Մանարյանը հասարակությանն անվանեց “խանութ”

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 1, 2012 15:06

Այսօր Հունիսի 1-ն է` Երեխաների պաշտպանության օրը: Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման էին եկել Ագուլիս տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանն ու Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Ռոստոմյանը: Բանախոսներից երկուսն էլ բավականին վրդովված արտահայտվեցին թատրոնի այսօրվա վիճակի ու պետության կողմից թատրոնին ընդհանուր առմամբ անուշադրության մատնելու կապակցությամբ, սակայն հիմնական մեղքը երկուսն էլ բարդեցին հասարակության վրա` առանց հստակեցնելու  իրենց անմխիթար վիճակի հիմնական մեղավորներին:

Գագիկ Ռոստոմյանը փաստեց, որ այսօր խզվել է թատրոն-դպրոց-մանկապարտեզ կապը. “Ամեն մի նոր իշխանության անցած ղեկավար փորձում է իր օրենքները դնել, և այդ օրենքներից, ի վերջո, տուժում են երեխաները: Արգելել մանկապարտեզ-դպրոց-թատրոն կապը, դա բերում է բացասական հետևանքների, քանի որ երեխաները կտրվում են թատրոնից, իսկ թատրոնը շատ կարևոր է երեխայի դաստիարակման գործում”:

Այդուհանդերձ, Ռոստոմյանը նշեց, որ Տիկնիկային թատրոնն այսօր խաղում է տարեկան մոտ 400-ից ավելի ներկայացումներ, խաղացանկում կան 40 անուն ներկայացում, և տարվա ընթացքում լինում են 3 նոր ներկայացումներ:

Անդրադառնալով “Անկախ”-ի այն հարցին, թե ինչպիսին է 21-րդ դարի երեխան, և ինչ փոփոխություններ կան այսօրվա երեխայի և անցյալ դարի երեխայի աշխարհընկալման մեջ, Ռոստոմյանը հավաստիացրեց, որ երեխաները բոլոր ժամանակներում էլ նույնն են, զարգացել են միայն տեխնիկական միջոցները, որոնք, սակայն, ոչ մի ազդեցություն չեն թողնում երեխայի աշխարհընկալման վրա: Երեխաները սիրում են ուրախանալ, զարմանալ ներկայացումներ դիտելիս, և նրանց երբեք չես խաբի:

Իսկ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը շատ վրդովված ձևով մեղադրեց նախ լրատվամիջոցներին, որ այսօրվա թեմայով թերթերը ոչինչ չեն գրել և չեն անդրադարձել մանուկների օրվան, այնուհետև պարսավեց հասարակությանը. “Եթե թերթերը չեն անդարադարձել այս օրվան, ապա սա հասարակություն չէ, սա խանութ է”: Շարունակելով իր վրդովմունքը` Մանարյանը թատրոն չհաճախելու մեջ միանշանակ մեղադրեց հասարակությանը և զայրացած լքեց ասուլիսի սրահը: “Հասարակությունը պետք է բուժվի, նեխած հիմքերի վրա է դրված այն: Ես հասարակությունը բուժելու նպատակ ունեմ: Միակ մեղքը հասարակության մեջ է”,-զայրացած հայտարարեց արվեստագետն ու դուրս եկավ սրահից:

Վահե Մակարյան

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply