Չեխովի դպրոցում կլպո՞ւմ են ծնողներին. տնօրենը հերքում է բողոքները

ԿՐԹԱԿԱՆ | | October 15, 2009 11:26

Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյան:

Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում դասարանները երկու տեսակի են` «չալաղաջ» եւ «կույրաղիք»: Այս բնորոշումը աշակերտներն են տվել դասարաններին, ըստ նրանց սոցիալական վիճակի: «Չալաղաջում» հիմնականում հարուստների երեխաներն են. «կույրաղիքում»` ավելի շատ են միջին եւ ավելի ցածր եկամուտ ունեցողներինը: 1 740 աշակերտ ունեցող այս դպրոցում սովորում են քաղաքական էլիտայի շատ երեխաներ եւ թոռներ: Կարծիք կա, որ հասարակ որեւէ մեկը «ռիսկ չի անի» ընդունվել այս դպրոց:

«Մեր դասարանը միջին խավի է, տենց շատ հարուստներ չկան: Հետո մեր դպրոցում սարսափելի ճնշումներ կան ու գումարներ են տարբեր հավաքում», –ասում են ծնողն ու նրա աշակերտ զավակը, ովքեր չցանկացան ներկայանալ: Նրանք պատմում են, որ իրենց պես «դժգոհողները» շատ են, սակայն ծնողները համարձակ չեն եւ «Անկախի» խնդրանքին փոխանցել ուրիշ ծնողների համարներ` չհամաձայնեցին ասելով, որ չեն վստահում ծնողներին. «Ժողովներին մի քանի անգամ ընդդիմացել եմ: Ինձ պես ուրիշ դժգոհողներ էլ կան, բայց ոչ ոք ձայն չի հանել, դրա համար էլ հիմա չեմ վստահում»:

Ծնողն ասում է, որ տարիներ առաջ երեխային այլ դպրոցից տեղափոխելով Չեխով` 100 դոլար է վճարել: Ծնողը նշում է նաեւ, որ այն որպես կաշառք չի տվել, ասում է, որ «տալու ձեւ կա»:

«Սկզբում ասացին, որ լավ անգլերեն չգիտի ու չեն կարող ընդունեն, դե, դպրոցը անգլիական թեքումով է, դրա համար: Հետո, ես հանեցի գումարը, էն ժամանակ մոտ 55 հազար դրամ էր կազմում, ասացի, որ ցանկանում եմ վճարել իբրեւ դպրոցին ծառայելու համար նախատեսված գումար: Հետո տնօրենն ասաց, որ երեխայի աչքերից երեւում է, որ խելացի է ու ընդունեցին», –պատմում է ծնողը:

Նա նշում է, որ դպրոցի տնօրենը երկու դասացուցակ է պահում. «մեկը հաստատվածն է` ստուգումների համար, մյուսը` իրա սարքածը»:

«Բացի այս փողերից, մեզ տալիս են ստորագրել պայմանագիր, որով աշակերտները հավելյալ անգլերենի դասերի են հաճախում: Դա արժե ամսական 2 000 դրամ: Սրան գումարած 500 դրամ, որի մեջ մտնում է հավաքարարի ու ֆոնդի փողը», –ասում է ծնողը:

Չեխովի անվան թիվ 55 դպրոցի 15 տարվա տնօրեն Գայանե Սարուխանյանը հերքում է, թե դպրոցում դրամահավաքություն կա:

«Դպրոցը տասը տարուց ավել նախասիրական դասաժամեր է անցկացնում եւ ուսումնական պլանում գրված է, որ դրանք լրացուցիչ վճարովի կրթական ծառայություններ են: Այսինքն` հանրակրթության մասին օրենքով, մենք իրավունք ունենք լրացուցիչ վճարովի դասընթացներ կազմակերպել: Անգլերենի պայմանագրի գումարը գնում է որպես աշխատավարձ», – «Անկախ»-ին ասում է դպրոցի տնօրենը եւ ցույց տալիս հանրակրթական լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու մասին պայմանագրի օրինակը եւ հավելում, որ այն միայն կամավոր սկզբունքով է: Ըստ նրա` ճնշումներ ու պարտադրանքներ չկան:

Տնօրենն ասում է նաեւ, որ օրենքն է պահանջում ունենալ երկու դասացուցակ` մեկը ուսումնական հաստատված պլանի առարկաներն են, մյուսը` ֆակուլտատիվ պարապմունքների համար:

«Պարտադիր կամավորության սկզբունքով է: Անգլերեն սկսում ենք անցնել առաջին դասարանից: Ծրագիրը հաստատված է Կրթության ազգային ինստիտուտի կողմից, եւ առաջին դասարաններում անգլերենի ժամաքանակը մենք հասցնում ենք ընդհուպ շաբաթական 6 ժամ, ինչը լավ արդյունք է տալիս», –ասում է տնօրեն Սարուխանյանը: Նա նշում է նաեւ, որ անվճարունակ երեխաներին առանց գումար մուծել պարտադրելու ընդգրկում են դասընթացներին:

«Անկախին» դիմած ծնողն այլ բան է ասումԵթե չստորագրեմ պայմանագիրը, երեխաս գնահատականների խնդիր կունենա»:

Տնօրենը բացառում է, թե հարկադրվում է ստորագրել պայմանագիրը. -«Այդ խոսակցությունները մի քանի պարապ մարդկանց զբաղմունքն է, ինչու չեն ներկայանում եւ թող դեմառդեմ նստեն ու պարզաբանեն»:

Գայանե Սարուխանյանը հերքում է նաեւ ծնողի ներկայացրած այն փաստը, թե տնօրենը պայմանագիր է կնքել «Նոյան Տապան» ընկերության հետ, որպեսզի դպրոցի աշակերտները սեպտեմբերին միայն այս գրախանութից գնեն իրենց դպրոցի համար հատուկ տպագրված 1 500 դրամանոց օրագրեր, իսկ տետրերը լինեն` «Դանմարկ» ֆիմայի, որոնք արժեն 70-ից 200 դրամ:

«Չկա նման բան, վստահ կարող եմ ասել, – ասում է Սարուխանյանը, –կարող է դասարանի դասղեկը նախաձեռնել է, որ դասարանի օրագրերը լինեն միանման: Բայց դասղեկը միաձայն որոշում չի կարող կայացնել, միշտ ասվել է, որ լինի ոչ թանկ տարբերակ»:

Նա ասաց, որ անգլերենի եւ ռուսերենի դասագրքերը գնել են Նոյան Տապան գրախանութից, որը, ըստ նրա, մյուս գրախանութներից 200-300 դրամով էժան է վաճառում: Գրքերն , իսկապես, մյուս գրախանութների համեմատ էժան են:

Ծնողը պատմում է, որ տնօրենը մանեքենների վրա մի քանի սեւ ու սպիտակ հագուստների օրինակներ է հագցրել եւ սեպտեմբերի սկզբին տեղադրել է դպրոցի նախասրահում, ըստ ծնողի` պարտադրել է գնել միայն այդ օրինակի հագուստ:

Տնօրենն ասում է, որ «Չկա կոնկրետ համազգեստ: Ես պարզապես առաջարկել եմ ու խնդրել եմ գնել պարզ ու ամենահամեստ շապիկը, տաբատը կամ կիսաշրջազգեստը»:

Ամենից շատ «փող լափող» Վերջին զանգի մասին.

Ծնողն ասում է, որ արդեն` սկսած սեպտեմբերից, տարեվերջյան ավարտական արարողության համար ամսական 8 000 են հավաքում, նախորդ տարի ամսական 6 000 դրամ են հավաքել: Չեխովի երեք 10-րդ դասարանում, ուր յուրաքանչյուրում սովորում են մոտ 30 աշակերտ, տարեվերջին կհավաքվի ընդհանուր 2 160 000 դրամ (մոտ 5700 դոլար):

«Էս գումարի մեջ չի մտնում ռեստորանի, հագուստի, վալս պարելու, շորի գումարը: Դուք պատկերացնում եք, թե որքան ծախս է սա պահանջում», –ասում է ծնողը եւ նշում, որ մարտապրիլ ամիսներին սկսում են պարի դասեր անցնել: Վալս են սովորում, որի դասերը եւս վճարովի են ու երեկոյան 8-ին: Ծնողը սրտնեղում է. որ երեխան հիմա կրկնուսույցների մոտ պարապում ` Բուհ ընդունվելու համար եւ ի վիճակի չի լինի երեկոյան գնալ պարապմունքների: Նա նաեւ պատմում է, որ վերջին զանգն հիմա բակում են անում, որտեղ սայլուտ են խփում, շամպայն բացում, հոլանդական ծաղիկներ նվիրում ուսուցիչներին:

«Տառացիորեն ես տեղյակ չեմ, ինչքան գումար է հավաքվել, երդվում եմ ձեզ ազնվորեն, ես չեմ հասցրել դրանով հետաքրքրվել, ես վստահ եմ եղել, որ վերջին զանգի համար բոլոր դպրոցների համեմատ, մեզ մոտ ամենից քիչ գումարն է հավաքվել»-ասում է տնօրենը: Նա հերքում է նաեւ, թե ուսուցիչների համար նվերներ են գնում:

«Անկախի» աղբյուրներով, Գայանե Սարուխանյանը Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի թեկնածու է: Այս պաշտոնն առ այժմ ժամանակավոր պաշտոնակատար ունի:

«Թե ինձ ուր կտանեն, ուր չեն տանի` ես չգիտեմ: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում եւ չեմ պատրաստվում դպրոցից որեւէ տեղ գնալ»-ասաց տնօրենը:

Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Անկախ»-ին ասացին, որ այս լուրերն անհիմն են:

Դիտվել է 9100 անգամ:
Print Friendly

Leave a Reply