Փաշինյանի փաստաբանը պահանջեց դատավորի ինքնաբացարկը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | October 20, 2009 15:09

Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործի ընթացքում միջնորդություն ներկայացրեց` դատավորի ինքնաբացարկի մասին:

Միջնորդությունը նա հիմնավորեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի մի շարք օրենքների խախտումներով: Սահակյանի խոսքով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը գործի նախապատրաստական փուլում թույլ է տվել սխալներ. թույլ չի տվել մեղադրվող կողմին ներկայացնել համապատասխան միջնորդություններ, իսկ փաստաբաններին ուղարկված միջնորդություն ներկայացնելու հուշաթերթիկում(ուղարկվել է 13.10.09թ.) նշված չի եղել , թե երբ է դատարանը պատրաստում միջնորդություն ներկայացնելու մասին որոշում կայացնել, և երբ կարող է մեղադրյալ կողմը միջնորդությունը ներկայացնել: (Քրեական դատավարության օրենսգրքով` միջնորդությունը ներկայացվում և բավարարվում է 16 օրվա ընթացքում, այսինքն հոկտեմբերի 1-16-ը պետք է որոշում կայացվեր):

«Մնացական Մարտիրոսյանը չի կարող վարել դատը, քանի որ նա չի կարող անկողմնակալ լինել ու արդար վճիռ կայացնել,-իր ելույթում ասաց փաստաբանը,- նա անփոփոխ է թողել մեղադրական եզրակացության մեջ առկա դատարանում վկայություն տվող անձանց ցուցակը, միևնույն ժամանակ չի կայացրել առանձին որոշում`Փաշինյանի նկատմամբ կիրառված որպես  խափանման միջոց կալանքը փոփոխելու` նրան ստորագրությամբ ազատ արձակելու մասին»:

Փաստաբանն ասում է, որ ըստ օրենքի՝ մեղադրական եզրակացության մեջ պետք է դատակոչված բացասական ցուցմունք տվող անձանցից զատ, լինեն նաև  հօգուտ մեղադրյալի վկայություն տվողներ: Միևնույն ժամանակ, ըստ Սահակյանի, անհասկանալի է, թե ինչու դատավոր Մնացականյանը խափանման միջոցը չի փոխել, քանի որ մեղադրյալն ինքն է ներկայացել իրավապահ մարմիններին և չի կարող «փախուստի կամ թաքնվելու» վտանգ լինել:

Նախքան միջնորդություն ներկայացնելը Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ եթե իր նկատմամբ դատական սանկցիա կիրառվի, և դատարանը որոշի առանց իր ներկայության անցկացնել նիստերը, ապա ինքը նախապես հրաժարվում է այն փաստաբանի օգնությունից, որ կսահմանվի դատարանի կողմից (այս մասին Քրեական օրենսգրքում 7-ի գործով դատավարության ժամանակ ԱԺ-ի կողմից 314 պրիմ 14 հոդված էր ներառավել, որով դատարանն իրավունք ունի հեռացնել մեղադրյալին դահլիճից ու սահմանել նրա համար դատապաշտպան):

«Եթե ես չցանկանայի ինքս հանձնվել, ոչ մի Անվտանգության աշխատակցի կամ իրավապահ այլ մարմնի ինտելեկտուալ կարողություն չէր բավարարի ինձ գտնելու համար»,- ասաց նա:

Միջնորդությունից հետո դատարանը 2 ժամով հեռացավ` միջնորդության վերաբերյալ վճիռ կայացնելու:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ. հոկտեմբերի 23-ին կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և 2008թ. մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 1-ին մաս):

Մինչև հանձնվելը Փաշինյանն ընդհատակում էր 1 տարի 3 ամիս. Փաշինյանըն ինքնակամ ներկայացավ դատախազություն հուլիսի 1-ին:

Դիտվել է 2093 անգամ:
Print Friendly

Leave a Reply