Երվանդունիների մայրաքաղաք Արմավիր

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 1, 2012 7:00

Արմավիրն այն եզակի մայրաքաղաքներից է, որի մնացորդները պահպանվել են Հայաստանի Հանրապետության տարածքում` Արաքսի ձախ ափին, ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մատույցներում: Մինչ օրս պահպանվել են պարիսպների մնացորդներ, որոնց հաստությունը հասնում է 3.5 մետրի, աշխարհիկ և հոգևոր շինությունների մնացորդներ: Հնագիտական պեղումները բացահայտել են, որ Արմավիրը մեծ ու ամուր միջնաբերդ է ունեցել` շրջապատված հզոր ու ամրակուռ պարիսպներով:

Քաղաքի մատույցներում է գտնվել Արամանյակի հիմնած հռչակավոր Սոսյաց անտառը, որ հայոց մեջ մեծ ու պաշտամունքային նշանակություն է ունեցել: Սոսյաց անտառներում են գտնվել հայոց աստվածների բագիններ, տաճարներ, գիտական, ուսումնական կենտրոններ… Այս անտառը քրմական դասին է պատկանել: Այստեղ գուշակություններ են արվել, արքունի, ծիսական և տոնական խաղեր ու միջոցառումներ կազմակերպվել:

Երբվանից է Արմավիրը հռչակվել Հայաստանի մայրաքաղաք` հստակ հայտնի չէ: Վանի Արարատյան թագավորության անկումից հետո, երբ կազմավորվեց Երվանդունիների թագավորությունը (մ.թ.ա. 612-200 թթ.), սկզբնական շրջանում` Պարույր Սկայորդու թագավորության տարիներին, Հայաստանի մայրաքաղաքը դեռ Վանն էր: Շատ չանցած Երվանդունիներն իրենց մայրաքաղաքը տեղափոխեցին հյուսիս` Արմավիր: Դա պայմանավորված էր Մարաստանից եկող վտանգով. հայոց արքաները մայրաքաղաքի համար ավելի ապահով վայր փնտրեցին: Այդ ժամանակներից էլ Արարատյան դաշտը դարձավ հայոց քաղաքական, մշակութային կենտրոնը:

Արմավիրը` որպես մայրաքաղաք, գոյատևեց մինչև Երվանդունիների արքայատոհմի վերջին գահակալի` Երվանդ Դ Վերջինի թագավորության տարիները (մ.թ.ա. 220-200 թթ.), երբ հայոց արքան պետության մայրաքաղաքը Արմավիրից տեղափոխեց նորակառույց Երվանդաշատ:

Արմավիրի կառուցման ու հիմնադրման մասին տարբեր վարկածներ գոյություն ունեն: Ուսումնասիրողների մի խումբը հիմք է ընդունում պատմահայր Մովսես Խորենացու հիշատակումը, համաձայն որի` Արմավիրը կառուցել է Հայկ նահապետի թոռ Արամայիսը:

Պատմագետների մյուս խումբը Արմավիրի կառուցումը վերագրում են Վանի Արարատյան թագավորության զորեղ տիրակալին` Արգիշտի Առաջինին (մ.թ.ա. 786-764 թթ.)` նույնացնելով նրա կառուցած Արգիշտիխինիլի քաղաքը Արմավիրի հետ: Ոմանք էլ նույնացնում են Արամայիսին Արգիշտի Առաջինի հետ:

Ինչևէ, Արգիշտիխինիլին աշխարհագրական առումով համապատասխանում է Արմավիրին, և սխալ չի լինի, եթե հայոց հնամենի այդ մայրաքաղաքի կառուցման պատիվը վերագրվի Վանի Արարատյան թագավորության հզորագույն տիրակալին: Առհասարակ, Արգիշտի Առաջինի հաջորդները նույնպես խնամքով ու հոգատարությամբ կառուցապատել ու շենացրել են Արմավիրը:

Քաղաքը ընդարձակ տարածք է զբաղեցնում` շուրջ 1000 հա: Այն հին Հայաստանում կարևոր ռազմաքաղաքական, մշակութային դեր է ունեցել: Արմավիրում բնակություն է հաստատել շուրջ 30 հազար մարդ` պատկառելի թիվ այն ժամանակների համար:

Արմավիրը մշակույթի քաղաք էր: Ինչպես Հայաստանի մյուս մեծ քաղաքներում, այստեղ նույնպես հնագույն ժամանակներից թատրոն է գործել: Հնագիտական պեղումների ժամանակ Արմավիրում հայտնաբերվել են կավե սալիկներ, որոնց վրա էլամերեն արձանագրված են եղել հանրահայտ «Գիլգամեշ» էպոսի բեմականացված հատվածներ: Սա ուղղակի վկայություն է դեռ Արարատյան թագավորության ժամանակաշրջանում Հայաստանում թատերական մշակույթի առկայության մասին: Սակայն «Գիլգամեշ» էպոսը եզակի վկայություն չէ Արմավիրում թատրոնի առկայության մասին:

Նշեցինք, որ Արմավիրը հոգևոր կենտրոն էր: Այնտեղ էին հայոց դիցարանի գլխավոր բագինները: Առաջին դարում Վաղարշակ Առաջին Արշակունի թագավորն այստեղ կանգնեցրեց Արևի և Լուսնի տաճարները:

Արմավիրը` որպես քաղաք, գոյատևեց մինչև V դարը, որից հետո կորցրեց իր նշանակությունը և միջնադարում արդեն փոքրիկ ու աննշան գյուղաքաղաք էր: Սակայն Բագրատունիների թագավորության օրոք (885-1045 թթ.) Արմավիրը դարձյալ վերելք է ապրում և ծաղկուն քաղաքային բնակավայր դառնում:

XIII դարում մոնղոլական արշավանքները վերջին հարվածը հասցրին Արմավիրին, իսկ Լենկ-Թեմուրի հրոսակներն արդեն քար քարի վրա չթողին այնտեղ, և հայոց հնամենի մայրաքաղաքը կործանվեց վերջնականապես:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4791 անգամ:
Print Friendly

Leave a Reply