ԴԱՀԿ-ն վերջապես տվել է «Բջնի» հանքային ջրերի գործարանի պահանջած տվյալները

Օրվա լուր | | October 21, 2009 17:00

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿ) «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության կողմից արված հայտարարությունները, թե ԴԱՀԿ-ն չի տրմադրում ընկերության մասին տվյալները, համարել է գործը քաղաքականացնելու անհաջող փորձ:

Ըստ Արդարադատության նախարարության` երեկ «Բջնիի» ներկայացուցիչներն այցելել են ծառայության Կոտայքի մարզային բաժին և ստացել ընկերությանը վերաբերող կատարողական վարույթի բոլոր նյութերը` 7 հատորում ամփոփված 3000 էջերի պատճեններ:

Սեպտեմբերից մինչ հիմա «Բջնին» պնդում էր, թե ծառայությունը հրաժարվում է իրենց նյութեր տրամադրել ու մերժում է բոլոր գրավոր նամակները:

2008թ նոյեմբերին «Բջնի» հանքային ջրերի գործարանում հարկային մարմինները բնօգտագործման վճարների մասով «չարաշահումներ» են հայտնաբերել: Հարկայինի պատճառաբանությամբ` ընկերությունը ջրի հաշվիչը «սխալ» տեղում է տեղադրել, ինչի հաշվին պետությանը սոսկալի վնաս է հասցրել (գործարանի ջրի հաշվիչը 2005 թ տեղադրվել էր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, որից հետո վերջինս 2 անգամ ստուգում էր անցկացրել ու խախտում չէր գտել):

Հաշվիչը և հորատանցքը պատկանում են բնապահպանության նախարարությանը: Որևէ խախտում չէր արձանագրել նաև հարկային ծառայությունը 2006թ. ստուգման ժամանակ: Սակայն 2008թ. հունվարին հարկայինի աշխատակիցները «խախտում էին հայտնաբերել» և դրա հիման վրա «Բջնին» պետք է վճարի մի քանի տարում ընդերքից դուրս եկած և գետը հոսած հանքային ջրի ամբողջ ծավալի համար:

Ըստ պայմանագրի` «Բջնին» պարտավոր էր հանքային ջրի մշտական հոսքն ապահովել և վճարել միայն այն հանքային ջրի համար, որը խողովակով ստացել է հանքավայրից: Սակայն ընկերությանը պարտադրում են վճարել նաև գետը թափված ջրի համար: Դատական քաշքշուկներից հետո որոշվեց «Բջնիից» գանձել մոտ 4 մլրդ դրամ (ավելի քան 13 մլն. ԱՄՆ դոլար): Ընկերության գործունեությունը դադարեցվեց մոտ 4 ամիս և 480 աշխատակիցներ մատնվեցին հարկադիր պարապուրդի, որից հետո այն կրկին սկսեց աշխատել:

1977թ. մինչ հիմա «Բջնիի» սեփականատերն է Խաչատուր Սուքիասյանը: Ընկերությունը 2008թ դրվել էր վաճառքի`մեկնարկի գինը սհամանելով 4,4 միլիարդ դրամը: «Բջնին» գնեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` 4 միլիարդ 219 միլիոն 432 հազար դրամով, սակայն հետագայումանհիմն համարվեց ընկերության վաճառքը: Խաչատուր Սուքիասյանն էլ գործն ուղարկեց Եվրոդատարան:

Դիտվել է 1492 անգամ:
Print Friendly

Leave a Reply