Քննարկվել են Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության նոր ռազմավարության մանրամասներ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 1, 2012 14:50

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային` Հայաստանի զարգացմանն ուղղված համագործակցության մշակվելիք նոր հնգամյա ռազմավարության (Country Development Cooperation Strategy) չափորոշիչները և դրանում ընդգրկվելիք ՀՀ կառավարության առաջնահերթությունները քննարկելու նպատակով:
Ջաթինդեր Չիման շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և անդրադարձել համագործակցության նոր ռազմավարության հիմնական ուղղություններին: Նա ներկայացրել է USAID-ի կողմից տնտեսական աճի ու ժողովրդավարական կառավարման բնագավառներում, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով առաջարկվող քայլերը:
Վարչապետ Սարգսյանն ասել է, որ հետագա համագործակցության մասին կողմերի պատկերացումները ընդհանուր առմամբ համընկնում են և որպես ՀՀ կառավարության գերակայություններ նշել տնտեսական աճի ապահովումը, կառավարման արդյունավետության բարձրացումը, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական ոլորտներում բարեփոխումների իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հիշյալ ուղղություններով ծրագրերի իրականացումը պետք է նպատակաուղղված լինի Հայաստանում միջին խավի ձևավորմանն ու կայացմանը:
Քննարկման արդյունքում Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կզբաղվի ռազմավարության մշակման հարցերով:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply