֆիզմաթ դպրոցի համար պայքարը շարունակվում է, իսկ Աշոտյանն անդրդվելի է

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 11, 2012 7:00

Սույն թվականի մարտի 1-ին կրթության և գիտության նախարարության կողմից կառավարության նիստի օրակարգ մտավ և ընդունվեց Ապարանի ֆիզմաթ դպրոցը լուծարելու և այն Ապարանի ավագ դպրոցին միացնելու որոշումը:

Դեռևս 2009-ին շրջանառության մեջ դրված, մի քանի անգամ կառավարության նիստի օրակարգ մտած, բայց չհաստատված որոշումն ի վերջո իրականացվեց, չնայած դրան դեմ է ոչ միայն դպրոցի մանկավարժական ու աշակերտական կազմը` տնօրենի գխավորությամբ, այլև հազարավոր մարդիկ` գիտնականներ, մասնագետներ, քաղաքացիներ:

Դպրոցի տնօրեն Մանվել Պետրոսյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ 2009-10 ուս. տարվա սկզբում, երբ ավագ դպրոցների կազմակերպմամբ պայմանավորված, կառավարության նիստի օրակարգ է բերվել դպրոցի լուծարման մասին որոշման նախագիծ, այն օրակարգից հանվել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ: Վերջիններս հիմնավորել են, որ նման կայացած դպրոցի լուծարումն անթույլատրելի է:

Թե ինչ է փոխվել հետագայում, որ Աշոտյանը հակադրվել է իր իսկ տեսակետին, տնօրենը միայն ենթադրություններ կարող է անել: Փաստն այն է, որ Աշոտյանը մեծ շահագրգռվածությամբ անցնել է դպրոցը լուծարելու և այն ավագ դպրոցին միացնելու գործնական քայլերի: 2011 թ. ապրիլ-մայիս ամիսներին կրկին շրջանառության մեջ է մտել նույն նախագիծը, սակայն այս անգամ դրան դեմ են արտահայտվել միայն Արագածոտնի մարզպետն ու փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանը, որոնց բացասական եզրակացության պատճառով կրկին նախագիծը հետ է տարվել:

Երրորդ փորձը «հաջողվել» է այս տարի. մարտի 1-ին կառավարությունն այն ընդունել է: Պաշտոնական պատճառաբանությունը հետևյալն է. 2006 թ. կառավարության որոշմամբ Ապարանի ռազմամարզական վարժարանին տրված նախկին ուսումնարանի շենքային համալիրն անմխիթար վիճակում է, և համապատասխան ֆինանսավորում չլինելու պատճառով վարժարանը մինչ օրս չի կարողանում բնականոն գործել, ուստի վարժարանին պետք է հատկացնել ֆիզմաթ դպրոցի շենքը: Իսկ ֆիզմաթ դպրոցը, ըստ ԿԳ նախարարի, առավել նպատակահարմար է միավորել Ապարանի ավագ դպրոցի հետ: Սրա պատճառաբանությունն էլ այն է, որ Ապարանի ավագ դպրոցի սովորողների կրթական մակարդակը ցածր է բարձրակարգ մասնագետների բացակայության պատճառով, սակայն այն ֆիզիկամաթեմատիկական հոսք ունի, և ֆիզմաթ դպրոցը կարող է միանալ այդ հոսքին, որի դեպքում երկու դպրոցների համար էլ լավ կլինի:

2006 թ. հիմնադրված ռազմամարզական վարժարանը մինչ օրս չի գործում: «Նախարարի հետ հանդիպման ժամանակ նախարարն ինքը խոստովանեց, որ վարժարանը հնարավոր է՝ չկայանա,- նշեց ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, գիտությունների թեկնածու Գրիգոր Աղաբաբյանը,- իսկ ուսումնարանին հատկացված շենքը մոտ 4000 քմ է, ֆուտբոլի դաշտ ունի և շատ համապատասխան է ռազմամարզական ուսումնարանի պահանջներին: Մեր դպրոցի շենքն ընդամենը 1200 մետր է և բոլորովին հարմար չէ ռազմամարզական դպրոցին»:

Աշոտյանի խոսքով` ռազմամարզական դպրոցի շենքը վերանորոգելու համար 500-600 միլիոն դրամ է պետք, ինչն այսօր պետությունն իրեն չի կարող թույլ տալ. «Ճիշտ է, ես մասնագետ չեմ, որպեսզի ստույգ թիվն ասեմ, բայց անզեն աչքով էլ երևում է, որ այդ թիվը 10-12 անգամ ուռճացված է: Ամենաշատը 100 միլիոնով շենքի նորոգման հարցը կարելի է գլուխ բերել»,- ասում է տնօրենը:

Կառավարության նույն որոշմամբ` ռազմամարզական դպրոցի շենքը տրվելու է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Տնօրենը ենթադրում է, որ այս ամբողջ պատմության պատճառը հենց այդ շենքն է. «Հավանաբար ինչ-որ մեկն աչք ունի դրա վրա,- ասում է նա,- դա պետությունից կոպեկներով կվերցնեն և տասնապատիկ թանկ կվաճառեն»:

