Այս տարի “Ոսկե ծիրան”-ում կներառվի “Գիրք և կինո” խորագրով արտամրցութային ծրագիր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 1, 2012 15:25

“Այս տարի ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից  Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու առիթով “Ոսկե ծիրան” փառատոնը կներառի ևս մեկ արտամրցութային ծրագիր` “Գիրք և կինո” խորագրով,- Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի միջազգային բաջնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը: Վերջինիս խոսքով, “Գիրք և կինո” ծրագրում կընդգրկվեն հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները: Կներկայացվեն Ալեքսանդր Շիրվանզադեի “Նամուս” (ռեժ. Համո Բեկնազարյան) և “Պատվի համար” (ռեժ.` Արտաշես Հայ-Արտյան), Գաբրիել Սունդուկյանի “Պեպո” և “Խաթաբալա”, Ակսել Բակունցի “Միրհավ” պատմվածքի հիման վրա “Այս կանաչ, կարմիր աշխարհը”, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի “Աղքատի պատիվը” (ռեժ.` Բագրատ Հովհաննիսյան) և “Տերն ու ծառան”  (ռեժ.` Դմիտրի Կեսայանց) ֆիլմերը, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի “Ֆաուստ”, Թոմաս Մանի “Մահը Վենետիկում”, Էմիլ Բրոնտեի “Մրրկոտ լեռնանցք” էկրանավորումները և այլն:

Նա նաև հայտնեց, որ “Ոսկե ծիրան” Երևանի 9-րդ միջազգային կոնոփառատոնը կպահպանի արդեն ավանդույթ դարձած “Երևանյան պրեմիերաներ”, ‘Հետահայաց ցուցադրություններ” և “Հարգանքի տուրք” արտամրցութային ծրագրերը:

“Երևանյան պրեմիերաներ” ծրագրում ընդգրկված են Վիկտոր Կոսակովսկու “Կեցցեն հակապատկերնեը”, Ագնեշկա Հոլանդի “Խավարում”-ը, որն Օսկարի հինգ նոմինատներից էր, Վադիմ Աբդրաշիտովի “Պարողի ժամանակը”, Քրիստինա Պեզոլդի “Բարբարա”-ն, որը Բեռլինի կինոփառատոնում արժանացավ “Արծաթե արջ” մրցանակին, Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի վերջին “Միջև” ֆիլմը, ինչպես նաև այլ ֆիլմեր տարբեր հեղինակավոր ռեժիսորների կողմից: Ի դեպ`Վիկտոր Կոսակովսկին, Ագնեշկա Հոլանդը և Վադիմ Աբդրաշիտովը ներկա կլինեն փառատոնին որպես պատվավոր հյուրեր և իրենք կներկայացնեն ֆիլմերը:

Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվեն Էլդար Շենգելայայի, Վիկտոր Էրիսեի, Ալեքսանդր Սուկուրովի ֆիլմերը, իսկ “Հարգանքի տուրք” ծրագրում կնշվեն Յուրի Երզնկայի, Ֆրունզե Դովլաթյանի և ԱՆդրեյ Տարկովսկու հոբելյանները:

“Ոսկե ծիրան” մկփ-ի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն էլ հայտնեց, որ Ալեքսանդր Սուկուրովը կարժանանա Ամենայն հայոց կաթողիկոսի սահմանած մրցանակին` հոգևոր արժեքներ դավանելու համար:

Իսկ ԱՊՀ երկրների կինոծրագիրը, որ կկայանա ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, կներառի ԱՊՀ երկրների շուրջ 20 ֆիլմերի ցուցադրություններ, հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ: ԱՊՀ երկրների կինոգործիչների արդեն երկրորդ տարին կայացող հավաքը նպատակ ունի քննարկել կառույցի ներսում կինոյի ոլորտի ձեռքբերումները, առկա խնդիրները և համատեղ արտադրության հեռանկարները:

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply