Համաներում. արդարությունը բոլորին չի վերաբերվում

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 13, 2009 13:24

Աշոտ Կնյազյանը սպանության մեղադրանքով ցմահ է դատապարտվել ` առանց մարդ սպանելու: Նրա հանցանքն այն է եղել, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին իր մեքենայով Ազգային ժողով է տարել Նաիրի Հունանյանի խմբի անդամ Դերենիկ Բեջանյանին և Համլետ Ստեփանյանին: Նա նաև միջնորդ է եղել, որ Հունանյանը զենք գնի, բայց, իր խոսքերով, չի իմացել` ինչի համար: Աշոտին ձերբակալել են դեպքից 2 օր անց, տանը:
Նա դիմում է գրել հանրապետության նախագահին, որ իրեն համաներում շնորհեն, սակայն քիչ հավանական է, որ նա ազատվի: Ցմահ ազատազրկիվածները կարող են համաներում խնդրել 20 տարի նստելուց հետո:
Նորաստեղծ հանրային խորհուրդը` իր 1500 անդամով, առաջարկեց մի նախագիծ, որով համաներում կարող է շնորհվել դիտավորյալ, սակայն ոչ ծանր հանցանքներ կատարած կալանավորներին: Կնյազյանը թեև մարդ չի սպանել, բայց չի մտնում այս կարգի մեջ, քանի որ համարվում է ծանր հանցագործություն կատարած: Նա դատվել է նույն հոդվածով, ինչ հոդվածով դատվել են Ազգայնի ժողովում ութ (կարծիք կա, որ ութերորդին՝ Արմենակ Արմենակյանին նրանք չեն սպանել) հոգի սպանած Հունանյան եղբայրները:
Հանրային խորհրդի նախագծի համաձայն` համաներման կարժանանան սոցիալապես անապահով ընտանիքների անդամները, 60 եւ ավելի տարեկան, խնամքի տակ անչափահաս երեխաներ ունեցող, հայրենիքի պաշտպանությանը մասնակցած, 3-5 տարվա ազատազարկման դատապարտված անձինք:
Համաներումը, ըստ նախնական նախագծի, չպետք է տարածվի նաև կրկնահանցագործների և ընտրակեղծիքներ արածների հանդեպ:
Նախագծին նախորդել էր մայիսի 28-ին Սարդարապատում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը համաներման անհրաժեշտության մասին: Ըստ սահմանադրության` համաներում տալը նախագահի մենաշնորհն է:
Համաձայն քրեական օրենսգրքի` համաներումը հանցագործություն կատարած անձին պատժից ազատելու տեսակներից մեկն է: Այն կիրառվում է, երբ իշխանությունը գտնում է, որ հանցանքի կատարման համարա դրդապատճառներ այդ պահին չկան: Օրինակ, եթե հանցագործի նպատակն է եղել իշխանափոխությունը, իսկ այժմ ընտրությունների միջոցով փոխվել է իշխանությունը, հետևաբար, հանցանքի վտանգը վերացած է ու կարելի է ազատել նրան: Նաև կալանավորը տարիների ընթացքում կորցրել է իր վտանգավորությունը հասարակության համար:
Նախքան համաներումը` ԱԱԾ-ի, դատախազության և ոստիկանական մարմինները կատարում են ուսումնասիրություն, թե քանի մարդ կա ազատազրկման վայրում, ինչ հոդվածով են դատապարտված, որքան են նստել, որքան քրեական գործեր կան դատարանի և քննչական մարմինների վարույթում: Ուսումնասիրության արդյունքում համաներման մասին օրենքն ընդունելիս կարող են լինել սահմանափակումներ: Օրինակ` օրենքն ուժ չունի այն մարդու համար, ով մեկ անգամ համաներման միջոցով ազատ է արձակվել ու կրկին հանցանք գործել, չի ազդում նաև հետախուզման մեջ գտնվող անձանց վրա:
Իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ համաներման անհրաժեշտություն կա, քանի որ ազատազրկման վայրերը գերծանրաբեռնված են: Էրեբունու, Վարդաշենի և Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալները քնում են հերթափոխով, քանի որ 8 հոգու համար նախատեսված խցերում մինչև 13-14 հոգի են:
Իշխանյանի կարծիքով` համաներման ներկա անհրաժեշտությունն ունի նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ Եվրոպայի խորհրդում պետք է հունիսին քննարկվի Հայաստանի հարցը. «Կարծում եմ` համաներումն իշխանությունները ժամանակին մտածեցին, սա կընդունվի որպես դրական ժեստ»:
2003-ին ընդունված նոր քրեական օրենսգըրքի համաձայն` մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, և մահապատժի դատապարտված 42 անձանց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհատական ներում շնորհեց` պատիժը փոխելով ցմահ ազատազրկմամբ: Սակայն նրանք դա որպես ներում չընդունեցին և որպես բողոքի նշան` հացադուլ հայտարարեցին` պահանջելով վերանայել իրենց գործերը և իրենց պատիժը փոխարինել հին օրենսգրքի առավելագույն պատժով` 20 տարի:
2006-ին գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ դատարանի վճիռներով մահապատժի նախկին դատապարտվածների հանցանքները համապատասխանեցվեցին նոր օրենսգրքի հոդվածներին: Սակայն այդ դատական նիստերին չէին հրավիրվել 42 դատապարտվածներից և ոչ մեկը:
Փաստաբան Ժորա Խաչատրյանն ասում է, որ Քոչարյանի հրամանը թեև շնորհ է կոչվում, բայց դատապարտյալների համար մեղմացում չի. «Նրանց առարկությունն այն է, որ կիրառվեց պատժի այնպիսի տեսակ, որը հանցագործություն կատարելու պահին օրենքով նախատեսված չէր, ցմահ ազատազրկումը չդիտվեց որպես պատժի մեղմացում»: Նա ասում է, որ այս հանգույցն անլուծելի է դարձել հոկտեմբերի 27-ի գործի պատճառով: Եթե մահապատժի նախկին դատապարտվածների նկատմամբ կիրառվի հին օրենսգիրքը, որով նրանք կստանան 20 տարի, ապա այն պետք է կիրառվի նաև Նաիրի Հունանյանի ու նրա խմբի նկատմամբ, քանի որ նրանց դատավարությունն ընթացել է հին քրեական օրենսգրքով. «Օրենքը պետք է տարածվի բոլորի վրա հավասարաչափ: Եթե տեղի ունենա սահմանադրության և կոնվենցիայի խախտում, վեճ կլինի: Այսինքն` մի մասին չենք կարող տալ 20 տարի, մյուսին` ցմահ: Իսկ 27-ի դատապարտյալներին ազատելը մեծ աղմուկ կբարձրացնի»:
Քրեական օրենսգրքի փոխվելուց հետո ընդամենը մեկ անգամ` 2006-ին է համաներում եղել, ինչի արդյունքում քրեակատարողական հիմնարկներում 350 պատիժ կրողների ներում է շնորհվել: Այն չի ազդել ցմահ բանտարկյալների վրա:

Դիտվել է 1559 անգամ:
Print Friendly

Leave a Reply