Չնայած Աշոտյանը խոստացել է դպրոցները միավորելու դեպքում ֆիզմաթի բոլոր ուսուցիչներին տեղավորել միավորված դպրոցում, տնօրենն ու ֆիզիկայի ուսուցիչն արդեն որոշում են կայացրել, որ իրենք չենք գնա ավագ դպրոց: Նույնն էլ հաստատ կարող են ասել մնացած ուսուցիչներից շատերի մասին. «Մի քանի հանգամանքներ կան, որոնք ինձ` որպես ուսուցչի, հնարավորություն չեն տա, որ գնամ,- ասում է ֆիզիկայի ուսուցիչը,- նախևառաջ դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը, ուսուցիչների ցածր մակարդակը»:

Նրա խոսքով` դպրոցը մինչև ավագ դպրոց դառնալը ութամյա է եղել, շատ քիչ թվով աշակերտներով և ցածր վարկանիշով դպրոց է եղել: Այնտեղ «խցկվել են» այնպիսի ուսուցիչներ, որոնք չեն բավարարում ավագ դպրոցի պահանջները, բացի այդ, միավորվելով ավագ դպրոցի հետ, ֆիզիկամաթեմատիկական ուղղվածությունը կնվազի: «Մեր դպրոց աշակերտներն ընդունվում էին 6-րդ դասարանից, ինչն առավել արդյունավետ էր դարձնում ուսումը,- ասում է ուսուցիչը,- ավագ դպրոց են գալիս 10-րդ դասարանից, և այդ տարիքն ավելի շատ աշակերտների ինքնահաստատման և հարաբերությունների ճշտման տարիք է, ինչը բացասական ազդեցություն է ունենում ուսումնական գործընթացի վրա»:

Ֆիզիկայի ուսուցիչն ասում է, որ իրեն Երևանի լավագույն դպրոցներից միշտ առաջարկել են իրենց դպրոց տեղափոխվել, սակայն մերժել է, քանի որ շատ կապված է եղել իր դպրոցին և երբևէ չի մտածել դուրս գալու մասին: «Հիմա, բնականաբար, կտեղափոխվեմ Երևան»,- ասում է նա:

Ուսուցչի խոսքով, իրենց պայքարն ինքնանպատակ չէ, պարզապես չեն ուզում, որ ինչ-որ մեկի փառասիրական ծրագրերի պատճառով կորչի այն արժեքային համակարգը, որ ձեռք է բերվել:

Իրենց դպրոցի բարձր վարկանիշը, ըստ տնօրենի և ուսուցչի, կասկածի ենթակա չէ: Չնայած դպրոցի շենքի անմխիթար վիճակին, ջեռուցման բացակայությանը և այն բնորոշմանը, թե շենքը քանդման ենթակա որջ է, դպրոցում աշակերտների հոսքը տարեցտարի ավելանում էր: «Դա նշանակում է, որ հանրապետության 116 ընտանիքներ իրենց երեխաներին վստահում էին  «քանդված պատերին, «անհրապույր և չջեռուցվող դասարաններին» և լավագույն մանկավարժական անձնակազմին»,- ասում է նա:

Դպրոցի պահպանման համար պայքարում են նաև աշակերտները: Մայիսի 17-ին նրանք դասադուլ են արել` հրաժարվելով մտնել դպրոց: Նաև ստորագրահավաք են կազմակերպել, և ավելի քան 8000 մարդ անհամաձայնություն է հայտնել կառավարության որոշման դեմ:

Նույն հարցով ՀՀ նախագահին նամակ են ուղարկել հանրապետության 91 ականավոր գիտնականներ (այդ թվում` 13 ակադեմիկոս և 48 պրոֆեսոր), որոնք նույնպես տարակուսած դպրոցի լուծարման որոշման կապակցությամբ և համոզմունք են հայտնում, որ նմանատիպ դպրոցների լուծարումը բացասական ազդեցություն կունենա հանրապետության բնագիտական կրթության որակի վրա:

Մայիսի 23-ին դպրոցի աշակերտների ծնողները երեխաների հետ միասին նախագահականի առաջ ցույց են արել: Նրանց ընդունել է նախագահականի աշխատակիցը և խոստացել ուսումնասիրել խնդիրը: Մինչ այդ, երբ ապրիլի 20-ին ՀՀԿ նախընտրական քարոզչության շրջանակներում ապարան է այցելել ՀՀ նախագահը, դպրոցի կոլեկտիվի և ծնողների ներկայացուցիչներից նրան են մոտեցել և ներկայացրել խնդիրը: Նախագահն այդ պահին զարմացած հարցրել է Արագածոտնի մարզպետին. «Իսկ ինչո՞վ են այդ դպրոցներն իրար խանգարում»:

Այժմ դպրոցի տնօրենը հույսը դրել է հանրապետության ղեկավարի վրա: Նրան շատ է մտահոգում՝ արդյոք նախագահին  տեղյա՞կ են պահում խնդրի մասին: Տնօրենը համոզված է, որ եթե նա տեղեկանա, համակածիք կլինի իրենց և կառավարության որոշումը չեղյալ կհամարի:

Նշենք, որ Ապարանի ֆիզմաթ դպրոցը հիմնադրվել է 1989 թ. ՀՀ ԳԱԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ: Դպրոցի կայացման գործում անգնահատելի ներդրում են ունեցել ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ աշխատակիցները: Դպրոցը տվել է շուրջ 450 շրջանավարտ, որոնցից ավելի քան 350-ը ուսումը շարունակել են հանրապետության տարբեր պետական բուհերում, 7-ը գիտության թեկնածու և 2-ը դոկտորի աստիճան են ստացել:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply