Կաննի կինոշուկայում հայկական տաղավարն աննախադեպ աշխույժ ու մարդաշատ է եղել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 31, 2012 16:33

2012թ. Կաննի փառատոնի շրջանակներում  (մայիսի 16-27)  գործող կինոշուկայում հայկական տաղավարի ներկայությունն արդեն չորրորդ անգամ եղել է բեղմնավոր ու արդյունավետ: Հայկական տաղավարն այս տարի աննախադեպ աշխույժ ու մարդաշատ է եղել:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից, տասն օրերի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր ու լուրջ  հանդիպումներ, քննարկումներ միջազգային ճանաչում ունեցող դիստրիբյուտորական  եւ պրոդյուսերական ընկերությունների, կինոֆոնդերի պատասխանատուների հետ: Հայկական տաղավարում կազմակերպվել եւ ներկայացվել է  շուրջ 10 կինոնախագիծ, ինչպես նաեւ  արտադրական  եւ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմեր:

Հիշեցնենք, որ այս տարի հայկական պատվիրակությունը բազմամարդ էր. կինոշուկայում ներկայացվելիք բոլոր կինոնախագծերի եւ ֆիլմերի  հեղինակներին  կինոկենտրոնը հնարավորություն էր ընձեռել  անձամբ մասնակցելու կինոշուկայի աշխատանքներին,  ներկայացնելու  եւ  գործընկերներ գտնելու  իրենց  իսկ  նախագծերի համար: Այս ձեւաչափով մասնակցությունն առաջին անգամ էր կազմակերպված եւ հավանաբար շարունակական կդառնա:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գեւորգյանը,  որը եւ գլխավորում էր հայկական պատվիրակությունը, երեք աշխատանքային հանդիպում է ունեցել  Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոի եւ  կենտրոնի մասնագիտական խմբի հետ (այս տարի  Ֆրանսիայի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնների միջեւ ստորագրավել է համագործակցության պայմանագիր). քննարկվել են  մի շարք կարեւոր հարցեր, այդ թվում` կինոյի մասին օրենքի նախագծի պատարաստում երկու երկրների փորձագիտական խմբերի կողմից, հեղինակային իրավունքի եւ ֆիլմերի պահպանության խնդիրները,  վարպետության դասերի անցակացում`  Հայաստանում ֆրանսիական կողմի ուժերով, կինոմասնագետների, տեխնիական կադրերի  պատրաստում Ֆրանսիայում: Մինչեւ տարեվերջ արդեն 1-2 պրոդյուսեր կմեկնեն Ֆրանսիա վերապատրաստման, իսկ հաջորդ տարվանից արդեն պարբերաբար կվերապատրաստվեն նաեւ տեխնիակական մասնագետները:

2013թ. երկու երկրների ազգային կինոկենտրոնները կսկսեն համագործակցել ամբողջական ծավալով, մասնավորապես համատեղ արտադրության ուղղությամբ, քանի որ այս տարի արդեն Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի  կողմից ֆինանսավորվել են  երկու անավարտ կինոծրագրեր` Արամ Շահբազյանի “Մոսկվիչ, իմ սեր” եւ Սերժ Ավեդիքյանի “Փարաջանովը”: Ըստ նախնական պայմանավորվածության, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները կֆինանսավորեն եւս երկու նոր  նախագծեր:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը հանդիպել է նաեւ  Եվրոպական աուդիո-վիզուալ օբզերվատորիայի տնօրեն Վոլֆգանգ Քլոզի հետ, քննարկել Հայաստանի անդամակցության հարցը այդ կարեւոր կինոկազմակերպությանը, որին անդամակցում են աշխարհի 38 կարեւոր կինոֆոնդեր եւ  կինոընկերություններ: Ներկայումս եվրոպական այդ հզոր կինոկառույցը ունի  38 անդամ, եւ շուտով Հայաստանը կդառանա 39-րդը:  Հայաստանի  նման փոքր կինոբյուջե ունեցող երկրի համար այս անդամակցությունը շատ կարեւոր է ինչպես տեղեկատվական, այնպես էլ ֆինանսական առումով:

Գ.Գեւորգյանը հանդիպումներ է ունեցել չինական  պետական  2-րդ հեռուստաալիքի պատասխանատուների հետ,  քննարկել երկու երկրների միջեւ կինոհամագործակցության  սկսելու  հարցերը, ինչպես նաեւ  պայմանավորվածություններ են ձեռք բերվել  ֆիլմերի փոխանակման  եւ ցուցադրման վերաբերյալ,որոշվել է  Հայաստանի  եւ Չինաստանի մասին  տեղեկատվական բնույթի ֆիլմերի նկարահնման  եւ ցուցադրման  հարցերը:

Ազգային կինոկենտրոնի ղեկավարը հանդիպել է նաեւ  Ruscico դիստրիբյուտորական ընկերության ֆիլմերի վերականգնողական հարցերով տնօրեն Իգոր Լոպատյուկի  հետ, քննարկել հայկական ֆիլմերի վերականգնման եւ դրանց դիստրիբյուցիան կազմակերպելու հարցերը:  Բացի այս, Գ.Գեւորգյանը բազմաթիվ այլ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների կինոընկերությունների, ֆոնդերի եւ դիստրիբյուտորական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախորդ տարիների համեմատ, այս  անգամ հայկական տաղավարի  եւ հայկական  կինոնախագծերի նկատմամաբ մեծ հետաքրքրություն է եղել: Մասնակից  ռեժիսորներն ու պրոդյուսերներն  առանձին հանդիպումներ են ունեցել տարբեր կինոընկերությունների ներկայացուցիչների հետ եւ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Հայկական բոլոր կինոնախագծերի  շնորհանդեսները տեղի են ունեցել կինոշուկայի հայկական տաղավարում, բացի Հովհաննես Գալստյանի կինոնախագծից: Նրա «Լուսավոր շրջան»  ֆիլմի նախագիծը ներկայացվել է ռուսական տաղավարում` նախնական պայմանավորվածության համաձայն: հենց Կաննում էլ հայտնի դարձավ, որ ռեժիսորի նույն կինոնախագիծը , որը  մասնակցել է  “EAVEN  BEST” ծրագրում,    5 հաղթած  նախագծերից մեկն է: Այդ ծրագրին մասնակցած 60 կինոնախագծից ընտրվել է 5-ը, որոնցից 1-ը` վրացական, 3-ը` ռուսական, և 1-ն էլ հայկական ֆիլմ է :

Կաննում ներկայացված նախագծերի ցանկը հետևյալն է.

«Բարս մեդիա» – Լեւոն Մինասյան – «Ձգված լարի վրա»

«Մենարտ ստուդիա» Արտակ Իգիթյան  «20»

«Սինեքրիստ»    Խաչատուր Մարտիրոսյան «Ներիր ինձ»

«Պարալլելս ֆիլմ» Հայաստան  եւ «Նեոֆիլմ» Նորվեգիա –Յուսսի Ֆլեմինգ Բյորն  «Անհայտ հերոսուհին»

«Պարալլելս ֆիլմ» Հովհաննես Գալստյան «Լուսավոր շրջան

«Պարալլելս ֆիլմ» Մարինե Զաքարյան «Կիսալուսնի ծովածոցը»

Արսեն Առաքելյան «Վասն աթարաց»

«Արդստեպ ստուդիա» Արմինե Հարությունյան  «Աշխարհի հեքիաթներ», «Դանթե», «Բալետ», «Ֆուտբոլ»

«Հայկ» կինոստուդիա վավերագրական նյութեր

«Հոշկիֆիլմ» ստուդիա  Արմինե Անդա  «Ժաննան եւ ձայները

 

 


Դիտվել է 1365 անգամ:
Print Friendly

Leave a Reply